Միաբանություն ազատության մեջ

Միաբանություն ազատության մեջ

Միաբանության գալը բավականին դժվար է, բայց միաբանության վարձքը մեծ է:

Միաբանությունն Աստծո հրաշքներից մեկն է՝ տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպով, տարբեր դաստիարակությամբ կարողանում են միաբանվել Աստծո Խոսքի շուրջը:

Լինել միաբան՝ չի նշանակում լինել միանման: Մարդիկ տարբեր են, չեն կարող նույնը լինել, բայց կարող են միաբանվել: Եթե կա միաբանություն, կլինի նաև միակարծություն: Միաբանության համար պետք է խուսափել այն թեմաներից, որոնք տարաձայնություն են ստեղծում: Միաբանության արդյունքում ամեն տարաձայնություն ու տարակարծություն ինքն իրեն կվերանա: Միաբանությունը զորություն ունի:

Մինչև մարդկանց հետ միաբան լինելը հարկավոր է միաբան լինել Աստծո հետ: Եթե Աստծո Խոսքը վերցրել ես որպես չափանիշ և աշխատում ես քո բոլոր մտքերն ու գործերը համապատասխանեցնել Խոսքին, ապա միաբան կլինես նաև մարդկանց հետ: Միաբան կարող են լինել միայն իմաստուն մարդիկ:

Միաբան լինելու համար պետք է գիտակցես, որ դու էլ անթերի չես: Այդ դեպքում դիմացինիդ կընդունես այնպիսիսն, ինչպիսին կա: Միաբանության արդյունքում պարզ կդառնա, թե ով է ճիշտ և ով՝ սխալ:

Միաբանության համար անհրաժեշտ է ներել: Առանց ներելու միաբան լինել հնարավոր չէ: Մի նյարդայնացիր, եթե դիմացինդ քեզ պես չի մտածում: Դա կբերի ավելորդ վիճաբանության և բաժանության: Միաբանությունն Աստծուց է, բաժանությունը՝ սատանայից:

Հիսուսը ցույց է տվել, թե ինչպես կարելի է հարթել տարակարծությունն ու հակառակությունը.

«Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. Եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։ Բայց եթէ չ’լսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կ’հաստատուի։ Բայց եթէ նորանց էլ չ’լսէ, ասիր եկեղեցուն»: Մտթ.18:15-17:

Հաճախ հակառակություններն առաջանում են նրանից, որ մարդ չի ուզում գնալ դիմացինի մոտ: Անսխալ մարդ չկա, դու էլ անսխալ չես, բայց Հիսուսը մեզ այսպիսին է սիրում: Դու էլ սիրիր մարդկանց այնպիսին, ինչպիսին կան:

Եթե կարողանաս հետևել Հիսուսի հորդորներին ու միաբանություն հաստատել, ապա դա մեծ ձեռքբերում կլինի, որովհետև՝

«…եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կ’լինի նորանց Իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։ Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ Ես այնտեղ նորանց մէջ եմ»: Մտթ.18:19:

Հեշտ է շփվելը նրանց հետ, ովքեր քեզ սիրում են ու հասկանում: Իսկ եթե քեզ չեն սիրում ու չեն հասկանում, նախ գնա Աստծո մոտ: Մտի՛ր Աստծո ներկայության մեջ, ասա՛ Նրան քո սխալների մասին: Դրանից հետո հեշտությամբ կգնաս նրա մոտ, ում հետ միաբան չես: Միաբանվելու համար մոռացիր քո եսը և փորձիր հասկանալ դիմացինիդ: Սովորիր ոչ միայն խոսել, այլև լսել: Սովորիր ընդունել քո սխալները:

Թվոց գրքի 12-րդ գլխում նկարագրվում է, թե ինչպես Ահարոնն ու Մարիամը Մովսեսի դեմ խոսեցին: Բայց երբ Աստված նրանց հայտնեց իր բարկությունը, բացատրեց ճշմարտությունը և Մարիամը բորոտ եղավ, նրանք գնացին Մովսեսի մոտ և ասացին՝ «յիմարութիւն արինք, եւ մեղք գործեցինք» (Թվ.12:1-15):

Երբ մարդ գնում է դիմացինի մոտ և ասում՝ հիմարություն արեցի, դրանից վերականգնվում է միաբանությունը:

Ուզո՞ւմ ես վերջ տալ տարաձայնություններին, ուզո՞ւմ ես միաբան լինել, խոսի՛ր մարդկանց հետ, լսի՛ր նրանց, ընդունիր նարնց այնպիսին, ինչպիսին կան:

Իմաստունները խոսում են և լսում, հիմարները՝ կռվում:

Տիգրան Թադևոսյանի 28.01.2017թ. կիրակնօրյա պատգամից

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ