Նոր բաները գալիս են զոհի միջոցով

Նոր բաները գալիս են զոհի միջոցով

Աստված զոհեց Իր միակ Որդուն, որպեսզի մենք չկորչենք, հավիտենական կյանք ունենանք, ապրե՜նք, ապրե՜նք, ապրե՜նք…

Աստծո Խոսքն անհամեմատ ավելի կարևոր է, քան այն, ինչ մտածում ենք մենք: Պիտի ջանաս, որ քո բոլոր մտածումների վերջակետը լինի Հիսուսը: Երբ կարդում ես Աստվածաշունչը, այն կենդանանում է քեզ համար. խոսում է քեզ հետ ու միշտ նորանոր հայտնություններ է բացում քեզ համար: Եվ դրանք երբեք չեն սպառվի, չի լինի մի օր, որ ասես՝ վերջ, ես արդեն ամեն բան գիտեմ: Աստծո գիտելիքներն անսահման են, անվերջանալի:

Ի՞նչ կարող է անել զոհը քո կյանքում:

Երբ Նոյյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա, Աստված Նոյին ասաց, որ դուրս գա տապանից և դուրս գան բոլոր կենդանիները, որոնք տապանում էին, «որ երկրի վերայ բազմանան, եւ երկրի վերայ աճին եւ շատանան»: Ծն.8:17:

Աստված Նոյի մասին ոչինչ չասաց: Աստված չօրհնեց Նոյին: Աստված ասաց միայն այն, ինչը բնական էր: Սակայն Նոյը մի բան արեց, որը փոխեց Աստծո վերաբերմունքը իր նկատմամբ.

«Եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց»: Ծն.8:20:

Նոյը հասկանում էր, որ ունի Աստծո օրհնության կարիքը: Նոյը շատ գործեր ուներ, բայց բոլոր գործերը մի կողմ թողեց և զոհ մատուցեց Աստծուն: Ի՞նչ հաջորդեց դրան.

«Եւ Աստուած օրհնեց Նոյին եւ նորա որդկանցը, եւ ասեց նորանց. Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը»: Ծն.9:1:

Դու ունես գիտություն, աշխատանք, առողջություն, ֆինանսներ: Բայց դրանք բոլորը Աստծո օրհնության կարիքն ունեն: Զոհը օրհնություն է բերում: Երբ Աստված չի խոսում քեզ հետ, չի օրհնում, դու կարող ես ստանալ այդ օրհնությունը զոհով: Զոհը փոխում է Աստծո մտադրությունները:

Անգամ մեր փրկությունը եղավ զոհի միջոցով: Այո, փրկությունը հավատքով է, բայց առանց Քրիստոսի զոհի չէր լինի փրկությունը: Եթե հավատի ետևում զոհ չկա, ապա փրկություն էլ չկա:

Երբ դու զոհ ես մատուցում, դու Աստծուն հիշեցնում ես Իր Զոհի մասին: Քո արած զոհով դու գնահատում, արժեվորում ես Աստծո արած Զոհը:

Այսօր մենք չենք կարող զոհել մեր որդուն, ինչպես պատրաստվում էր անել Աբրահամը, ինչպես արեց Աստված: Բայց զոհաբերելով մեր ֆինանսները, մենք ընդօրինակում ենք Աստծուն: Զոհը պետք է գին ունենա: Աստված Իր ավելցուկից  չտվեց, Աստված տվեց Իր Միակին: Ու այդ Զոհը փոխեց մարդկության պատմությունը:

Զոհը արարում է, զոհը ստեղծում է նորը: Ուզո՞ւմ ես «հները անցնեն ու ամեն բան նոր լինի» (2Կոր.5:17), ուրեմն զոհաբերի՛ր:

Տ.Թադևոսյանի 11.11.2018թ. կիրակնօրյա քարոզից

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ