Չերևացող օրհնությունները հավիտենական են

Չերևացող օրհնությունները հավիտենական են
Եթե այսօր ինչ-որ դժվարության առաջ ես կանգնած, իմացիր, որ Աստծո Խոսքն այն համարում է ժամանակավոր: Ինչքան էլ բարձր ու անսասան լինեն Երիքովի պարիսպները, մինույն է դրանք պետք է քանդվեն Աստծո Խոսքոով: Քո դժվարությունը պետք է կարճ տևի, իսկ քո ուրախությունը պետք է մշտական լինի: 
«Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար, Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական»։  (2Կորնթ 4:17) 
Օրհնությունները մենք չենք տեսնում ֆիզիկորեն, բայց փոխարենը դրանց արդյունքն ենք տեսնում: Որպես ճշմարիտ քրիստոնյաներ շատ կարևոր է, որ մենք կարողանանք ապրել նաև անտեսանելիով: Աստծո Խոսքում բազմաթիվ տեղեր Աստված մեզ ասում է, որ չվախենանք, բայց հետաքրքրական է հետևյալ խոսքը,որտեղ Նա զգուշցնում է մեզ մի բանի մասին.
«Ուրեմն վախենանք, միգուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի։ Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. բայց նորանց օգուտ չբերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չխառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ...»: (Եբր 4:1-3)
Եբրայերեն թարգմանությունից Լեհեմ բառը նշանակում է հաց: Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում՝ Հացի տանը: Իմ ու քո հոգին կարիք ունի կերակրվելու այդ հացով, որ ծնվեց Բեթլեհեմում՝ Հիսուսով: Բայց բառը նաև ունի մեկ այլ իմաստ՝ պատերազմել, որովհետև երբ մենք սնվում ենք Աստծո Խոսքով, մենք պատերազմում ենք: 
Դավիթը Գողիաթի դեմ պատերազմի էր գնում, երբ վերջինս տեսանելի զենք ու զրահով էր, իսկ Դավթի ողջ զորությունն այդ պահին անտեսանելի էր, սակայն ավելի հզոր, քան որևէ տեսանելի բան: 
«Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը»: (1Թագ. 17:45)
Մի փորձիր Գողիաթի նմաններին համոզել, որովհետև նրանք միևնույնն է ցանկանալու են տեսնել, կամ շոշոփել, դու պարզապես կանչիր Տիրոջ անունն ու Աստված Իր Փառքը ցույց կտա քեզ: 
Հիսուսի հացի բազմացման հրաշքից հետո աշկերտները ծովով նավարկում էին, երբ փոթորիկ սկսվեց, սակայն նրանց կերակրելուց հետո, այդ փոթորիկի ժամանակ էլ,  Հիսուսը դարձյալ նրանց օգնության ձեռք մեկնեց: Աստվածաշնչում ոչ մի տեղ խոստում չկա, որ մենք դժվրություն չենք ունենալու, բայց գրված է, որ Տիրոջ բեռը քաղցր է ու լուծը թեթև: Իսկ ինչպե՞ս մենք կկարողանանք թեթև տանել մեր առաջ եղած բոլոր փորձությունները: Դա գալիս է մեր ներսից, մեր հոգուց, որովհետև գիտենք, որ երևացողները անցնելու են, իսկ չերևացողները մնալու են: Մեր անձնական ներքին սենյակում մենք պետք է հաղորդակցություն ունենաք Տիրոջ հետ, որպեսզի կարողանանք տեսնել բոլոր չերևացող օրհնությունները, որոնք հավիտենական են: 
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ