Եթե կորցրել ես հույսդ․ Տիգրան Թադևոսյան

Եթե կորցրել ես հույսդ․ Տիգրան Թադևոսյան
Հրեաները Զատիկը տոնում էին ի նշան եգիպտական գերությունից ազատագրման, Եգիպտոսից դուրս գալու:
Այդ ելքը վերջը չէր, ելքին հաջորդելու էր մուտքը դեպի Քանանի երկիր: Շատերը ելան Եգիպտոսից, բայց քչերը մտան Ավետյաց երկիր: Մարդիկ կորցրել էին սերը, հավատը, հույսը: Ու նրանց համար ելքին չհաջորդեց մուտքը:
Եզեկիել 37:1-14-ում նկարագրվում է մի դաշտ, որը պատված էր «խիստ շատ» ոսկորներով, որոնք «շատ էին չորացած»: Ու Տերն ասում է Եզեկիելին. «Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը»... Եվ ոսկորները պատվեցին ջղերով, մսով, մաշկով, շունչ առան և կենդանացան: Ոսկորները «բոլոր Իսրայելի տունն էր»: Տերն ասաց նրանց. «...կբանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կհանեմ ձեր գերեզմաններիցը»:  
Մինչ այդ ժողովուրդը կորցրել էր իր սերը, հավատը, հույսը (1 Կոր.13:13):
Սերը սրանցից մեծագույնն է: Այն մի զորություն է, որ մարդու փոխարեն հաղթահարում է դժվարությունները: Եթե սերը մեռել է, Աստված տալիս է հավատը, որը նույնպես մարտնչում է դժվարությունների դեմ: Եթե չկա հավատը, Աստված ուղարկում է հույսը: Թվում է, թե հույսն ամենափոքրն է, բայց նա այն առկայծող կրակն է, որը դեռ պիտի բռնկվի:
Երբ կորում է անգամ հույսը, Աստված միևնույնն է, սիրում է քեզ ու կանի Իր գործը: Մարիամ Մագթաղենացին կորցրել էր վերջին հույսը ու գնում էր գերեզման ողբալու: Բայց Տերը գլորել էր գերեզմանի մուտքը փակող քարը: Դրանով նա ցույց էր տվել «դժոխքի դռներին», թե ինչ զորություն ունի Ինքը:
Հրեշտակը քարը մի կողմ էր գլորել ու նստել էր վրան: Կգա մի օր, որ դու էլ մի կողմ կգլորես քո դժվարությունները ու կնստես դրանց վրա:
Ուրեմն, համարիր, որ չորացած ոսկորները քո կորցրած սերն է, հավատը, հույսը, երջանկությունը, ընտանեկան խաղաղությունը, երազանքներն ու նպատակները: Մարգարեացիր նրանց վրա, ու ասա. «Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը»...
Հովիվ Տիգրան Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ