Ներումը միշտ իր գինն ունի

Ներումը միշտ իր գինն ունի
Տարիներ առաջ Կալիֆոռնիայում մի դեպք էր պատահել, որն օգնում է հասկանալու, թե ինչպես է Հիսուսի մահը լուծել Աստծո առջև ծառացած խնդիրը՝ ինչպես արձագանքել մարդկության մեղավորությանը: 
Ոստիկանությունը բռնել էր մի ջահել կնոջ՝ մեքենա վարելիս արագությունը գերազանցելու համար: Նրա դեմ գործ էր հարուցվել: Դատավորի հարցին, թե նա իրեն մեղավոր ճանաչու՞մ է, կինն ասել էր, որ ճանաչում է: Դատավորն իջեցրել էր իր մուրճը և նրան որպես պատիժ նշանակել 100 դոլար տուգանք կամ տասն օրվա բանտարկություն: Իսկ հետո անսպասելի բան էր տեղի ունեցել. դատավորը վեր էր կացել, հանել իր պատմուճանը, իջել դատապարտյալի մոտ և անձամբ վճարել տուգանքը: Իսկ ի՞նչ էր պատահել: Պարզապես դատավորն այդ կնոջ հայրն էր: Նա սիրում էր իր դստերը, սակայն արդարամիտ դատավոր էր: Դուստրը խախտել էր օրենքը, և նա չէր կարող ասել. «Ես քեզ այնքա՜ն եմ սիրում, որ ներում եմ: Դու ազատ ես»: Եթե նա այդպես վարվեր, վատ դատավոր կլիներ: Նա հովանավորած կլիներ օրենքը խախտողին: Սակայն նա այնքան է սիրել դստերը, որ հանել է դատավորական պատմուճանը, թողել իր տեղը և, արդեն որպես հայր, նրա փոխարեն վճարել տուգանքը:
Այս դեպքն ինչ-որ չափով պարզաբանում է, թե Աստված ինչ է արել մեզ համար Հիսուս Քրիստոսի միջոցով: Մենք մեղանչել ենք: Աստվածաշնչում գրված է. «Մեղքի վարձը մահն է»: Եվ Աստված որքան էլ մեզ սիրեր, Նա պետք է զարկեր Իր դատավարական մուրճը և ասեր. «Մա՛հ»: Քանզի Նա ճշմարիտ Աստված է, Արդար Աստված: Սակայն, լինելով սիրող Աստված, Նա մեզ այնպես սիրեց, որ Իր գահից իջավ Հիսուս Քրիստոս մարդու կերպարանքով և վճարեց մեր փոխարեն. վճարեց խաչի վրա Իր մահով:
Այստեղ շատերը հարց են տալիս. «Իսկ ինչու՞ Աստված չէր կարող ներել հենց այնպես»: Իսկ մի խոշոր միավորման տնօրեն էլ ասաց. «Իմ ենթակաները հաճախ են զանցանքներ կատարում, օրինակ՝ մի բան են կոտրում, և ես նրանց միշտ ներում եմ: Ուրեմն, ձեր ասելով, ի՞նչ է դուրս գալիս, ես կարող եմ ներել, իսկ Աստված՝ ո՞չ»:
Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ յուրաքանչյուր ներում կապված է հատուցման հետ: Օրինակ՝ իմ աղջիկը տանը լամպ է կոտրել: Ես՝ սիրող ու ներողամիտ հայրս, նրան գիրկս եմ առնում, հանգստացնում եմ և ասում.
- Մի՛ լար, քաղցրիկս: Հայրիկը սիրում և ներում է քեզ:
Այդտեղ զրուցակիցս սովորաբար միջամտում է.
- Տեսնու՞մ եք, Աստված էլ պիտի այդպես վարվի:
Այդժամ հարց եմ տալիս.
- Իսկ ո՞վ է վճարում լամպի համար...
Չէ՞ որ վճարողը ես եմ: Ներումը միշտ իր գինն ունի: Օրինակ՝ ինչ-որ մեկը ձեզ վիրավորում է ուրիշների ներկայությամբ, իսկ դուք հետո վեհանձնորեն ասում եք. «Ես ձեզ ներում եմ»: Ո՞վ է վճարում վիրավորանքի համար: Դու՛ք:
Ճիշտ այդպես էլ Աստված վարվեց: Նա ասաց.
Ե ս ձ ե զ ն ե ր ու մ եմ:
Եվ ինքն էլ վճարեց այդ ներման համար:
Վճարեց խաչ բարձրանալով:

ՋՈՇ ՄԱՔ-ԴԱՈՒԵԼ
(«Ոչ միայն հյուսն» գրքից)

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Khachatur ➞ Պատասխանել

Aug 12, 2013 | 14:06

Parq Astcun.Shat hetaqrqir orinaker vor mtabelu texie talis.Mer Ter@ iskapes Neroxe.


օգտակար հղումներ