Սեր առաջին ... ցատկից: Անվանի միձեռնանի սերֆինգիստուհին ամուսնացել է
Պրոֆեսիոնալ սերֆինգիստուհի Բեթանի Համիլտոնը հայտարարել է, որ ամուսնացել է երիտասարդական քրիստոնեական ծառայողի հետ:
«Ադամի հետ մենք նոր արկած ենք սկսում», - ասել է Համիլտոնը: «Ես սիրում եմ սերֆինգը, բայց ամուսնությունը դրա հետ չես համեմատի: Դա իմ կյանքի լավագույն երեկոն էր»:
23-ամյա սերֆինգիստուհին հայտնի դարձավ, երբ 13 տարեկան հասակում շնաձուկը պոկեց նրա թևը: Ինքը համոզված է, որ Աստված իրեն առողջանալու և գործը շարունակելու հնարավորություն տվեց:
Համիլտոնը իր ապագա ամուսնուն՝ Ադամ Դիրկսին հանդիպել է լողափում 2012 թվականին: Նրանց ծանոթացրել են ընկերները:
«Առաջին բանը, որ մենք արեցինք՝ ժայռի վրայից ջուրը ցատկեցինք: Հիմա կարելի է ասել, որ սա սեր էր առաջին ...ցատկից: Մենք սկսեցինք հաճախ շփվել: Ուղղակի որպես ընկերներ: Զբոսնում էինք, թենիս էինք խաղում, լողափում հանդիպում էինք ընկերների հետ և ավելի լավ էինք ճանաչում իրար: Որքան շատ ժամանակ էինք անցկացնում իրար հետ, այնքան Ադամն ինձ ավելի էր դուր գալիս: Նա ուրախ էր, անհոգ, բարի և անկեղծ: Սիրում էր արկածներ, բոլորի հետ բարեհամբույր էր. Քրիստոսի կրակոտ նվիրյալ էր և ուղղակի հիանալի երիտասարդ», - մանրամասնում է Համիլտոնը:
«Մի օր մենք զբոսնում էինք մեր սիրելի լողափում, - շարունակում է նա, - հետո գնացինք զբոսնելու լողափի մոտ գտնվող գեղեցիկ այգում: Այստեղ գտանք երկու կոկոս, որոնց հյութը ես շատ եմ սիրում: Հետո նա սկսեց սեր խոստովանել, ծունկի իջավ և առաջարկություն արեց: Ես ասացի «այո», լալիս ու ծիծաղում էի միաժամանակ. Դա գեղեցիկ էր ու կատարյալ»:
Ամուսինը 25 տարեկան է: Աշխատում է «Երիտասարդ կյանքը Հավայան կղզիներում» բարեգործական կազմակերպությունում: Իրենց հարաբերություններն անվանել է «ցնցող և օրհնված արկածներ»:
«Ամենակարևորն այն է, որ Աստծո հետ իմ հարաբերությունները դարձել են իմ կյանքի ամենացնցող մասը: Եթե Աստված չլիներ, ես ու Բեթանին երբեք չէինք հանդիպի», - ավելացնում է Ադամը:
Համիլտոնի կյանքի պատմությունն ընկած է «Հոգու սերֆինգ» գեղարվեստական կինոնկարի հիմքում, որ նկարահանվել է 2011թ.: Բեթանին 2004թ. հրապարակել է իր ինքնակենսագրությունը «Հոգու սերֆինգ. ճշմարիտ պատմություն հավատի, ընտանիքի և պայքարի մասին» վերնագրով:
«Հոգևոր սերֆինգիստուհին» հաճախ է խոսում կյանքում հավատի կարևորության մասին, իսկ 2012 թվականին աջակցել է դեպի եկեղեցի վերադառնալու ազգային քարոզչությանը, երբ եկեղեցիներն ու հավատացյալները բարեկամներին եկեղեցի էին հրավիրում: «Ինձ համար միշտ մեծ օրհնություն է եղել լինել մեծ եկեղեցու մի մասնիկը, այնտեղ ես հանդիպել եմ շատ բարեկամների, որոնք օգնել են ինձ հետևել Հիսուսին և ապրել Նրա համար»:
«Եկեղեցին ինձ համար մի վայր է, որտեղ ես կարող եմ ընկերություն անել Քրիստոսի մեջ ապրելը քաջալերող մարդկանց հետ»:
Աղբյուր՝cnlnews.tv