Երանի՜ ձեզ, որ հիմա քաղցած եք

Երանի՜ ձեզ, որ հիմա քաղցած եք

Քաղցն ու ծարավը այնպիսի վիճակ են, երբ օրգանիզմը ազդանշան է տալիս, որ սնվելու և խմելու ժամանակն է: Դրանք օրգանիզմի կարևոր ֆունկցիաներ են: Եթե չլիներ քաղցի և ծաչավի զգացողություններըը, մարդիկ չէին սնվի և մարդիկ ջուր չէին խմի:

Հոգևոր ոլորտում նույնպես կա քաղցի զգացողություն: Հենց այդ քաղցի մասին է ասում Հիսուսը.

«Երանի՜ ձեզ, որ հիմա քաղցած եք, որովհետև պիտի կշտանաք»: Ղուկ.6:21:

Բայց քիչ հետո  ավելացնում է.

«Վա՜յ ձեզ, որ կուշտ եք, որովհետև պիտի անոթենաք»: Երանի՜ ձեզ, որ հիմա քաղցած եք»: Ղուկ.6:25:

Թվում է, թե հակասություն կա այս երկու խոսքերի միջև: Սակայն համեմատելով այլ թարգմանությունների հետ տեսնում ենք, որ երկրորդ կուշտն ավելի շատ հագեցած իմաստն ունի: Ովքեր քաղցած են, պիտի կշտանան, ովքեր կուշտ են, պիտի անոթենան: Բայց կան մարդիկ, ովքեր հագեցել են, նրանց այլևս պետք չի սնվել:

Որպեսզի սնվի, մարդը պետք է քաղցի զգացողություն ունենա: Աստծո Խոսքի նկատմամբ քաղցը նույնպես ազդակ է, որ մարդը պետք է կարդա Խոսքը, լցվի Հոգով, իմանա Աստծո կամքը:

Աստծո կամքն այն չի, որ մարդն ուղղակի այցելի եկեղեցի: Աստված եկեղեցին ստեղծել է, որպեսզի այն կատարի Իր կամքը, որպեսզի եկեղեցում մարդիկ լսեն Խոսքը, ծառայեն Իրեն:

Այցելել կարելի է թատրոն, կինոթատրոն: Այդ վայրերում այցելուն մասնակից չի լինում այն ամենին, ինչը կատարվում է բեմում կամ էկրանին: Սակայն եկեղեցի եկողը պետք է մասնակից լինի այնտեղ կատարվող ամեն ինչին, պետք է ծառայի Աստծուն:

Ոմանք ասում են, թե իրենց մեջ ծառայելու կրակ չկա: Կրակը հենց ախորժակն է: Երբ մարդն առողջ է, նա ախորժակ ունի: Հոգևոր առողջ մարդը նույնպես պետք է ծառայելու ախորժակ ունենա: Երբ մարդը վերստին ծնվում է, երբ մարդը հասկանում է, որ իր ներսում մեղք կա, երբ մարդը ճիշտ է գնահատում այն, երբ զղջում ու ապաշխարում է, նրա մեջ առաջանում է քաղցը Աստծո Խոսքի նկատմամբ: Արթնությունը հենց հոգևոր քաղցն է: Կան երկրներ, որ արդեն կշտացել, հագեցել են: Դա վտանգավոր երևույթ է, որի ետևում սատանան է կանգնած:

Այսօր համացանցում քարոզների և քարոզիչների առատություն կա՝ կա հացը: Բայց կա՞ արդյոք այն ուտելու ախորժակը: Ի՞նչ անել, որ բացվի ախորժակը: Տարբեր ճանապարհներ կան դրա համար:

Երբ ընտանիքում երեխան տեսնում է, որ մեծերը կարդում են Գիրքը, իր ախորժակն էլ է բացվում: Երբ մարդ տեսնում է, որ մեկն ախորժակով հաց է ուտում, իր ախորժակն էլ է բացվում: Ուրեմն շփվի՛ր, ընկերություն արա այնպիսի մարդկանց հետ, ով սիրում է կարդալ Աստծո Խոսքը:

Ֆիզիկական կյանքում ախորժակ բացելու եղանակ է աշխատելը: Ծանր գործ անելուց հետո մարդու ախորժակը բացվում է: Աշխատի՛ր Աստծո համար, ծառայի՛ր Նրան, և ախորժակդ կբացվի:

Հոգևոր աշխարհում տարբեր օրգաններ են մասնակցում ախորժակի բացմանը: Երբ բամբասում ես, հայհոյում ես, վատ հռչակումներ ես անում, ախորժակդ փակվում է: Ուշադիր եղիր նաև, թե ինչ ես տեսնում, ինչ ես դիտում, ինչ ես լսում: Ինչ որ տեսնում կամ լսում ես, նույնպես կարող է ազդել ախորժակիդ վրա:

Մի՛ կեր ինչ պատահի: Ամեն կերակուր չէ, որ բացում է ախորժակը: Այսօր կան բազմաթիվ ուսուցումներ ու քարոզիչներ, դրանք կարող են նպաստել ախորժակիդ, բայց կարող են նաև փակել ախորժակդ: Եթե կերակուրը մաքուր չէ, այն կվնասի աղիքներդ ու ստամոքսդ: Հետևաբար հոգևոր սնունդը պետք է լինի ոչ միայն ուտելի, այլև լվացված: Հոգևոր սնունդը լվացվում է, երբ քո հովիվը, հոգևոր առաջնորդը հավանություն է տալիս դրան: Հովիվը քո հոգևոր սնունդը լվացողն է:

«Ով Աստուած, դու ես իմ Աստուածը. Առաւօտանց քեզ եմ ման գալիս. հոգիս ծարաւ է քեզ համար. Մարմինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարաւ երկրում, ուր որ ջուր չկայ»: Սաղմ.63:1:

Ախորժակներս բացելու համար պետք է ջանք անենք, կրակով արտաբերենք Աստծո անունը, փնտրենք Նրան, փառաբանենք Նրան այնպես, ինչպես Դավիթը:

Երջանիկ են նրանք, ովքեր քաղցած են և ծարավ Աստծո խոսքին:

 

Տ. Թադևոսյանի 18.03.2018թ. կիրակնօրյա պատգամից


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ