Ետ դարձրու նրա բոլոր ստացվածքը

Ետ դարձրու նրա բոլոր ստացվածքը
Փետրվարի 1-ի ծառայության պատգամախոսը «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանն էր:
Հավատացյալ լինելը դժվար չէ: Հավատացյալները մարդիկ են, ովքեր առաջնորդվում են Աստծո Խոսքով: Հավատացյալները հավատում են Աստծուն, քանի որ հավատում են այն ամենին, ինչ գրված է Աստծո Խոսքում Իր իսկ կամքով:
Անհնար է հավատալ Աստծուն ու չհավատալ Նրա Խոսքին: Հիսուսին հավատալուց ու ընդունելուց հետո կյանքն անպայման փոխվում է դեպի լավը:
Դու ծնվել ես մեկ նպատակով՝ գտնել Ճշմարտությունը, գտնել Հիսուսին և այս կարճատև, ակնթարթային կյանքից տեղափոխվել դեպի հավիտենություն:
Մատթեոս 10:40-42 խոսքերում կա երկու առանցքային բառ՝«ընդունել» և «վարձք»:
«Ով որ ձեզ ընդունում է, Ինձ է ընդունում. Եւ ով որ Ինձ ընդունում է, Ինձ ուղարկողին է ընդունում։ Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. Եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ։  Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնի իր վարձքը»։
Եթե Հիսուսին ընդունում ես որպես Տեր ու Փրկիչ, քո վարձքը կունենաս անպայման: «Որովհետև Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը», ասված է Աստծո Խոսքում (2 Օր.8:18): Աստված քեզ հարստություն չի տալիս, Նա ուժ է տալիս: Բայց ուժը ստանալու համար պետք է մարզվել, կրթվել, սովորել: Միայն այդ դեպքում Աստված քեզ ուժ կտա:
Մի բան է հավատալ, Աստծո գոյությանը, մի բան է հավատալ Նրա Խոսքին, այլ բան է Նրան ընդունելը որպես Տեր և Փրկիչ, որովհետև Նա է քեզ ուժ տվողը: Եղիսե մարգարեի օրոք մի կին ընդունեց մարգարեին, հավատաց նրան, կատարեց նրա խոսքը: Իսկ երբ կինը գնաց իր ունեցվածքի համար թագավորին բողոքելու, մարգարեի ծառան թագավորին պատմեց կնոջ մասին և թագավորը հրամայեց իր ներքինուն՝ «Ետ դարձրու նրա բոլոր ստացուածքը» (4 Թագ. 8:6):
Ընդունի՛ր Հիսուսին, կատարի՛ր Նրա Խոսքը, և Նա կհրամայի ետ դարձնել քո բոլոր ստացվածքը՝ առողջությունը, ունեցվածքը, ընտանիքը, երջանկությունը...
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ