«Նոր սերունդ» միջազգային քրիստոնեական շարժման 25 ամյակին ընդառաջ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այս տարի, նոյեմբերի 28-ին և 29-ին Ռիգայում տեղի կունենա «Նոր սերունդ» միջազգային քրիստոնեական շարժման 25 ամյակին նվիրված համաժողովը:
Համաժողովի միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավելու «Ուխտի տապանակ» անվանումը կրող երաժշտական վեհաշուք նախագիծը:
Նախագծի իրականացմանը մասնակցելու համար հրավիրված են լավագույն սցենարիստներ, ռեժիսորներ, պարուսույցներ ու կատարողներ Լատվիայից և այլ երկրներից:
Նախագծի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով անցած շաբաթ Ռիգայում էր գտնվում նաև «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը դստեր՝ փառաբանության խմբի անդամ Աննա Թադևոսյանի հետ:
Նախագծին մասնակցելու համար մրցույթով անցան 8-9 երգիչներ: Նրանց մեջ էին հովիվ Տիգրան Թադևոսյանը և դուստրը՝ Աննան: Նախատեսվում էր, որ երաժշտական միջոցառմանը Աննան հանդես կգա մեկ կատարումով, սակայն նրան լսելուց հետո կազմակերպիչները որոշեցին, որ Աննան հանդես կգա երկու կատարումով:
Եվս մեկ երգով իր մասնակցությունը կբերի հովիվը՝ Տիգրան Թադևոսյանը:
Նախապատրաստական աշխատանքները տևեցին չորս խիստ հագեցված և արդյունավետ օրեր:
Աշխատանքներ էին տարվում բոլոր երեք՝ հոգու, շնչի և մարմնի ոլորտներում:
Մեծ ուշադրություն էր դարձվում աստվածաշնչյան ընթերցանությանը ու աղոթքներին:
Ընթերցանությունն ու աղոթքները անմիջապես փոխում էին մասնակիցների տրամադրությունն ու լցնում էին նրանց նոր օծությամբ:
Աշխատանքները հագեցված էին նվիրումով և պատասխանատվությամբ, տիրում էր աշխատանքային մթնոլորտ:
«Քանի որ մարմինը հոգու գործիքն է, ուրեմն այն պետք է լինի կատարյալ վիճակում»,- գտնում է Ալեքսեյ Լեդյաևը:
Բացի երաժշտական նախագծի նախապատրաստական աշխատանքներից, հովիվ Տիգրան Թադևոսյանն ունեցավ երկու ծառայություն:
Չորեքշաբթի օրը նա ծառայեց Ռիգայի բազային «Նոր սերունդ» եկեղեցում, որտեղ հովվում է Ալեքսեյ Լեդյաևը:
Կիրակի օրը հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Օլգա Լեդյաևայի եկեղեցում:
Երկու ծառայություններն էլ առանձնանում էին Տիրոջ անկրկնելի ներկայությամբ:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը դստեր՝ Աննայի հետ արդեն վերադարձել են հայրենիք: Նոյեմբերի 28-ին և 29-ին նրանք կրկին կլինեն Ռիգայում՝ մասնակցելու համաժողովի և երաժշտական նախագծի աշխատանքներին:
Սեփական լրատվություն