Տպավորի՛ր Տիրոջը

Տպավորի՛ր Տիրոջը

Մենք մեր աղոթքներում հաճախ խնդրում ենք, որ Աստված հպվի մեզ: Բայց ճշմարիտ հավատքը նա է, երբ ոչ թե Աստված է հպվում մեզ, այլ մենք ենք հպվում Նրան:

«Եւ ահա մի Քանանացի կին աղաղակում էր նորան եւ ասում. Ողորմիր ինձ, Տէ՛ր, Դաւիթի Որդի, իմ աղջիկը չարաչար դիւահարվում է»: Մաթ.15:22:

Հիսուսը պատասխան չէր տալիս: Կինը շարունակում էր աղաղակել: Անգամ աշակերտների խնդրանքը մերժեց Հիսուսը: Երբ կինը եկավ ու երկրպագեց Հիսուսին, Հիսուսն ասաց՝ «Լաւ չէ երեխաների հացն առնել եւ շներին գցել»:

Կնոջ պատասխանը տպավորություն գործեց Տիրոջ վրա՝ «Այո, Տէր, սակայն շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում»: Ու հետևեց Տիրոջ պատասխանը. «Ով կին, մեծ է քո հաւատքը. Քեզ լինի ինչպէս ուզում ես»: Մաթ.15:28:

Չպետք է սպասես, որ Աստված քեզ վրա տպավորություն գործի: Այլ դու քո անկեղծ հավատքով պետք է տպավորություն գործես Աստծո վրա: Շատերն էին դիմում Հիսուսին, բայց այս կինը յուրահատուկ էր: Նա դուր եկավ Հիսուսին իր խոսքով ու իր հավատով:

Մենք պետք է այնպես երկրպագենք, այնպես փառաբանենք, այնպես գովաբանենք Աստծուն, որ նա տպավորվի մեզնով: Աստված տպավորվում է ոչ թե գեղեցիկ խոսքերով ու ձայնիդ ելևէջներով, այլ քո սրտի հավատքով:

Աստված պատվիրեց, որ իրեն զոհաբերեն ամենից առողջ ու պարարտ կենդանիները, որովհետև հիվանդ ու կաղ կենադանիները վատ տպավորություն են թողնում: Մեր հավատքը պետք է լինի այնպիսին, որ Աստված ուշադրություն դարձնի մեզ վրա: Մինչև Աստված չօրհնի մեզ, մինչև չկատարի մեր խնդրանքը, մենք Հոկոբի պես պիտի բաց չթողնենք Իրեն: Հավատքն այն չէ, երբ Աստված տալիս է մեզ, հավատքն այն է, երբ մենք ենք վերցնում այն, ինչը մեզ է պատկանում:

Հիսուսի վրա տպավորություն գործեց նաև անդամալույծի ընկերների հավատքը, ովքեր քանդեցին տան ծածկը և իրենց անդամալույծ ընկերոջը իջեցրին Հիսուսի մոտ (Մարկ.2:2-5):

Աստված քո խնդրանքը կկատարի եթե ինքդ ջանաս հպվել Իրեն:  

«Եւ Նորան աղաչում էին՝ որ միայն Նորա հանդերձի ծայրին դիպչեն. Եւ նորանք որ դիպան, փրկուեցան»: Մաթ.14:36:

Հիվանդները Հիսուսին չէին խնդրում, որպեսզի հպվի իրենց, այլ խնդրում էին որ իրենք հպվան Հիսուսին:

Պողոս առաքյալը Լյուստրայում Ավետարանը քարոզում էր բոլորի համար (Գործ.14:6-10): Բայց կար մեկը, ով տարբերվում էր մյուսներից: Նա հավատում էր, որ Հիսուսը խաչի վրա վերցրել է բոլոր հիվանդություններն ու ցավերը: Պողոսը տեսավ նրա հավատը, այն  տպավորություն գործեց Պողոսի վրա, և դրա շնորհիվ կաղը բժշկվեց:

Մի անհանգստացիր, թե ինչ կմտածեն քո մասին ուրիշները: Քեզ համար կարևորն այն է, թե ինչ կմտածի քո մասին Հիսուսը, ինչ տպավորություն կգործես Նրա վրա: Ամուր բռնի՛ր քո հավատը, աղաղակիր Տիրոջը, հպվիր նրան, ու կստանաս քո օրհնությունը, քո բժշկությունը:

Տիգրան Թադևոսյանի 24.03.2018թ, կիրակնօրյա պատգամից


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ