Այլակերպություն և փառք

Այլակերպություն և փառք

«Նոր սերունդ» եկեղեցին հունվարի16-ից սկսում է մեկշաբաթյան ծոմ և աղոթք:

Ծոմն ու աղոթքը հզոր միջոցներ են Աստծո հետ հաղորդակցվելու համար: Եթե դու կարողանաս հաղթահարել մարմնիդ ցանկությունները, ուրեմն հաղթող ես և կհաղթահարես ամեն դժվարություն: Ծոմի ու աղոթքի միջոցով ձևավորվում է մարդու որակը:

Ծոմն առանց աղոթքի կարելի է համարել ուղղակի հացադուլ: Ծոմը զորավոր է, երբ ուղեկցվում է աղոթքով: Աղոթքի ժամանակ Հիսուսը այլակերպվեց.

«Եւ եղաւ որ նա աղօթք անելիս, նորա երեսի կերպարանքն ուրիշ կերպ եղաւ. Եւ նորա հագուստը սպիտակ փայլուն եղաւ»: Ղուկաս 9:29:

Ծոմի ու աղոթքի արդյունքում հավատացյալը պետք է այլակերպվի: Սակայն Աստված չի պահանջի քեզնից այլակերպվել, քանի դեռ Ինքը չի այլակերպվել քո աչքերին: Աստված նույնն է, Նա չի փոխվում, բայց քո աղոթքի հետևանքով քո հայացքն է փոխվում Իր նկատմամբ: Ու երբ մենք Աստծուն տեսնենք նորովի, մենք էլ կայլակերպվենք, լիովին կփոխվենք, կտեսնենք Աստծո փառքը:

Երբ Եսայի մարգարեն տեսավ Տիրոջ փառքը, ասաց՝ «Վա՜յ ինձ, որովհետեւ կորած եմ. Որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին»: Ես. 6:5:

Սա հենց այլակերպություն էր: Հավանական չէ, որ մարգարեն ուներ պիղծ շուրթեր, բայց Տիրոջ փառքի ներքո նա իրեն տեսավ այնպիսին, ինչպիսին մինչ այդ չէր տեսել: Մինչև քո այլակերպությունը Աստված ցույց է տալիս Իր սերը, Իր փառքը, Իր այլակերպությունը:

Կար ժամանակ, երբ մենք ուղղակի գիտեինք, որ Աստված գոյություն ունի և աշխատում էինք վատ արարքներ չգործել, մոմ էինք վառում և դա համարում էինք բավարար: Բայց մի օր Աստված բացվեց մեզ համար: Նա այլակերպվեց մեր աչքերին: Մենք նորովի ճանաչեցինք Նրան և դրա հետևանքով մենք ինքներս այլակերպվեցինք:

Երբ Հիսուսը այլակերպվեց, Նրա աշակերտները տեսան ուրիշ Հիսուս, տեսան Աստծո փառքը, տեսան Աստծուն:

Ծոմի ու աղոթքի արդյունքում Աստված նորովի կբացահայտվի քեզ համար: Արդյունքում կփոխվես նաև դու: Դու կսկսես ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, Աստված քեզ ցույց կտա քո խնդիրներն ու սխալները և կմաքրի դրանք:

Սեփական լրատվություն:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ