ՓՈՍԸ կամ «Համացանցային քրիստոնեության» 7 կողմնակի հետևանքները

ՓՈՍԸ կամ «Համացանցային քրիստոնեության» 7 կողմնակի հետևանքները
Ռոյալը Աստծո՞ւց է, թե՞ ոչ: Զավեշտալի է հնչում, այնպես չէ՞:
Ասում են՝ եղել է ժամանակ, երբ որոշ քրիստոնյաներ լրջորեն բանավիճել են այս հարցի շուրջը և արդյունքում հանգել են այն «տրամաբանական» եզրահանգմանը, ըստ որի՝ սպիտակ ռոյալը՝ այո, իսկ սևը՝ միանշանակ ոչ: 
Համացանցը Աստծո՞ւց է, թե՞ ոչ:
Այսօր այս հարցադրումը նույնքան զավեշտալի է հնչում: Ինքն իրենով համացանցը չեզոք է, նեյտրալ է, ինչպես գիտելիքը կամ իշխանությունը, ամբողջ հարցը դրանց կիրառման նպատակի, դրդապատճառի և օգտագործման ձևի մեջ է:
Համացանցն այս երկուսի՝ գիտելիքի և իշխանության սինթեզն է կարծես. գիտելիք՝ անսահամանափակ տեղեկատվություն և դրա միջոցով ազդեցություն թողնելու օպերատիվ հնարավորություն: Ինչպե՞ս է այսօր այն կիրառվում: Ավելի կոնկրետ, ինչպե՞ս ենք այն կիրառում մենք՝ քրիստոնյաներս: 
Թեման, իհարկե, շատ լուրջ է, բայց միևնույն ժամանակ՝ շատ քննարկված: Սակայն մտորումներս նվիրված են ոչ թե համացանցին կամ դրա կիրառությանը, այլ՝ ինչպես քիչ անց պարզ կդառնա, «համացանցային քրիստոնեությունը», դրա բացասական հետևանքներին:
Համացանցի ընձեռած հնարավորություններն այսօր ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվում են ավետարանչության, խորհրդատվության, ավելի մեծ թվով մարդկանց Ավետարանի լուրը փոխանցելու նպատակով:
Հոգևոր նյութերն անսահմանափակ քանակությամբ հասանելի են յուրաքանչյուր օգտատիրոջ, աշխարհին ուղղված մեր խոսքն ավելի օպերատիվ է, ազատ, համակողմանի:
Միլիոնավոր մարդիկ են դարձի գալիս համացանցային ավետարանչության միջոցով (բոլորովին այլ հարց է, թե ինչ է լինում նրանց հետ դրանից հետո…):
Տարբեր եկեղեցիների ու հարանվանությունների միջև շփումը, կապերն ու համագործակցութունն ավելի են խորանում, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի միասնաբար գործել, մեկտեղել ուժերը:
Ընդհանրապես լայն լսարաններին քարոզելու, ինքնազարգացման, կրթության նպատակով համացանցը մրցակցությունից դուրս գործիք է և բազմաթիվ դրական կողմեր ունի, բայց…
Այն միևնույն ժամանակ մեղքի, անօրենության տարածման ու հաստատման հզորագույն գործիքն է աշխարհում: Այն անդառնալիորեն ներխուժել է մեր կյանքերն՝ իր մեջ ՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ մեղքի ահռելի մեծ պաշար:
Սա անշրջելի փաստ է: Բայց այսօր այս մասին չէ, որ ցանկանում եմ խոսել, այլ համացանցի մեկ այլ կողմի, այլ երանգի մասին: Միշտ չէ, որ գույները կարելի է այդքան հստակ տարանջատել, ինչպես սևն ու սպիտակը, կան բազմաթիվ միջանկյալ երանգներ, իսկ հակառակորդը հենց այս երանգների սիրահարն է…
Արդեն նշեցի՝ բազմաթիվ քրիստոնյաներ համացանցն օգտագործում են ոչ թե մեղսավոր նպատակներով, այլ ընդհակառակը՝ հոգևոր նպատակներով՝ օգտակար նյութեր ներբեռնելու, գրքեր ու հոդվածներ կարդալու, երաժշտություն լսելու, քարոզներ ու ֆիլմեր դիտելու նպատակով:
Այս ամենը շատ լավ է: Բայց երբ քրիստոնյան այս ամենին զուգահեռ մի աննշան անհամաձայնության, նեղվածության կամ որևիցէ այլ հիմնավոր կամ անհիմն պատճառով թողնում է եկեղեցին, և դրան զուգահեռ չունի Եկեղեցու մասին լրջագույն հայտնություն՝ բոլորովին ՄԵԿՈՒՍԱՆՈՒՄ Է: 
Այս բազմաթիվ ու բազմաբնույթ նյութերի հետ շփումը, դրանցով սնվելը, դրանց ազդեցության տակ լինելը, նրա մոտ ստեղծում են բավարարվածութան կեղծ զգացում, նա այլևս հարկ չի համարում եկեղեցի այցելել, քանի որ այնտեղ բոլորը «կեղծավորներ են ու իր նման յուրահատուկ անհատականությանը չեն հասկանում»: Իսկ ինչ վերաբերում է Խոսքը լսելուն՝ օնլայն տարբերակներն ավելի առատ են ու հարմար:
Այսպիսով՝ նա մեկուսանում է Եկեղեցուց, Տիրոջ Մարմնից, համայնքից, հոգևոր հաղորդակցությունից, արդյունքում նա դառնում է իննսունիննից զատված այն մեկ մոլորված գառը, բայց ինքն էլ դա չի գիտակցում և չի ընդունում, իսկ եթե ընդունում ու ճիշտ հետևություններ չի անում, ապա մտածում է, որ բոլորն իր ետևից պետք է ընկնեն, և կամա թե ակամա սկսում է մանիպուլյացիա անել այդ հանգամանքով: Շատ տհաճ, բազմաշերտ ու խուճուճ, և ինչն ամենավատն է՝ վտանգավոր իրավիճակ է: Վայրկյան առաջ այս ՓՈՍԻՑ դուրս գալ է պետք:
Ես վերնագրում հիշատակել էի «Համացանցային քրիստոնեության 7 կողմնակի հետևանքների» մասին, որոնք, հնարավոր է, իրականում ավելի շատ լինեն, շաղկապված լինեն կամ ինչ-որ առումով կրկնվեն, բայց իմ փորձի ու շփումների արդյունքում առանձնացրել եմ հետևյալները՝
1. Ժամանակի անտեղի վատնում 
Համացանցն իր անսահման տեղակատվությամբ մշտական պաթոլոգիկ կախվածություն է առաջացնում: Մարդիկ անընդհատ ստուգում են մեյլերը, հաղորդագրությունները, ընկերների գործողություները, տեղական ու համաշխարհային լրահոսը: 
Այս բոլորն ամեն վայրկյան թարմանում է, և անվերջ կարելի է հետևել ու այդպես էլ չհասնել կոնկրետ վերջնակետի. և այս ամենն՝ ի հաշիվ Տիրոջ հետ անհատական խորը մտերմության և Իր խոսքի սերտողության:
Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։
Սաղմոս 90:2
2. Իրականության ընկալման կորուստ
Կախվածությունն այնքան է խորանում, որ սկսվում է կորել վիրտուալի ու իրականի եզրագիծը, կյանքը տեղափոխվում է վիրտուալ դաշտ, իսկ վիրտուալ դաշտի գործոնները՝ կյանք, և որքան մեծանում է համացանցի արագությունը, այնքան մարդիկ ավելի նյարդային ու անկայուն են դառնում. դա ապացուցված է գիտականորեն: Քրիստոնեական բովանդակությամբ նյութերի հետ անընդհատ շփումը հոգևոր լավ վիճակի ինքնախաբկանք է ստեղծում:
Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։ 
2 Տիմոթէոս 3:5 
3. Մեկուսացում
Վիրտուալ շփումը, բազմաթիվ ու տարաբնույթ ընկերներ ունենալը մարդու մոտ ինչ-որ չափով լրացնում են շփվելու և ընկերներ ունենալու բնական պահանջը, և սկսվում է վիրտուալ հաղորդակցության գերիշխանությունն իրական հաղորդակցության նկատմամբ: 
Մարդիկ մեկուսանում են, իսկ իրական շփումներն ու դրանց արդյունքում սեփական անձը տաշելու ու շտկելու հավանականությունը նվազում է:
Եկեղեցին համայնք է, Տիրոջ հիմնած ու նպատակային համայնքը, որից դուրս գտնվելով՝ դու վտանգում ես քո հոգևոր անվտանգությունն ու փրկությունը (Եկեղեցի այցելելու կարևորության վերաբերյալ առաջարկում եմ կարդալ նաև՝ «4 պատճառ այս կիրակի օրը եկեղեցի գնալու համար» հոդվածը), դու զրկում ես ինքդ քեզ բնականորեն շտկելու, նորոգելու հնարավորությունից, դառնում ես անվերահսկելի, ուստի նաև, ների՛ր, բայց վտանգավոր:
Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։ 
Կողոսացիներ 3:16 
4. Հպարտացում
Գիտությունը հպարտացնում է, այս փաստը աքսիոմի պես ապացուցման ենթակա չէ: Երբ մարդ քննադատական վերաբերմունք ունի եկեղեցու, ծառայողի նկատամամբ, համացանցի շնորհիվ միշտ կարելի է գտնել «ավելի օծված ու խելացի» մեկին ու դա շահարկելով քննադատել, դատել ու նույնիսկ ծաղրել նրանց, ովքեր երբևէ քեզ համար հոգևոր հեղինակություն և օրինակ են եղել, ովքեր անկեղծորեն պարզ Ավետարանն են քարոզել քեզ, այնքանով, որքանով հասկացել են, և դա գործում էր քո կյանքում, հիմա միգուցե դու շատ ավելին գիտես, քան նրանց բոլորի գիտելիքները միասին վերցրած, բայց դա ոչինչ էլ չի փոխում քո կյանքում դեպի լավը: Հակառակ՝ այսօր քո սիրտն օտարացած է նրանցից՝ Եկեղեցուց, և դու այլևս չես զգում նախկին օրհնությունը, ուրախությունն ու խաղաղությունը: 
… որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. Գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։
1Կորնթացիներ 8:1
5. Կախվածություն
Կախվածության մասին արդեն խոսեցի, բայց սա շատ լուրջ խնդիր է, քանի որ եթե համացանցն այսօր կուռք է դարձել, ապա վաղը կսկսի զոհեր պահանջել, ու գնալով կխստացնի էլ իր պահանջները՝ ավելի շատ ժամանակ, ավելի շատ, նվիրում, ավելի շա՜տ…
Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։ 
1 Կորնթացիներ 6:12 
6. Անհաստատություն
Նյութերի բազմազանության հորձանուտում տարբեր ու խայտաբղետ վարդապետությունների հովերով հրապուրված, անվերջանալի համեմատություններով, քեզ անընդհատ կրծող ու խաղաղությունդ կորզող կասկածներով տարված՝ ժամանակ առ ժամանակ նոր հոգևոր «աստղ» ես բացահայտում, ում փայլի ներքո խամրում են բոլորը, ների՛ր. բայց նաև Հիսուսը, ուղղակի արդեն բավական երկար ժամանակ է, ինչ դու դա չես էլ նկատում…
Որ այլեւս երեխայ չ’լինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը, որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։ Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը.
Եփեսացիներ 4:14-15 
7. Ըմբոստություն
Այն ըմբոստութունը, որը հենց սկզբում պատճառ էր դարձել այս ամենի և որից դու չես զղջացել, որից դու դեռ չես ազատվել, այսօր ավելի «գիտական ու հիմնավոր» հիմքերի վրա է, որն էլ վերը թվարկված ու նաև չթվարկված բազմաթիվ այլ բացասական «կողմնակի հետևանքներն» ավելի է խորացնում քո կյանքում:
Նա գոռոզացած է, ոչինչ չ’իմանալով. այլ ախտացած է վիճաբանութիւնների՝ եւ խօսքերով հակառակելու համար, որ նորանից լինում է նախանձ, կռիւ, հայհոյութիւն, չար կարծիքներ
Ա Տիմոթեոս 6:4
Ի՞նչ անել: Հիշենք ազատության բանաձևերը.
Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։ 
1 Կորնթացիներ 6:12 
Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։ 
Հովհաննէս 8:32
Ուզում եմ քեզ փոխանցել նաև այս միտքը, որը մի անգամ կարդացի ու շատ տպավորեց ինձ. «Կատարյալ եկեղեցի չկա, իսկ եթե կա, ապա այն կդադարի այդպիսին լինելուց, հենց այն օրը, երբ դու առաջին անգամ ոտք դնես այնտեղ»:
Առաջարկում եմ խորհել այս մասին, մտքումդ մի՛ վիճիր ինձ հետ, մի՛ մեղադրիր անհասկացողության մեջ, որ ես քո իրավիճակը լավ չգիտեմ, չեմ պատկերացնում, թե քեզ հետ ինչ վատ են վարվել, ինչ խորն են վիրավորել, այդ պատճառով էլ ինձ համար հեշտ է քեզ դատելը…
Միգուցե այդ ամենն իրոք այդպես է, բայց կան սկզբունքներ, որոնք իմ ու քո որդեգրածների նկատմամբ գերակա են՝ Տիրոջ պատվերներն ու հորդորներն ԻՐ խոսքի միջոցով.
Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորություն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։ 
Եբրայեցիներ 10:25 
Բարձրաձայն կարդա՛ այս սաղմոսն ու խորհի՛ր այս ամենի մասին և ե՛կ միասին աղոթենք…
«Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։
Մեր ոտները կ՛կանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։
Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։
Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։
Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։
Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. Թող յաջողուեն քեզ սիրողները։
Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։
Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։
Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ»։
Սաղմոս 122
Տե՜ր, ների՛ր ինձ իմ քարսրտության և ըմբոստության համար, ների՛ր ինձ իմ անկման և դա չգիտակցելու համար, ես զղջում եմ: Սրբի՛ր ինձ Քո Սուրբ Արյունով: 
Ես ընդունում եմ իմ մեղքը: Դու Գին ես վճարել Քո Եկեղեցին կառուցելու համար, որին դժոխքի դռները չեն կարող հաղթել, բայց ես անտեսելով դա ու մեկուսանալով Քո Եկեղեցուց՝ թույլ եմ տվել, որ դժոխքի դռները մոտենան ու պաշարեն ինձ, մեկուսացնեն ինձ, խաբկանքի մեջ գցեն: Բայց ես որոշում եմ, հիշել որտեղից ընկա ու առաջին գործերը կատարել, լինել Քո տան մեջ, բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունենալ, ծառայել Քո ժողովրդին: Սո՜ւրբ Հոգի, խնդրում եմ՝ օգնի՛ր ու առաջնորդի՛ր ինձ այս ճանապարհի մեջ: Հիսուսի անունով: Ամեն:
Եթե անկեղծ աղոթեցիր, ապա վստահ եմ՝ հիմա զգում ես Տիրոջ ներկայությունը, Նրա Շնորհի առատ հեղումը, ուստի մի՛ հապաղիր, թույլ մի տուր, որ արեգակն այսօր էլ մայր մտնի քո բարկության վրա, գնա ու հաշտվիր, լուծիր քեզ տանջող կապերը…
Շտապի՛ր միանալ Կենդանի Տիրոջ Մարմնին, որի ետևից Տերը շուտով, շատ շուտով գալու է…
Գոռ Կարապետյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ