Նայեցիք շատին, և ահա քիչ եղավ
Երբ որևէ փորձության կամ անհաջողության հետևանքով տխրություն ու դատարկություն ենք զգում, դա հասկանալի է: Աստված մեր կողքին է և Նրա օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել տխրությանը: Բայց երբ տխրության կամ դատարկության զգացողություն ենք ունենում առանց որևէ տեսանելի պատճառի, ուրեմն մեզ վրա հարձակում կա կախարդության միջոցով: Սակայն այս դեպքում ևս հանձնվել պետք չէ. Աստված տեսնում է ամեն բան և քո կողմից է: Անգամ եթե հանդիմանում է, միևնույն է՝ քո կողմից է, լսում է քեզ, լսում է քո աղոթքը և չի լքի քեզ:
Աստված քննում է մարդու սիրտը, և եթե հավատ է տեսնում, ուղարկում է Իր օրհնությունները: Սակայն պատահում է, որ ստանում ենք ավելի քիչ, քան սպասում էինք.
«Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, բերեցիք տուն, փչեցի դրա վրա: Ինչո՞ւ,-ասում է Զորաց Տերը»: Անգե 1:9:
Ակնկալում ենք շատ, բայց ստանում ենք քիչ: Ու այդ քիչն էլ երբեմն կորում է: Ինչո՞ւ, -հարցնում է Տերը և Ինքն էլ պատասպանում.
«Իմ տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տան համար է վազում»: Անգե 1:9:
Աստված ուզում է, որ դու մտածես Իր տան մասին: Եթե դու մտածես Իր տան մասին, Նա էլ կմտածի քո տան մասին: Եթե ծառայես Աստծուն, կատարես Նրա կամքը, հնազանդ լինես Իր խոսքին, տարածես այդ Խոսքը, Նա էլ կօրհնի քեզ ու քո ամբողջ տունը:
«Ժողովրդի ամբողջ մնացորդն անսացին Տեր Աստծո ձայնին, …Եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից»: Անգե 1:12:
Աստծո վախը քո օրհնության և իմաստության սկիզբն է: Ցանկանում ես շատը, բայց ստանում ես քիչը, ուրեմն Աստծո վախը չկա քո մեջ:
Աստծո նպատակը քեզ դատապարտելը չէ, այլ քեզ օրհնելն է: Նոր Կտակարանում գործում է շնորհը և բոլորովին նոր խոստումներ է տալիս Տերը.
«Արդ Նրան, որ կարող է խիստ առատությամբ մեր խնդրածից կամ խորհածից շատ ավելին անել, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, Նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Հիսուսով»: Եփ. 3:20-21:
Ուրեմն Հին Կտակարանի խոսքը Փոխվել է Հիսուս Քրիստոսի շնորհով. «Նայեցիք շատին, և ահա ավելի շատ եղավ»:
Աստված քեզ տալիս է ավելին, քան դու խնդրում ես կամ գիտես: Դրա չափանիշը քո մեջ գործող զորության չափն է:
Սպասենք ակտիվորեն, քայլ անենք, գործենք, ծառայենք Տիրոջ տանը, ծառայենք մարդկանց, հավատանք ու այդ զորությունը կգործի մեր մեջ: Կարևորն այն է, որ Աստծո վախն ունենանք: Եթե վախենում ես Աստծուց, ուրիշ ոչնչից չես վախենա:
Սեփական լրատվություն