Ապաշխարություն սրտով

Ապաշխարություն սրտով
Սիրտն անչափ կարևոր է, հաճախ մենք խոսում ենք մարմնից, մտքից, զգացմունքներից, բայց ոչ սրտից: Սակայն ամեն բան սրտից է ծնվում, դա է կյանքի աղբյուրը, դրա համար ամենակարևոր բանն այն է, որ քո սիրտն ամբողջությամբ հանձնված լինի Հիսուսին: 
Հաճախ երբ մարդու սիրտը կոտրված է լինում, նա լցվում է բազմաթիվ  զգացմունքներով ու էմոցիաներով ու չգիտի, թե ինչպես կառավարի դրանք: Կարծիք կա, որ դրանք մտքից են ծնվում, սակայն իրականում դրանք դուրս են գալիս սրտից: Մարդիկ դժվարանում են ամբողջությամբ իրենց սիրտը նվիրել Հիսուսին, որովհետև մարդու կյանքում շատ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց պատճառով սիրտը կարծրանում է և քարեղեն դառնում, ու այդ դեպքում միտքը սրտի հետ չի կարողանում աշխատել:  
Հաճախ մարդիկ Հիսուսին Տեր ու Փրկիչ են ընդունում, սակայն միայն մտքով, որովհետև բարկություն կա իրենց սրտերում, և ապաշխարությունը չի հասնում սրտին, այդ պատճառով է, որ ապաշխարությունից հետո նրանք դարձյալ վերադառնում են իրենց հին կյանքին: Ինչպես նաև նման մարդկանց համար շատ դժվար է հասկանալ Աստծո Խոսքը: Տերն ուզում է, որպեսզի ապաշխարությունն ու Քրիստոսին ընդունելը ծագի սրտից: 
Հիսուսը ուզում է փոխել սիրտդ՝ հպվելով դրան: Դավիթը մեղավոր մարդ էր, նա կատարյալ չէր, բայց նա սիրում էր երկրպագել Տիրոջն ու ամեն անգամ, երբ նա երկրպագում էր Աստծուն, Աստված հպվում էր իր սրտին: Եթե դու ունես երկրպագուի սիրտ, պատրաստ ես ողջ սրտովդ երկրպագել Նրան, Աստված տեսնում է քո սիրտը, հպվում է, մաքրում ու նորոգում այն: 
Աստված չի ակնկալում, որ դու ինչ-որ յուրահատուկ բան անես Իր համար, Նա ուղղակի ուզում է, որ քո սիրտը տաս Իրեն: 
Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ (1Կորնթ. 13:4-8)
Սերը չի հպարտանում և իրենը չի փնտրում: Եթե դուք ունենաք Հիսուսի սերը ձեր սրտում, դուք կսկսեք կարեկցել և հոգալ  այլ մարդկանց համար, որովհետև այդ սերը ստանալով այլ կերպ հնարավոր չի լինի վարվել: 
Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում, եւ չար մարդն իր սրտի չար գանձիցը չար է բղխում, որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը։ (Ղուկ 6:45)
Եթե դու ունես լավ սիրտ, բայց ինչ-որ մեկի մասին չարախոսում ես, դա կարող է կործանել քո սիրտը: Եթե քո սիրտը կոտրված կամ վնասված է, ուղղակի պատմիր Հիսուսին ու խնդրիր, որ նա նորոգի ու բուժի սիրտդ, որպեսզի այն մեկանա մտքիդ հետ, և Հիսուսը կանի դա, քանի որ Հիսուսին ընդունելու պահից սիրտդ կապված է Հիսուսի սրտի հետ՝ ավելի սերտորեն, քան որևիցե այլ բանի հետ: Քո սիրտը ամեն ինչից ավելի թանկ է Հիսուսի համար:
Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։ (Առակաց 4:23)
Երբ մարդը սրտից չի զգուշանում, սրտում դառնության արմատ է գոյանում, որը հետագայում կործանիչ է դառնում իր համար:  
Հաճախ մտքով շատ կառավարելուց, վերահսկելուց և մտային վերլուծություններից մարդիկ չեն կարողանում լիարժեք բացել իրենց սիրտը Աստծո առաջ, անգամ  նրանք սրտի կարծրությունից լացել չեն կարողանում, անգամ եթե շատ են ուզում լացել: Ուղղակի անհրաժեշտ է անջատել միտքը, լսել սրտին: Թույլ տուր, որպեսզի սիրտդ խոսի Հիսուսի հետ ու խնդրիր, որ Հիսուսը հպվի ու փոխի սիրտդ:  


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ