Ճշմարտությունը փիլիսոփայության վերջն է

Ճշմարտությունը փիլիսոփայության վերջն է
Օգոստոսի 16-ին՝ «Նոր սերունդ» եկեղեցու կիրակնօրյա քարոզից առաջ հովիվ Տիգրան Թադևոսյանը հայտնեց ուրախալի լուր՝ նախօրեին եկեղեցու երիտասարդները մասնակցել էին միջազգային «Ավետարանը փոխում է» ավետարանչական շարժմանը: Երիտասարդական ծառայության ղեկավար Գոռ Կարապետյանը համառոտ ներկայացրեց շարժմանը միանալու նախապատմությունն ու բացօթյա ավետարանչության ձեռբերումները:
Կիրակնօրյա պատգամը հովիվը նվիրել էր սատանայի ստեղծած դատարկ փիլիսոփայություններին և դրանց դեմ Աստծո ճշմարտությամբ պայքարելու հնարավորությանը:
Այսօր աշխարհում շատ պատերազմներ կան, բայց ամենից վտանգավոր պատերազմը մեր ներքին պատերազմն է, որից հաղթանակած դուրս գալը կյանքի խնդիր է:
Աստծո Խոսքն ասում է.
«Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերում»: Սաղմ.103:22:
Այսինքն Աստված տիրություն ունի: Աստծո տիրությունը շենք չէ: Աստծո տաճարը մենք ենք՝ մեր սիրտը, մեր միտքը: Այնտեղ պետք է տիրեր Աստված: Բայց մեղքի պատճառով այնտեղ կարող են լինել ոլորտներ, որտեղ տիրում է սատանան: Մեր նպատակն է հայտնաբերել այդ տիրույթները և ազատել դրանք Աստծո համար:
Աստված տիրում է այնտեղ, որտեղ Իր Խոսքն է, Իր ճշմարտությունը:
Սատանան, ընդհակառակը, տիրում է այնտեղ, որտեղ կարողանում է խաբել:
Աստծո Խոսքը մեզ նախազգուշացնում է, թե ինչ միջոցներով է սատանան խաբում.
«Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս»։ Կող.2:8:
Սատանան խաբում է և իր սուտը հաստատում է տարբեր միջոցներով:
Դրանցից մեկը «փիլիսոփայությունն» է: Օրինակ, շատերն ասում են՝ աշխարում մեռնել կա, ուրեմն կեր, խմիր ու արա ինչ կուզես: Սակայն մենք գիտենք, որ ամեն գիտություն պետք է հաստատի Աստծո ճշմարտությունը: Հակառակ դեպքում դա դատարկ փիլիսոփայություն է:
Սատանայի երկրորդ միջոցն ավանդույթն է: Մարդիկ ասում են՝ «Դա ավանդույթ է, այդպես անում էին մեր պապերը»: Բայց պապերն էլ մեզ պես մարդիկ էին և կարող էին սխալվել, մոլորվել:
Սատանան իր ստերով՝ դատարկ փիլիսոփայությամբ և ավանդութներով բերդեր է կառուցում մեր սրտերում ու մտքերում: Այս բերդերը կարող են քանդվել միայն Աստծո սպառազինությամբ, Աստծո Ճշմարտությամբ.
«Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն, այլ Աստուծով զօրաւոր, բերդեր քանդելու»: Բ Կոր.10:4:
Անհրաժեշտ է հայտնաբերել սատանայի կառուցած բերդերը, քանդել դրանք Աստծո ճշմարտությամբ և մեր հնազանդությունը կատարյալ կլինի, կստանանք լիարժեք ազատագրություն ու օրհնություն:
Քարոզի ավարտին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր իրենց մտքերում զգում էին ներքին պատերազմի առկայությունը, մոտեցան բեմին և հովիվն իր հովվական իշխանությամբ օրհնեց ու աղոթեց նրանց ազատագրման համար:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ