Աստծուց հրամա՞ն, թե՞ Պողոսի խորհուրդ

Աստծուց հրամա՞ն, թե՞ Պողոսի խորհուրդ
Հիսուս Քրիստոսից հետո, երբ Սուրբ Հոգին թափվեց, նրանք, ովքեր հավատացին, նորից ծնվեցին՝ ոչ թե Ադամից, ոչ թե մարդուց կամ արյունից, այլ ինչպես գրված է. նրանք ծնվեցին Աստծուց և Աստված նրանց իշխանություն տվեց՝ Իր որդիները կոչվելու համար: Մեղավոր մարդուն Աստված դարձրեց իր որդի։ Եվ այսօր մենք ունենք Աստծուն՝ որպես Հայր և Սուրբ Հոգուն՝ որպես Բարեխոս: 
Սուրբ հոգին անձնավորություն է, և Նա քո ներսում է բնակվում ։ Նրա հետ հաղորդակցությունը լինում է հավատքի միջոցով:  Երբ դու աղոթում ես հավատալով, որ նա լսում է քեզ, Սուրբ Հոգին սկսում է շարժվել քո մեջ։ Նա Հոգի է, Նա ունի զգացմունքներ, ինչպես նաև շատ նուրբ բնավորության գիծ։ Այդ պատճառով մենք պետք է զգուշությամբ խոսենք ու վարվենք, որպեսզի չտրտմեցնենք Սուրբ Հոգուն, ով բնակվում է մեր մեջ: 
Եթե դու հաղորդակցություն ունենաս  Սուրբ Հոգու հետ, քո կյանքը կփոխվի։ Մարդը չի կարող սուրբ ապրել, եթե նրա մեջ Սուրբ Հոգին չբնակվի:  Ինչքան շատ հաղորդակցություն ունենաս Սուրբ Հոգու հետ, այդքան դու կզորանաս։
Աստվածաշունչն իր մեջ պարունակում է Աստծո Շունչն ու Հոգին, և երբ մարդը կարդում է այս Գիրքը հավատքով, Աստծո հոգին սկսում է շարժվել և ինչ-որ փոփոխություն է բերում մարդու կյանքի մեջ: 
Խոսքն առանց Հոգու ուղղակի գիր է և ոչ մի զորություն չունի։ Խոսքն ու Հոգին անբաժան են իրարից: Երբ դու կարդում ես այս Գիրքը հավատքով և պատրաստ ես, որ Սուրբ Հոգին խոսի քեզ հետ, շտկի ու հանդիմանի քեզ, Գրքի զորությունը գալիս է քո կյանքի մեջ: Մեզ փոխում է ոչ թե գիրը, այլ գրի հետևում կանգնած Հոգին: 
Սուրբ Հոգին  անձնավորոյթյուն է, նա սիրում է քեզ ու ուզում է քեզ հետ ընկերություն ու մտերմություն անել։ Դու պիտի բաց լինես Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունենալու համար: 
Հիսուսն ասաց, որ Նա կգա և ձեզ կառաջնորդի ճշմրտության մեջ: 
 Բայց հիմա արձակուեցանք օրէնքիցը մեռնելով նորան՝ որով որ բռնուած էինք, որպէս զի հոգու նորոգութիւնովը ծառայենք՝ եւ ոչ թէ գրի հնութիւնովը։ (Հռ. 7։6) 
Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է։ (2Կորնթ. 3։6)
Հին ժամանակներում Սուրբ Հոգին չկար երկրի վրա և մարդուն տրված էր միայն գիրն ու օրենքը: Հիսուսը մահացավ օրենքը կատարելով և մեզ տվեց մեծ առավելություն, որպեսզի մենք Հոգով ծառայենք։ Եվ մենք Խոսքն ընթերցելիս հասկանում ենք ոչ թե  մտքով, այլ ՝ Հոգով։ 
Հիսուսը ուղարկեց Սուրբ Հոգին, որպեսզի մենք հասկանանք Խոսքի էությունը։ Երբ դու հասկանաս, այդ ժամանակ Աստծո Խոսքը կկառուցի քեզ ու նրան, ում համար դու կխոսես Աստծո Խոսքը։ 
Հին կտակարանը առանց Հոգու բերում է կեղծավորություն։ Հիսուսը փարիսեցիներին ու դպիրներին անվանեց կեղծավորներ, որովհետև նրանք խոսքի միայն գիրն էին պահում, իսկ գիրը սպանում է: 
Աստվածաշունչը Հոգու գիրք է, որը պետք է հասկանալ Հոգով, իսկ հասկանալու համար, դու պետք է ճանաչես Աստծո Հոգուն: Ոչ թե ամեն հարցի, ամեն իրավիճակի պատասխանն այստեղ կա, այլ կա Սուրբ հոգին, որ քեզ տալիս է ամեն իրավիճակներից պատասխան, որը չի հակադրում Աստծո Խոսքի Հոգուն: 
Բայց կոյսերի համար հրաման չունիմ Տէրիցը. միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։ (1Կորնթ. 7:25)
Պողոսը այդ հարցում հրաման չուներ Աստծուց և նա ընդամենը խորհուրդ էր տալիս ժողովրդին՝ Աստծո Հոգուց ստացած իմաստությամբ, թե ինչպես վարվեին տվյալ ժամանակահատվածում, տվյալ իրավիճակում: Պատասխանն Աստծո հրամանը չէր,այլ պարզապես Պողոսի խորհուրդն էր, ինչն ինքը նշում է այդ խոսքում: Մարդիկ հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղեին Պողոսին ու նրա խորհուրդն իմանային: Բայց այսօր մենք էլ հնարավորություն ունենք անմիջապես Աստծուց ստանալու այն իրավիճակներում հանդիպող խնդիրների պատասխանները, որոնք չենք գտնում Խոսքում, և այն կարող ենք ստանալ հենց այդ նույն Հոգուց:   
Աստծո Խոսքը քեզ հոգու իմաստություն է տալիս, որն օգնում է քեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Իմաստությունը պարգև է, որն Աստված քեզ տալիս է Խոսքի միջոցով։ 
 Դավիթն ասում էր Տիրոջ օրենքն անարատ է, հանգստացնում է հոգին, ուրախացնում է սիրտը: Քո սիրտը պետք է ուրախանա Աստծո խոսքը կարդալիս: Նույն օծությունը, որ գալիս է հաղորդակցության, աղոթքի կամ երկրպագության ժամանակ, պետք է գա նաև Խոսքը կարդալու ժամանակ: 
Մեր այսօրվա լավագույն խորհրդականը Սուրբ Հոգին է, ում ճանաչելով և ում հետ մտերմանալով մենք կկարողանանք ներկայիս բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել: 

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ