Աստծո շնորհքը և իմ սիրո ապացույցը

Աստծո շնորհքը և իմ սիրո ապացույցը

Դու եկեղեցում ես, ուրեմն դու Նոր Կտակարանի ծառայող ես: Ավելին՝ դու առաջնորդ ես: Ջանք գործադրիր, որպեսզի ճանաչես քո նախասահմանությունը և պտուղ բերես Աստծո արքայության համար:

Երկիրը գոյություն ունի հավատացյալների ու եկեղեցու շնորհիվ: Հիսուսն ասաց՝ «Դուք երկրի աղն եք»: Աղը ոչ միայն համ է տալիս: Աղն ունի հականեխիչ հատկություն: Քո շնորհիվ է, որ աշխարհը չի նեխում, չի կործանվում:

Աստված քեզ շնորհք է տվել: Շնորհքը Աստծո ձրի պարգևն է, որ Նա տվել է Իրեն հավատացողներին: Հաճախ շնորհք ասելով մարդիկ հասկանում են, որ իրենց  ինչ-որ բան պիտի տրվի: Սա բնական է: Բայց շնորհքը ոչ միայն վերցնելու, այլև տալու համար է:

«Եղբարներ, հայտնում եմ ձեզ Աստծո այն շնորհի մասին, որ տրվեց Մակեդոնիայի եկեղեցիներին, թե ինչպես տառապանքի մեծ փորձության մեջ երևաց նրանց հորդացող ուրախությունը և ծայրահեղ աղքատության  մեջ՝ չափազանց առատաձեռնությունը»: 2Կոր8:1-2:

Ի՞նչ շնորհքի մասին է խոսում Պողոս առաքյալը: Դա մի շնորհք է, որը ստանալիս մարդ ոչ թե վերցնում է, այլ գերբնական ձևով տալիս է: Այդ շնորհքը քեզ տալիս է գերբնական հասկացողություն, որի ետևում կանգնած են Աստծո զորությունն ու օրհնությունը:

Մակեդոնացի հավատացյալներին տրվել էր գերբնական շնորհք: Դա էր պատճառը, որ նրանք ուրախությամբ ու պարզությամբ տալիս էին իրենց հնարավորությունից էլ ավել չափով՝ իրենք լինելով ծայրահեղ աղքատության մեջ:

Եթե դու Աստծո շնորհով մշտապես ընծաներ ու տասանորդ ես տալիս Աստծո թագավորության համար, ապա համարձակություն ունես կանգնել Տիրոջ առաջ և խնդրել քո ուզածը:

Մակեդոնիայի հավատացյալները «…մեծ խնդրանքներով աղաչում էին մեզ, որ ընդունենք, սրբերի համար պատրաստված նվերը և սրբերին ծառայելու հաղորդությունը», ասում է Պողոս առաքյալը: (2Կոր8:4):

Երբ Աստծո շնորհքը քեզ վրա է, դու կսկսես համոզել, որ ոչ թե տան, այլ վերցնեն:

«Բայց ինչպես ամեն բանի մեջ ավելանում եք հավատքով, խոսքով, գիտությամբ, ջանքով և մեր հանդեպ ունեցած ձեր սիրով,  ջանացեք, որ այս շնորհքով էլ առատանաք»: 2Կոր.8:7:

Եթե ուզում ես աճել հավատքի, գիտության, խոսքի, ջանքի և սիրո մեջ, ուրեմն պետք է աճես նաև տասանորդ և ընծա տալու մեջ:

Երբ դու առաջնորդվում ես Աստծո Խոսքով, ընդունում ես Նրա շնորհքը և ուրախությամբ քո ունեցվածքից բաժին ես տալիս Աստծո թագավորության համար, դրանով դու ապացուցում ես քո սերը Իր նկատմամբ:

«Ուրեմն ձեր սիրո և մեր՝ ձեզնով պարծենալու ապացույցը ցույց տվեք նրանց ամեն եկեղեցիների առաջին»։ 2Կորնթ 8:24

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ