Հավատքի հոգի՞, թե՞ դիսիդենտ
Առանց հավատքի հնարավոր չէ հաճելի լինել Աստծուն: Հավատքն է, որ օրհնություն ու հաղթություն է տալիս: Հավատքը հաստատում է չերևացած բաները: Մենք հավատում ենք այնպիսի բաների, որոնք չեն երևում և հակառակ են այն բաներին, որոնք երևում են: Հավատքը կարող է չերևացած բաները դարձնել տեսանելի:
Հավատք՝ չի նշամակում ընդամենը հավատալ, որ Աստված գոյություն ունի: Հավատալ՝ նշանակում է ապրել Աստծո Խոսքով: Աստված մեզ կանչել է, որպեսզի մեզ հաղթող անի ամեն իրավիճակում:
«Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի. Մենք էլ հաւատում ենք եւ սորա համար էլ խօսում ենք»: 2Կոր.4:13:
Հոգի բառը հաճախ տարբեր բացատրություններ է ունենում: Տվյալ դեպքում հավատքի հոգին այն մթնոլորտն է, որը գոյություն ունի մեր մեջ, որը տրամադրություն է ստեղծում, որը ուրախություն է պարգևում: Պողոս առաքյալը այնպիսի բաներ էր խոսում, որոնք հակառակ էին իր վիճակին: Լինելով բանտում՝ նա պատվիրում է ուրախ լինել: Հավատքի հոգին չի նայում իրավիճակին, հավատքի հոգին նայում է նրան, ինչը կա քո մտքում, ինչը Աստված դրել է քո սրտում: Հավատքը երբեք չի խոսում բացասական բաներից: Հավատացողը, անկախ իրավիճակից, միշտ դրական մտքեր է արտահայտում:
Մի՛ ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր միայն բացասական բաներ են խոսում: Նրանք հավատքի հոգու փոխարեն անհավատության, պառակտության ու կասկածի հոգի են բերում:
Հավատքի հոգին չի հիմնվում իրավիճակի վրա, հավատքի հոգին ստեղծում է սեփական իրավիճակը ու հավատում է այդ իրավիճակին: Մարդիկ երբեմն կարծում են, թե հիվանդությունները գալիս են Աստծո համաձայնությամբ, հետևաբար բժշկության համար աղոթելը հակառակ է Աստծո կամքին: Այսպիսի մոտեցումը սպանում է մարդուն: Բայց հավատքի հոգի ունեցողը հավատում է, որ Աստված բժշկում է ամեն հիվանդություն, անկախ դրա ծանրության աստիճանից: Այսպիսի հոգին կյանք է պարգևում:
Հավատքի հոգի ունեցողների հակապատկերը դիսիդենտներն են: Դիսիդենտները միշտ հակառակվում են բոլորի կողմից ընդունված գաղափարներին: Առաջին դիսիդենտը նա էր, ով երկնքում ապստամբեց Աստծո հաստատած թագավորության դեմ: Նա կասկածի տակ դրեց ու փորձեց տապալել Աստծո թագավորությունը: Նա հակառակվեց ոչ միայն Աստծուն, այլ առաջին հերթին Աստծո ստեղծած համակարգին: Բայց Աստված դրա պատճառով իրեն վատ չզգաց. Նա Իր թագավորությունից վտարեց ապստամբներին ու շարունակեց մնալ Թագավոր: Դիսիդենտի դեմ պետք է պայքարել հավատքի ու միաբանության հոգով:
Եթե մի բան քանդում է քո ուրախությունը Աստծո մեջ, եթե մի բան քեզ տրտմեցնում է , վանի՛ր քեզնից դա և գնա այն մարդկանց մոտ, ովքեր քաջալերում են քո հավատքը, ովքեր ուրախություն են բերում:
Գնա այնտեղ, որտեղ հավատքի հոգի կա:
Տ.Թադևոսյանի 05.08.2018թ. կիրակնօրյա քարոզից