Ծոմապահության շաբաթ: Սերունդների կապը
Մեզանից յուրաքանչյուրը եկեղեցու մի մասն է։ Եվ եթե կա մի բան, որ այս երկիրը դեռ պահում է, անօրինությունից կործանվելուց, ապա դա միայն եկեղեցին է։ Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի եկեղեցին շարունակի իր ընթացքը: Շատ կարևոր է, որ մարդը գիտակցում է երկրում եկեղեցու կարևորությունը: Ապագայի հետ կապված մեր տեսիլքները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր այսօրն է: Շատ ցավալի է, եթե եկեղեցին ապագա չունի։ Եթե մենք որպես հայրեր մտածում ենք եկեղեցու վաղվա օրվա մասին, թե ինչ ենք փոխանցելու վաղը հաջորդ սերնդին, ապա մենք հզոր մարդիկ ենք: Եթե այսօր մի բան ես անում եկեղեցու համար, դրանով դու հոգևոր շինություն ես կառուցում, որից օգտվելու են նաև քո սերունդները:
Հաճախ մարդիկ աղոթում են,ու կարճ ժամանակահատվածում չստանալով պատասխան հիասթափվում են, և դրա պատճառն այն է, որ իրենք չեն տեսնում իրենց և իրենց երեխաներին ապագայի մեջ։
Եթե մարդ եկեղեցում միայն սպառող է, կգա օր, և ինքը կսպառվի, որովհետև չի արտադրում որևիցե բան: Մեր հաստատությունը մեր երեխաների հաստատությունն է, և մեր Աստված պետք է լինի մեր երեխաների Աստվածը, ինչպես նա Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածն էր։
«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ. Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. Որ մի գուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով»։ (Մաղաք 4։5֊6)
Շատ ցավալի է, եթե հայրերի սրտերը որդիների հետ չեն և որդիների սրտերը հայրեր հետ չեն: Եթե եկեղեցու հայրերը չեն մտածում որդիների ապագայի մասին, եկեղեցու ապագայի մասին, ապա այդ եկեղեցին ապագա չունի:
Եկեղեցու արթնությունը կախված չէ առաջնորդից, այլ այն Աստված է տալիս միայն այն դեպքում, երբ եկեղեցին միաբանված ուզում է դա և դրա համար անում է այն ինչ Աստված պատվիրում է նրանց: Մենք այս եկեղեցում ենք ոչ թե այսօրվա համար, այլ որպեսզի վաղը Աստծո գործը շարունակվի:
«Ահա երրորդ անգամն է որ պատրաստ եմ ձեզ մօտ գալու, եւ ձեզ ծանրութիւն չեմ տալ. որովհետեւ ձեր բանը չեմ որոնում՝ այլ ձեզ. նորա համար որ ոչ թէ որդիքը հայրերի համար պէտք է գանձ հաւաքեն, այլ հայրերը որդկանց համար»։ (2 կորնթ 12։14)
Հայրը նա է, ով սիրտ է դնում ընտանիքի վրա, եկեղեցու վրա, երկրի վրա և ժառանգություն է պատրաստում որդիներին փոխանցելու համար: Եթե դու եկեղեցում հոգևոր սնունդ ես տալիս ինչ-որ մեկին, դառնում ես նրա հոգևոր ծնողը և հետևաբար հոգևոր ժառանգություն պետք է պատրաստես նրա համար:
Հոգևոր հայրությունը սկվսում է աշակերությունից: Իսկ աշակերտը նա է, ով սովորում է իր ուսուցչից, և ինչպես Աստծո Խոսքն ասում է, նրանք կրկնակի պատիվ պետք է տան իրենց վարդապետներին: