Ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն

Ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն
Հունվարի 25-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոսն էր երիտասարդ շնորհաշատ քարոզիչ Գոռ Կարապետյանը:
Մեր երկնային Հայրն Ինքն է հակված օգնել լուծել մեր խնդիրները: Նա Ինքն է խրախուսում, որ մեր կարիքները բերենք Իր առաջ: Բայց որպեսզի Նա օգնի մեզ, մենք պետք է իմանանք, թե ինչ ենք խնդրում, ում ենք խնդրում և ինչպես ենք խնդրում:
Մատթևոս 7:7-8-ում մեզ տրվում են խոստումներ և փաստեր.
«Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի»:
Աստված խոստանում է՝ խնդրեցեք և կտրվի, ու որպես ապացույց ավելացնում է փաստը՝ որովհետև ամեն խնդրող առնում է: Խոստանում է՝ որոնեցեքև կգտնեք, և բերում է փաստը՝ որոնողը գտնում է:
Մենք պետք է ըմբռնենք, որ Աստված տալիս է ոչ թե այն, ինչն ուզում ենք, այլ այն, ինչի կարիքն ունենք: Պետք է իմանանք, թե ինչ ենք խնդրում:
Պետք է հաշվի առնենք նաև, որ գործ ունենք ոչ թե վերացական Աստծո, այլ մեր երկնային Հոր հետ: Ու պետք է հասկանանք, որ կստանանք մեր ուզածը, եթե այն համընկնում է Աստծո կամքի հետ:
Նաև պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք խնդրում: «Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում»: Հակ. 4:3: Տերը ամեն աղոթքի չի պատասխանում: Դրա օրինակները Սուրբ գրքում շատ են:
Սխալ աղոթքը մեզ չի մոտեցնում Աստծուն, սխալ աղոթքը կարող է հեռացնել Նրանից՝ «Եւ նորանց թողեց գնաց»: Մատթ 16:4։
Կան բաներ, որ կարող ենք ստանալ խնդրելով: Կան բաներ, որոնք ստանալու համար պետք է փնտրենք, փնտրենք Աստծո կամքը: Ստանալու համար պետք է թակենք, բախենք համբերությամբ ու համառությամբ:
Մատթ. 14:22-33-ում Պետրոսը նայում էր Տիրոջը և չէր նայում իրավիճակին: Ու նա քայլեց ջրի վրայով: Իսկ երբ սկսեց նայել իրավիճակին ու չնայեց Տիրոջը, սկսեց ընկղմվել:
Բայց «... շուտով Յիսուսը իր ձեռքը մեկնեց»...
Մենք էլ, եթե համբերությամբ աղոթք անենք ու չվհատվենք (Ղուկ. 18:3-7), նայենք ոչ թե իրավիճակին, այլ Տիրոջը, Տերը շուտով կմեկնի Իր աստվածային ձեռքը ու չի թողնի, որ ընկղմվենք:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ