Ամանը քեզնից, յուղը՝ Աստծուց

Ամանը քեզնից, յուղը՝ Աստծուց

Մարդիկ հաճախ հավատը պատկերացնում են որպես միստիկ, կախարդական երևույթ: Դրա պատճառը հավանաբար այն է, որ մանկուց մեզ դաստիարակում են հեքիաթներով: Հեքիաթներում հերոսը ոչինչ չի անում, բայց կախարդական եղանակով հրաշքներ են կատարվում:

Տարիներն անցնում են: Մարդիկ հասկանում են, որ այդ հրաշքները կատարվում են միայն հեքիաթներում ու հիասթափվում են:

Հետո հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ բավական է հավատալ Հիսուսին և հրաշքներ կկատարվեն: Մարդիկ նորից հավատում են հրաշքներին: Սկսում են կարդալ, եկեղեցի հաճախել, աղոթել: Բայց կրկին հրաշքներ չեն կատարվում:

Մարդիկ հիասթափվում են երկրորդ անգամ ու հեռանում են Աստծուց:

Բայց պետք է հասկանալ, որ հրաշքներն իրենք իրենց տեղի չեն ունենում: Հրաշքի համար անհրաժեշտ են որոշակի, ճշգրիտ քայլեր:

4 Թագավորաց 4:1-7-ում նկարագրվում է մի դեպք, երբ մարգարեներից մեկը մահացել էր և պարտատերերը պարտքի դիմաց պետք է նրա երկու երեխաներին տանեին որպես ծառա: Նրա կինը գանգատով դիմում է Եղիսե մարգարեին: «Տանդ ի՞նչ ունես» - հարցնում է մարգարեն: «Ոչինչ, բացի մի յուղի ամանից»,- պատասխանում է կինը: Մարգարեն պատվիրում է՝ «Գնա դրսիցը՝ քո բոլոր դրացիներիցը դատարկ ամաններ ուզիր. Քիչ չհաւաքես։ Եւ տունդ մտիր ու դուռը քո ետեւից եւ քո որդկանց ետեւից կողպիր, եւ իւղը ածիր այն բոլոր ամանների մէջ»: Կինը կատարում է մարգարեի ասածը: Երբ բոլոր ամանները լցվում են, կինը որդիներից էլի է աման ուզում: «Էլ աման չկա»- ասում է որդին: Ու յուղը դադարում է:

Մենք այս կնոջ նման հաճախ կարծում ենք, թե ոչինչ չունենք և դժվար է հավատալը, որ մեր ունեցածը բավարար հրաշքի համար: Բայց Եղիսեն կնոջը հակառակը պատվիրեց՝ «Քիչ չհավաքես»:

Պետք է հավատալ, որ մեծ խնդիրները լուծելու համար մեծ միջոցներ անհրաժեշտ չեն, որովհետև մեծ խնդիրներ լուծողը Մեծ Աստվածն է: Հրաշքը հենց այն է, որ փոքր միջոցներով մեծ բաներ են կատարվում: Երբեք մի ասա՝ «չկա, չի ստացվի, հնարավոր չէ»: Հավատա՛, և հրաշքը կկատարվի:

Հեքիաթի ու հավատի տարբերությունն էլ հենց այն է, որ հեքիաթում հրաշքները կատարվում են իրենք իրենց, իսկ հավատի դեպքում պետք է քայլ անես, ներդնես քո ունեցած քիչը ու հավատաս: Եթե քո ունեցածը քո համար գին ունի, բայց քո աչքին քիչ է երևում, Աստծո համար էլ այն մեծ գին ունի և բավարար հրաշքի համար

Հիսուսին էլ էին ոչինչ համարում. «Անարգուած էր, եւ մենք Նորան ոչինչ էինք համարում» (Ես.53:3): Բայց Նրանով եղավ մարդկանց փրկությունը:

Ուրեմն հավատա, պատրաստիր քո ամանները, և Աստված դրանք կլցնի օրհնված յուղով:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ