Քո հավատը թող օրինակ լինի զավակներիդ համար
Աստված կամենում է, որ Իր զավակները ուրախ լինեն: Եթե Աստծո սերն ու ուրախությունը հաստատված են մեր սրտերում, արտաքին ոչ մի գործոն չի կարող խաթարել այդ ուրախությունը:
Բայց ուրախությունը կատարյալ կլինի, եթե այն թագավորի ոչ միայն մեր կյանքում, այլև մեր հարազատների, մեր ընտանիքների կյանքում:
Աստծո Հոգին բնակվում է բոլոր նրանց մեջ, ում կանչել է Աստված և ով իր սիրտը տվել է Աստծուն: Եվ այդ Հոգին իշխանություն ու զորություն է տալիս, որպեսզի կատարենք Իր կամքը՝ տարածենք Ավետարանը: Աստված մեծ հույսեր է կապում մեզ հետ:
«Որովհետեւ ես ճանաչեցի նորան, որ իր որդկանցը եւ իրանից յետոյ իր տանը կպատուիրէ, եւ նորանք Եհովայի ճանապարհը կպահեն, արդարութիւն եւ իրաւունք անելու համար, որպէս զի Եհովան Աբրահամի վերայ բերէ ինչ որ ասել է նորան»: Ծն.18:19:
Աստված ճանաչեց Աբրահամին և հույս ուներ, որ նա Իր պատվիրանները կփոխանցի իր զավակներին, իր ընտանիքին: Աբրահամից Աստված ակնկալիք ուներ, և միայն դրանից հետո Աբրահամի համար կկատարվեն Աստծո խոստումները:
Աբրահամը պատրաստ էր Աստծո պահանջով զոհել իր միակ որդուն, և Աստված տեսավ Աբրահամի հավատը: Աբրահամի հավատը տեսավ նաև իր որդին՝ Իսահակը, և ինքն էլ հավատաց: Որպեսզի մեր զավակները ժառանգեն մեր հավատը, ամենակարևորը մեր հավատի գործերն են, որոնք տեսնելով մեր զավակները նույնպես կհավատան Տիրոջը:
Ներկայիս դժվար ժամանակներում շատ կարևոր է , որ մեր զավակները տեսնեն, թե ինչպես ենք մենք վերաբերվում դժվարություններին: Հիսուսը տանջանքների ու անգամ մահվան գնաց առանց տրտնջալու.
«Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ»: Ես. 53:7:
Նա չտրտնջաց, որովհետև պիտի սերունդ տեսներ՝ Նրան նայելով իր հետնորդները պիտի փրկության արժանանային: Դժվարությունների նկատմամբ Նրա վերաբերմունքը պիտի օրինակ լինի մեզ համար.
«Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց, որ Նորա հետքերին հետեւիք»: 1Պետ.2:21:
Հիսուսը օրինակ դարձավ մեզ համար, և մենք էլ պետք է օրինակ դառնանք մեր սերունդների համար:
Երբ երեխան հիվանդ է, քաղցած է կամ մերկ, ոչ թե լաց կամ հուսահատություն արտահայտիր, այլ քաջություն և ուրախություն, արձակի՛ր հավատի խոսքեր, քանի որ մեր Տերը մեզ չի լքում նեղության պահին: Ուրեմն դժվարության կամ փորձության պահին զսպի՛ր քեզ, մի՛ արտահայտիր քո զգացմունքները, այլ գնա Տիրոջ առաջ և Նրան պատմիր քո դժվարությունները: Ու այնտեղից ետ կգաս ուժովցած ու զորացած:
Նարինե Մխիթարյանի քարոզից: 21.05.2017թ.
Սեփական լրատվություն