Դու Քրիստոսի միտքն ունես

Դու Քրիստոսի միտքն ունես

Հիսուսի բոլոր հաղթությունները պատկանում են մեզ:

Հիսուսի հարությունը նույնպես մեզ համար է, մեզ է պատկանում: Սուրբ Գիրքն էլ Իր համար չէ, այլ մեզ համար: Հիսուսը մեր ծնունդից շատ տարիներ առաջ ամեն բան արել է մեզ համար՝ մեր փոխարեն:

«Ինչքանով որ զավակները մարմնին ու արյանը հաղորդակից եղան, Նա Ինքն էլ ճիշտ նույն ձևով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի Իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն՝ սատանային… Հենց նրանով, որ Նա Ինքը փորձություն կրելով չարչարվեց, կարող է օգնել փորձվողներին»: Եբր.14-15,18:

Երբ մարդը չի հավատում հավիտենական կյանքին, նա ապրում է վախի մեջ:

Հիսուսը խոսում էր ոչ միայն անհատների, այլև քաղաքների ու պետությունների հետ: Հիսուսը հաղթել է նաև քաղաքների ու պետությունների համար: Նա ուզում է օրհնել երկրները: Նա ուզում է օրհնել մեր երկիրը: Նա անցավ փորձություններով մեզ համար, մեր երկրի համար:

Սատանան Հիսուսին փորձելիս ասաց՝ «Ասա, որ այս քարերը հաց դառնան» (Մթ.4:3): Սատանան սա ասաց այն ժամանակ, երբ Հիսուսը քառասուն օր ծոմ էր պահել, խիստ քաղցած էր և գտնվում էր կյանքի ու մահվան սահմանին: Սատանան հենց այդպիսի պահերին է փորձում մարդկանց համոզել, որ հանուն իրենց մարմնական կարիքների հրաժարվեն աստվածային սկզբունքներից: Բայց Հիսուսը չտրվեց գայթակղությանը: Սա Հիսուսի և մեր առաջին հաղթությունն էր:

Երբ Հիսուսն ասաց, որ Ինքը ապրում է Աստծո Խոսքով, սատանան Նրան փորձեց  հենց Աստծո Խոսքով: Սատանան ասաց՝ «Գրված է…» (Մթ.4:6): Ընդ որում, դա ասաց սուրբ քաղաքում, տաճարի աշտարակի վրա: Սատանան սրանով հարձակում գործեց Հիսուսի շնչի ոլորտի` ինտելեկտի վրա, գիրը և հոգու խոսքը չզանազանելու հույսով, կրոնավորության մթնոլորտի միջավայր ստեղծելով:

Բայց Հիսուսն Իրեն հատուկ ողջամտությամբ պատասխանեց հենց Աստծո Խոսքով՝ «Գրված է նաև, թե՝ «Քո Տեր Աստծուն չպիտի փորձես» (Մթ.4:7):

Սատանան հաճախ է Սուրբ Գրքից վերցնում մի փոքր հատված, կտրում Աստծո ողջախոհությունից, պարուրում է տարբեր սրբություններով ու հրամցնում որպես անհերքելի ճշմարտություն: Բայց Աստծո Խոսքը մի ամբողջություն է: Այն Հոգի է, որ մտնում է մեր մեջ և երբեք չի հակասում Աստծո ողջամտությանը: Հիսուսը ասաց, որ մարդն ապրում է ամեն Խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից: Աստված Հոգի է  և Աստծո բերանից դուրս եկածը նույնպես հոգի է, ոչ թե  գիր, կամ ուղղակի գրվածք:

Այնուհետև սատանան Հիսուսին ցույց տվեց «աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը և Նրան ասաց. «Այս ամենը Քեզ կտամ, եթե ընկնես ու ինձ երկրպագես» (Մթ.4:8):

Սատանան երբեք քեզ չի առաջարկի մի բան, որը քեզ համար գին չունի: Բոլոր թագավորությունները պատկանում էին Հիսուսին, բայց ժամանակավորապես տրվել էին սատանային: Հիսուսի համար դժվար էր տեսնել, թե ինչպես են Իր թագավորությունները տառապում սատանայի իշխանության տակ: Բայց սատանան հաշվի չառավ, որ մի որոշ ժամանակ հետո այդ թագավորությունների Թագավորը կրկին լինելու է օրինական Տերը` Հիսուսը:

Այն ինչ սատանան քեզ առաջարկում է, վաղ թե ուշ քոնն է լինելու: Հիսուսը հաղթեց գայթակղությանը, դու նույնպես պիտի հաղթես:

Ինչ փորձության մեջ էլ լինես երկրպագիր միայն Տիրոջը՝ քո Աստծուն: Դու Քրիստոսի միտքն ունես, ուրեմն ձգտիր ողջամտությանը` առողջ մտածելակերպին:

Տ. Թադևոսյանի 03.03.2019թ. Կիրակնօրյա պատգամից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ