Գնդապետ Սենդերսի կենսագրության անհայտ էջերը

Գնդապետ Սենդերսի կենսագրության անհայտ էջերը

KFC ճաշարանների ցանցի մասին գիտեն բոլորը: Շատերը գիտեն նաև, որ KFC նշանակում է Kentucky Fried Chicken՝ Կենտուկիի տապակած թռչնամիս: Շատերն են ճաշակել KFC-ի համեղ սնունդը:

Գուցե ոմանք գիտեն նաև KFC ցանցի հիմնադրի անունը՝ գնդապետ Հարլանդ Սենդերս Դեվիդ: Սակայն քչերը գիտեն, որ նա երբեք գնդապետ չի էլ եղել: Այդ տիտղոսը նրան շնորհել է Կենտուկիի նահանգապետը՝ նահանգին մատուցած անգնահատելի ծառայությունների համար: Սենդերսի ստեղծած ուտեստը հռչակվել է ողջ ԱՄՆ-ում, այնուհետև նաև ողջ աշխարհում՝ որպես Կենտուկի նահանգի «ազգային ճաշատեսակ»:

Սենդերսն ապրել է հետաքրքիր, բովանդակալից կյանք: Եղել է հողագործ, տրամվայի տոմսավաճառ, ամերիկյան բանակի զինվոր, դարբնի օգնական, շոգեքարշի հնոցապան, դատարանի իրավաբանական դասընթացների պրակտիկանտ, ապահովագրական գործակալ, կահույք բարձող բեռնակիր, լաստանավի նավապետ, անվադողերի վաճառող, ավտոփականագործ: Սենդերսի կենսագրության այս հատվածը, գուցե հայտնի է շատերին:

Սակայն գոյություն ունի նաև նրա կյանքի առավել անհայտ մասը: Այդ մասին իր գրքում գրել է գնդապետի հովվի որդին՝ դոկտոր Բոբ Ռոջերսը: Նա նկարագրում է, թե ինչպես է իր հայրը՝ հովիվ Վեյմոն Ռոջերսը 1967 թվականին Հորդանան գետում մկրտել հանրահայտ միլիարդատիրոջը:

Ռոջերսը գրում է. «Հայրս ծունկի է իջել նրա մոտ և հարցրել է «Գնդապետ, չէի՞ք ցանկանա վերստին ծնվել»: Գնդապետն արցունքն աչքերին պատասխանել է. «Ես իսկապես ուզում եմ: Իսկ դուք կարծում եք, թե Հիսուսն իսկապե՞ս կարող է ինձ փրկել և ազատել հայհոյելու սովորությունից»: «Գնդապետ, Հիսուսը ձեզ կազատի հենց այս երեկո և դուք այլևս երբեք չեք հայհոյի»,- պատասխանել է հայրս: Այդ երեկո գնդապետն իր սրտում անկեղծորեն ընդունեց Հիսուսին: Նա իսկապես վերստին ծնվեց և դարձավ նոր արարած Հիսուս Քրիստոսի մեջ: Այդ օրվանից նա երբեք անտեղի չի արտասանել Աստծո անունը»:

Իր ապաշխարությունից մի քանի օր հետո գնդապետը Կենտուկիի եկեղեցուն է զոհաբերում 15 հազար դոլար: Այն ժամանակվա չափանիշներով դա լուրջ գումար էր:

Գնդապետը հովվին ասել է. «Երբ ես արտասանեցի մեղավորի աղոթքը, դա ամբողջովին փոխեց իմ կյանքը: Դա իսկապես փոխեց ինձ: Ես պատրաստ եմ ավելի մեծ փողեր տալ, ես ուզում եմ եկեղեցուն տասանորդ վճարել»: 

Ռոջերսի գրքում նկարագրված է մի դեպք, երբ Սենդերսը գերբնական բժշկություն է ստացել: Նա հիվանդանոցում սպասելիս է եղել վիրահատության, երբ նրան այցելության է եկել հովիվը և աղոթել է նրա բժշկության համար: Մյուս օրը բուժող բժիշկն ասել է Սենդերսին. «Գնդապետ, ես կրկին հետազոտեցի ձեզ: Գոյացություններն անհետացել են, վիրահատության կարիք բացարձակապես չկա»: Գնդապետը եկեղեցուն առատ նվիրատվություններ է արել:

Հետագայում KFC-ի հիմնադիրը գրում է. «Իմ աղոթքներում ես միշտ իմ երախտագիտությունն եմ արտահայտել: Աստված այնքա՜ն ողորմած է եղել իմ նկատմամբ: Ես միշտ հավատացել եմ տասանորդին: Տասանորդը մեծագույն ներշնչանք է եղել իմ կյանքում»:

Կարդալ ավելին՝ Protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ