Աստծո «ոչը» դեռ «ոչ մի դեպքում» չէ
Աստծուն հնարավոր չէ ճանաչել գրի միջոցով: Աստված օրենքներ է սահմանել ամբողջ տիեզերքի համար, բայց Ինքն ավելի բարձր է, քան Իր սահմանած օրենքները: Սուրբ Հոգին է, որ այս աշխարհ է եկել մեզ Աստծո հետ ծանոթացնելու, Հիսուս Քրիստոսի էությունը մեզ համար բացելու առաքելությամբ:
Մանկուց մեզ հավատացրել են, որ մեր արարքների համար Աստված մեզ կպատժի: Սատանան իր պատկերն է վերագրել Աստծուն: Կրոնն էլ իր հերթին իր պատկերն է ստեղծել Աստծո մասին: Այդ ամենը մեզ հեռացրել են Աստծուց, Նրա ճանաչողությունից:
Աստծուն հնարավոր չէ ճանաչել նկարագրություններով, պատկերներով, գրով: Աստվածաշունչը նրա համար է, որպեսզի իմանանք, որ Հիսուսը Աստծո Որդին է, որպեսզի կյանք ունենանք Նրանով: Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս կյանքի տեղը: Բայց քրիստոնյա լինել՝ չի նշանակում Գիրքը լավ իմանալ, այլ նշանակում է հաղորդակցվել Աստծո հետ:
«Թող ձեր վրա շնորհ և խաղաղություն ավելանա՝ Աստծո և մեր Փրկչի՝ Հիսուսի գիտությամբ։ Ինչպես Իր աստվածային զորության համաձայն մեզ պարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքին և աստվածապաշտությանը՝ Նրան գիտենալու միջոցով…»: 2Պետ.1:2-3:
Աստծուն ճանաչելու համար Պետրոս առաքյալը անհրաժեշտ է համարում ոչ թե օրենքն ու գիրը, այլ շնորհը, խաղաղությունը և Աստծո զորությունը: Հիսուսը հենց դրա համար եկավ, որ ցույց տա մեզ ոչ թե օրենքը, այլ շնորհքը:
Ի՞նչ է շնորհքը:
Աստված օրենք չի, Աստված Սեր է: Սերը բարձր է օրենքից: Հիսուսի սիրտը քար չէ, Նրան հնարավոր է համոզել: Աստված կարող է զղջալ, փոխել միտքը:
«Եվ Եհովան ասաց. Երկրի երեսից ջնջելու եմ մարդուն, որին ստեղծեցի՝ մարդուց մինչև անասունը, սողունը և մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ»: Ծն.6:7:
Եվ շարունակությունը.
«Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտավ»: Ծն.6:8:
Ուրեմն շնորհքը մի բան է, որ աստված անում է ելնելով Իր աստվածային էությունից:
Աստծո շնորհքը միշտ եղել է: Նույնիսկ երբ Աստված Ադամին ու Եվային վտարեց դրախտից, Նա շնորհք ցույց տվեց և նրանց կաշվե զգեստներ տվեց:
Ամեն բան իր գինն ունի, բայց երբ Աստված շնորհք է անում, Ինքն է վճարում այդ գինը: Մեր մեղքերի դիմաց Աստված վճարեց Իր Որդու մահով:
Ոչ ոք չի կարող ամբողջությամբ բավարարել Աստծո օրենքների պահանջները: Միշտ ինչ-որ բան պակաս կմնա: Եվ Աստծո շնորհքն է, որ լրացնում է այդ պակասը:
Աստծուն հնարավոր է համոզել: Հակոբն ամուր բռնել էր Աստծո Հրեշտակին բաց չէր թողնում, որպեսզի ստանա Նրա օրհնությունը: Եվ Աստծո
սկզբնական «ոչը» Հակոբը դարձրեց «այո»:
Աստծո հետ պետք է զրուցել գիտակցելով, որ Նա մեր հայրն է: Երբ Աստված ասում է՝ ոչ, դա դեռ վերջնական չէ, այն դեռ չի նշանակում՝ «ոչ մի դեպքում»:
Երբ Կանայի հարսանիքում գինին վերջացավ (Հովհ.2:1-7), Հիսուսի մայրն այդ մասին ասաց իր Որդուն: Հիսուսի պատասխանն ըստ էության «ոչ» էր: Բայց այնուհանդերձ օգնեց, կատարեց Իր աստվածային հրաշքը, ցույց տվեց Իր շնորհքը:
Քանանացի կինը (Մաթ.15:21-28) հավատում էր, որ Հիսուսը Մեսիան է, և կարող է շնորհ անել: Նա աղաղակում էր Հիսուսին, բայց Հիսուսը մերժում էր նրան: Այդ ժամանակ կինը սկսեց երկրպագել Նրան, շարունակեց համոզել, ու Հիսուսը փոխեց Իր միտքը՝ բժշկեց կնոջ աղջկան:
Դու կարող ես համոզել Աստծուն: Երբ Նա մի անգամ ասում է՝ ոչ, շարունակիր խնդրել, մի՛ հուսահատվիր, երկրպագի՛ր Նրան: Հավատքը համառություն է պահանջում:
Երբեք մի՛ հանձնվիր, և Աստծո «ոչը» կդառնա «ԱՅՈ»:
Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան ( Եբր 13։8 )