Լույս և խավար

Լույս և խավար
Խավար էր, գիշեր: Մի կին` մոմը ձեռքին, մտավ գետնափոր մառանը: Մոմը դրեց մառանում գտնվող սեղանին ու սկսեց  ինչ-որ բան փնտրել:
Ծառերի տերևների տակ թաքնված մի թիթեռ մառանի փոքրիկ բաց պատուհանից տեսավ լույսը ու շտապեց այնտեղ: Մոմի լույսի շուրջ սկսեց պտույտներ գործել, պարել ու ոգևորվել: Ցանկացավ համբուրել մոմի լույսը, ավելի ջերմանալ լույսից այնքան, ինչքան կարող է, վայելել, բայց վառվեց կրակից, ցած ընկավ:
Խավարում դեգերող մի ուրիշ թիթեռ նկատեց մառանի լույսը ու շտապեց ազատվել գիշերվա մթից: Մոտեցավ վառվող մոմին, բայց շատ չմոտեցավ, սակայն անմոռաց պար բռնեց մոմի կրակի լեզվի հետ մեկտեղ:
Մեկ այլ թիթեռ ևս նկատեց լույսը մառանում, մոտեցավ փոքրիկ պատուհանին, բայց ներս չմտավ, պտտվեց խավարում ու հիշեց բնության խրատը, որ պետք է վայելի ցերեկվա լույսը: Սակայն չդիմացավ մոմի խաղացող լույսի հմայիչ ալիքներին ու շտապեց դեպի մառանի փոքրիկ պատուհանը, բայց դիպավ պատուհանի ապակուն, ետ նահանջեց, քանի որ կինն արդեն փակել էր պատուհանը:
Այնուհետը կինը հանգցրեց մոմը, դուրս եկավ մառանից` դուռը փակելով ու մառանում թողնելով խավարի մեջ խարխափող ու դեգերող թիթեռին:
Ցերեկը բացվեց. մի թիթեռ տեսավ ցերեկվա լույսը, մյուսը` մառանի խավարը …
Աղբյուր` Ես Քրիստոնյա եմ

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ