Հաստատ կանգնել չարության օրումը

Հաստատ կանգնել չարության օրումը

Ինչպես բնությունն ունի եղանակներ՝ տաք ամռանը հաջորդում է անձրևոտ աշունն ու ցուրտ ձմեռը, այնպես էլ կյանքում կարող են լինել բարի ու հաջողակ օրեր, բայց կարող են լինել նաև փորձությունների չար օրեր:

Այդպիսի օրերի համար Աստվածունչն ասում է.

«Զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը։  Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ: Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են»: Եփես. 6:10-12:

Գույություն ունի երկու թագավորություն՝ Աստծո թագավորություն և սատանայի թագավորություն: Դրան հակառակ են միմյանց և երբեք միաբան չեն լինի: Աստված իրեն հավատացողներին տեղափոխել է մի թագավորությունից մյուսը: Երբ դու վերստին ծնվեցիր, դու տեղափոխվեցիր Աստծո թագավորություն: Սատանան մշտապես ծրագրեր է կազմում, որպեսզի հարձակվի Աստծո թագավորության վրա: Ու քանի որ մենք գտնվում ենք Աստծո թագավորությունում, ուրեմն սատանայի այդ ծրագրերը վերաբերվում են նաև մեզ: Մեր նպատակն է խափանել սատանայի ծրագրերը և կրճատել նրա կյանքը: Դրա համար Աստվածաշունչը պատվիրում է՝ «…Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել» (Եփես.6:13): Այս պատվերը ուղղված չէ առանձին մարդկանց: Այն ուղղված է բոլորին: Հետևաբար Աստծո թագավորությունում բոլորը պետք է լինեն սպառազինությունը հագած զինվորներ:

Սատանան փորձում է հարձակվել այնտեղ, որտեղ թույլ օղակ է գտնում: Սատանայի գործողությունները նման են ահաբեկիչների գործողություններին, ովքեր օրըստօրե փոխում են իրենց մեթոդները և հարձակվում են անպաշտպան տեղերում:

Ահաբեկիչների ետևում կանգնած է սատանան: Նա կանգնած է բոլոր գողությունների, սպանությունների, հանցագործությունների ետևում: Դու պիտի պատրաստ լինես պաշտպանվելուն, բայց չպետք է բավարարվես միայն պաշտպանությամբ, այլ պետք է ընդունակ լինես նաև հարձակվելու:

Հռոմեացիները Պողոս առաքյալին նավով Հռոմ էին տանում: Ճանապարհին տեղի ունեցան հետևյալ դեպքերը.

«Եւ երբոր հարաւի քամին մեղմօրէն փչեց, կարծում էին թէ իրանց նպատակին կ’հասնեն. Եւ ճանապարհ ընկած անցնում էին Կրետէի մօտովը։ Եւ շատ ժամանակ չէր անցել՝ որ նորա վերայ մի մրրկալից հողմ ընկաւ, որ Եւրակիկլոն էր կոչվում։ Եւ երբոր նաւը բռնուեցաւ եւ հողմի դէմ չ’կարողացաւ դիմանալ, բայց ընկած գնում եւ գալիս էինք»: Գործ.27:13-15:

Երբ մարդու կյանքում փչում են հարավային տաք քամիներ, մարդ թուլանում ու հանգստանում է: Սատանան օգտվում է դրանից ու փորձում է իրականացնել իր ծրագրերը: Դու պետք է պաշտպանված լինես ապագա մրրկալից հողմերից: Երբ քո կյանքում ֆինանսական հաջողություններ են, զոհաբերություններով, տասանորդով, մարդկանց օգնելով դու քեզ պաշտպանում ես ապագա փոթորիկներից՝ ֆինանսական դժվարություններից: Այն, ինչ դու անում ես մարդկանց համար, Աստված կանի քեզ համար քո նեղության օրերին: Փոթորիկներ կարող են լինել, բայց եթե դու պաշտպանված ես, Աստված կհնազանդեցնի ցանկացած քամի:

Ղուկասի Ավետարանի 16:1-9 համարներում նկարագրված առակում խորամանկ տնտեսը գտավ ծանր իրավիճակից դուրս գալու ելքը: Եվ տերը գովեց նրան, բայց ոչ թե խարդախության համար, այլ «որ իմաստութիւնով գործեց. Որովհետեւ այս աշխարհքի որդիքը լոյսի որդիներիցն իմաստուն են իրանց ցեղի մէջ»:

Եղի՛ր «այս աշխարհի որդիների» պես իմաստուն: Որքան հնարավոր է լավ հարաբերություններ ունեցիր բոլորի հետ՝ դա անպայման կվերադառնա քեզ: Ցանի՛ր Աստծո թագավորության մեջ, և Աստված կօգնի քեզ հաստատ կանգնել չար ու դժվար ժամանակներում:

Հովիվ Տիգրան Թադևոսյանի 14.01.2018թ. կիրակնօրյա քարոզից

Սեփկան լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ