Խոսք, գործողություն, լռություն

Խոսք, գործողություն, լռություն

Աստծո Արքայությունը քո մեջ է: Աստծո խաղաղությունը, Աստծո ուրախությունը քո մեջ են: Քո մեջ է նաև Աստծո կյանքը:

Ուրախությունն ու խաղաղությունը քո կյանքի մեջ բերելու համար անհրաժեշտ են խոսք և գործողություն: Բայց ո՞րն է դրանցից առավել կարևորը՝ խո՞սքը, թե՞ գործողությունը:

Սաղմոս 34-ը տալիս է «լավ օրեր» ունենալու և «բարություն տեսնելու» ճանապարհը.

«Ով մարդ, որ կեանք ես ուզում եւ լաւ օրեր սիրում, բարութիւն տեսնելու համար, պահիր քո լեզուն չարութիւնից, եւ քո շրթունքները՝ որ նենգութիւն չխօսեն»: Սաղմ.34:12,13:

Աստված սաղմոսերգուի շուրթերով նշում է, թե որքան կարևոր է խոսքը, որքան վնասակարեն չար խոսքերն ու նենգությունը: Եվ անմիջապես շարունակում է.

«Հեռացիր չարից եւ գործիր բարին»: Սաղ.34.14:

Այստեղ էլ կարևորվում է գործողությունը՝ «բարին գործիր»: Աստված պատվիրում է երկու բան՝ խոսք և գործողություն: Խոսքը զորություն ունի: Միայն գործողությունը չի կարող լիարժեք լուծում տալ քո խնդրին, խոսքն ամբողջական է դարձնում գործողությունը:

Հիսուսն ասում է, որ Իրեն սիրողը կատարում է Իր Խոսքը (Հովհ.14:24): Այսինքն Հիսուսը մեծ նշանակություն է տալիս գործողությանը՝ Իր խոսքը կատարելուն: Բայց Աստվածաշունչը պատվիրում է նաև փառաբանել ու մեծարել Աստծուն, այսինքն կարևորություն է տրվում խոսքին: Ուրեմն Աստծուն սիրելիս նույնպես անհրաժեշտ են և գործողությունը, և խոսքը: Երկուսն էլ զորություն ունեն: Մի՛ առանձնացրեք դրանք իրարից:

«Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ Բայց ես ասում եմ ձեզ թէ ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին»: Մատթ.5:21-22:

Հիսուսն այստեղ խոսքը հավասարեցրեց գործողությանը՝ սպանելուն: Նա զգուշացնում է, որ եղբոր հասցեին անտեղի ասած վիրավորանքը կարժանանա դատաստանի:

Եթե դու խնդիր ունես եղբորդ հետ, վերցնես ընծա ու այցելես նրան, սուրճ խմես, բայց չխոսես ձեր միջև եղած խնդրի մասին, դա չի նշանակի, որ խնդիրը լուծվել է: Որովհետև խոսքը մաքրվում է խոսքով: Եթե դու խոսքով ես նեղացրել եղբորդ, ուրեմն պետք է խոսքով էլ հաշտվես նրա հետ: Գործողությունը՝ նվերն ու այցելությունը անհրաժեշտ են, բայց առանց խոսքի խնդիր չեն լուծում: Գործողությունն առանց խոսքի զորություն չունի:

Մարդկանց հետ վիճիր այնպես, որ հետո ստիպված չլինես ներողություն խնդրել խոսքերիդ համար: Բայց եթե այնուհանդերձ խոսքով նեղացրել ես դիմացինիդ, սխալդ պիտի խոսքով էլ մաքրես:

Կան իրավիճակներ, երբ պետք չեն ոչ խոսքը, ոչ գործողությունը: Այդ իրավիճակներում անհրաժեշտ է լռությունը: Երբ Հերովդեսը «շատ խոսքերով» խոսում էր Հիսուսի հետ, Հիսուսը լռեց և պատասխան չտվեց Հերովդեսին: (Ղուկ.23:9): Ինչո՞ւ: Որովհետև Հերովդեսը Եսավի տոհմից էր, իսկ Հիսուսը՝ Հակոբի: Իր լռությամբ Հիսուսը քավեց Հակոբի մեղքը Եսավի հանդեպ:

Լռություն կա, որ ճշմարտությունից զորավոր է: Լռություն կա, որ գործողությունից զորավոր է: Լռություն կա, որ կերտում է, արարում:

Դու քո սխալները մաքրելու մեծ հնարավորություն ունես: Կնոջդ, ամուսնուդ, երեխաներիդ, հարազատներիդ, ընկերներիդ, բոլորին ասա, որ դու իրենց սիրում ես: Ու կլուծվեն ձեր խնդիրները, կշտկվեն ձեր հարաբերությունները:

Խոսքը, գործողությունը և լռությունը մեծ զորություն ունեն:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ