Օրհնությունն ընտրության արդյունք է

Օրհնությունն ընտրության արդյունք է

Օրհնություն բառը սիրում են բոլորը: Սիրում են օրհնել, օրհնվել:

Աստվածաշնչում օրհնություն բառն առաջին անգամ հանդիպում է Ծննդոց գրքում: Երբ Աստված ստեղծեց կենդանիներին ու մարդուն, Նա օրհնեց նրանց:

«Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան» : Ծն. 1:28:

Աստված ոչ միայն ստեղծեց մարդուն, այլև նրան տվեց Իր հաճությունը: Օրհնությունը դա է: Եթե մենք օգտագործում ենք մեր հնարավորությունները և դա զուգակցվում է Տիրոջ բարեհաճության հետ, ուրեմն օրհնված ենք:

Որոշ քրիստոնյաներ կարծում են, թե օրհնությունն այն է, երբ մեկը մի բան է տալիս իրենց, որը չէին վաստակել: Բայց օրհնությունը միայն նյութական բարիքը չէ: Օրհնությոնը նաև միանգամյա երևույթ չէ: Լինել օրհնված՝ նշանակում է ապրել մի կյանք, որը լի է Աստծո բարեհաճությամբ:

«Օրհնութիւններ կան արդարի գլխին»,- ասված է Առակաց 10:6-ում: Ո՞վ է արդարը: Արդարը նա չէ, ով չի ծխում, չի խմում, վատ արարքներ չի կատարում: Արդարը նա է, ով եթե անգամ վատ բան է արել, սրտանց ապաշխարել է և ուխտ ունի Աստծո հետ՝ այսուհետ ապրել Նրա կամքով: Արդարը նա է, ով ընտրել է Աստծո կամքը:

Մյուս կողմից գրված է. «Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան»: (Սաղմ.34.19):

Ինչո՞ւ են շատ արդարի նեղությունները: Որովհետև նա միշտ պայքարում է արդար լինելու համար: Բայց Աստված տեսնում է այդ ջանքերը և արդարին ազատում նեղություններից: Օրհնությունը դա է:

Հակոբը ընտրեց առաջնեկությունը: Դրա հետևանքով նա մեծ նեղություններ կրեց, բայց նրա կյանքն օրհնվեց: Նա ոչ միայն նյութապես հարստացավ, այլև դարձավ մի ամբողջ ժողովրդի նահապետ:

Հռութը ուխտի մեջ մտավ Աստծո հետ (Հռ.1:16):  Թեև Հռութը հայտնվեց նեղության մեջ, բայց նա նախաձեռնություն դրսևորեց՝ որոշեց հավաքել Բոոսի արտի հասկերը: Ու քանի որ նա ընտրել է Աստծուն, ապա արժանացավ օրհնության, դարձավ Բոոսի կինը և նրանից սերվեցին Դավիթը և Հիսուսը:

Հռութը ընտրեց Աստծուն, դարձավ Աստծո ծրագրի մասը և նրա կյանքն օրհնվեց:

Օրհնությունն ընտրության արդյունք է:  Օրհնությունը ճիշտ շարժառիթ ունենալն է:

«Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով»: Եփ.1:3:

Աստված մեզ արդեն օրհնել է: Ոչ թե օրհնելու է, ոչ թե ընմթացքի մեջ է, այլ օրհնել է: Տերը մեզ կանչել է օրհնելու համար: Մենք ընտրել ենք Տիրոջը և ստացել Նրա օրհնությունը:

Գոռ Կարապետյանի 01.07.2018թ. կիրակնօրյա քարոզից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ