Իրական հաղթության պայմանները

Իրական հաղթության պայմանները

Հաղթությունն իր պայմաններն է թելադրում: Եթե ուզում ես հասնել հաղթության, պիտի հաշվի նստես այդ պահմանների հետ:

«Հիսուսը նրան ասաց. Ես եմ Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ մեկը Հորը չի գա, բացի Ինձանով»: Հովհ.14:6:

Երբ Հիսուսը քայլում էր այս աշխարհով՝ կյանքն էր քայլում: Երբ Հիսուսը ցույց էր տալիս ճանապարհը՝ Ինքը Իրեն էր ցույց տալիս: Երբ Հիսուսը սովորեցնում էր մարդկանց, Նա ճշմարտությունն էր սովորեցնում, որ Ինքն էր: Հիսուսը չասաց՝ Ես գիտեմ ճանապարհը կամ ճշմարտությունը: Նա ասաց՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը:

Մարդիկ չգիտեին, որ Հիսուսը կյանքն է և սպանեցին նրան: Բայց ի՞նչ կարող էր անել մահը կյանքին: Հիսուսը կյանքն էր և հարություն առավ: Կյանքը սպանել հնարավոր չէ:

Երբ Հիսուսը բնակվում է քո մեջ, դու հասկանում ես ճշմարտությունը: Դու գիտես ճանապարհը, քանի որ այն բնակվում է քո մեջ: Դու հասկանում ես կյանքը, որովհետև այն քո մեջ է:

«Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչը վերցնի և իմ ետևից գա»: Մտթ. 16:24:

Գնալ Հիսուսի ետևից, նշանակում է գնալ դեպի հաղթություն: Կա գերբնական հաղթություն, որին հնարավոր չէ հասնել մարդկային մեթոդներով: Դա հարությունն է, որին հասնելու համար պետք է հետևել Հիսուսին: Ոչ ոք չի կարող քեզնից վերցնել այն հաղթությունը, որը քեզ է տվել Հիսուսը: Եթե ուզում ես հասնել այդ հաղթությանը, պիտի քո անձը ուրանաս:

Աշխարհում հակառակն է արվում՝ մարդիկ ուիշներին հրելով, ոտնահարելով և ուրանալով հասնում են հեղինակության, հարստության, իշխանության: Բայց Հիսուսն ասում է.

«Ով կամենում է իր անձը փրկել՝ պիտի կորցնի այն: Եվ ով իր անձը կորցնի Ինձ համար, կգտնի այն»: Մտթ.16:25:

Հիսուսը աշակերտներին ասաց, թե ինչ պետք է անի ինքը՝ չարչարվի, սպանվի և երրորդ օրը հարություն առնի: (Մտթ.16:21-23): Պետրոսը չլսեց Նրան մինչև վերջ: Ըստ նրա մտածելակերպի, ամոթ էր, որ Հիսոսին՝ տիեզերքի Արարիչ Աստծո Որդուն, ծեծեին, չարչարեին, սպանեին: Պետրոսը հորդորեց Հիսուսին չգնալ դրան: Բայց Պետրոսի մտքերը սատանայից էին: Հիսուսը արհամարեց ամոթը: Նա հեռու վանեց Պետրոսին, գերադասեց ուրանալ Իր անձը: Եվ դրանով հաղթեց աշխարհին, մեղքին ու  սատանային:

Եթե դու անում ես այն, ինչը Աստծո Խոսքով է, ինչը նպաստում է Աստծո ծրագրերի կատարմանը, ապա մի՛ լսիր նրանց, ովքեր փորձում են քեզ ետ պահել քո մտադրությունից: Որքան էլ թվա, թե մարդկանց հորդորներն ի օգուտ քեզ են, ականջ մի՛ դիր, խոնարհվի՛ր Տիրոջ հզոր ձեռքի տակ: Արա այն, ինչն Աստված է ասում, ոչ թե մարդիկ: Ուրացիր քո անձը և Տերը իր ժամանակին կբարձրացնի քեզ:

Ու քոնը կլինի հաղթությունը: 

Հովիվ Տիգրան Թադևոսյանի 28.04.2019թ. կիրակնօրյա քարոզից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ