Գրքեր և մի ուրիշ Գիրք

Գրքեր և մի ուրիշ Գիրք

Երկինքն իրական է: Այնտեղ է Աստծո տունը, այնտեղ է Աստծո գահը, Աստծո թագավորությունը: Սուրբ Գիրքը ոչ թե երկրի, այլ Երկնքի մասին է: Երկիրը դատապարտված է, և բոլոր նրանք, ովքեր Երկինք չեն գնալու, նույնպես դատապարտված են: Սակայն Աստված մարդուն ընտրելու հնարավորություն է տվել՝ գնալ Երկի՞նք, թե՞ տանջվել դժոխքում:

Բոլոր մարդիկ գիտեն, որ չարը լավ բան չէ, բայց ուժ չունեն, որպեսզի ազատվեն չարից: Փառք Հիսուսին, որ եկավ, որպեսզի դատապարտի մեղքը, ազատի մարդուն ու առաջնորդի դեպի Երկինք:

Աստված երբեք հենց այնպես ոչինչ չի ասում: Եթե Նա ասում է, ուրեմն դա խիստ կարևոր է: Աստված Հովհաննեսին ասաց.

«Եւինչ որ տեսնում ես, գրի՛ր մի գրքի մէջ եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին, որ Ասիայում են»: Հայտ. 1:11:

Ինչո՞ւ Աստված ասաց՝ ուղարկիր եկեղեցիներին: Որովհետև միայն եկեղեցիները կարող են անել այն, ինչ պատվիրում է Աստված: Աստված սրանից դեռևս  երկու հազար տարի առաջ ցույց է տվել, թե ինչ է լինեու հիմա.

«Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ»: Հայտ.4:1:

Սակայն մինչև ապագան ցույց տալը Հովհաննեսը տեսավ Աստծո գահը և այն ամենը, ինչ կար գահի շուրջը: Գահի շուրջը նստած էին քսանչորս երեցները և չորս կենդանիները, որոնք «հանգստութիւն չ’ունէին ցերեկ եւ գիշեր ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ,  Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է»: (Հայտ.4:8): Այդ կենդանիները հանգստություն չունեին, նրանց հանգստությունը Տիրոջը փառաբանելն էր:

Աստված այս ամենը Հովհաննեսին ցույց տվեց կիրակի օրը՝ «Եւ կիրակի օրը եղայ Հոգում»: (Հայտ.1:10): Կիրակի օրը քո հանգիստն էլ պիտի լինի Տիրոջը փառաբանելով: Այդ փառաբանությունը ինքնանպատակ չէ: Նպատակը այն գիրքն էր, որ ոչ ոք չէր կարողանում բացել: Բայց Գառը վերցրեց այդ գիրքը, որպեսզի բացի:

«Եւ երբոր գիրքն առաւ, չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, որ սուրբերի աղօթքն է»: Հայտ. 5:8:

Սա ևս մի անգամ ապացուցում է, որ Հիսուսն Աստված է, քանի որ ասված է՝ Միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես: Երեցներն Աստծո առաջ բերել էին երկու բան՝ քնարներ, որ երկրպագությունն է, և խունկով բուրվառներ, որ սուրբերի աղոթքն է: Սուրբերն աղոթում են կենդանության օրոք: Երբ մարդը մեռնում է, այլևս որևէ աղոթք չի կարող փոխել իրավիճակը: Միայն վերստին ծնվածների անունները կարող են գրվել Կյանքի գրքում: Աղոթի՛ր մարդկանց համար, քանի դեռ նրանք կենդանի են, որպեսզի ապաշխարեն և վերստին ծնվեն: Հետո արդեն ուշ կլինի:

«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար»: 1Տիմ.2:1:

Առանց աղոթքի ոչինչ չի կարող փոխվել: Նախքան գործելը աղոթի՛ր: Եթե մարդը անհավատ է, աղոթի՛ր նրա համար, խնդրիր, որ Տերը հպվի նրա սրտին: Ավետարանիր միայն աղոթելուց հետո:

«Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է Կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ»: Հայտ.20:12:

Մարդիկ լինում են երկու տիպի՝ Ադամ կամ Քրիստոս: Նրանք, ովքեր ունեն ադամական բնույթ, կդատապարտվեն ըստ վերը նշված գրքերի, որտեղ գրված են նրանց գործերը: Իսկ նրանք, ովքեր Քրիստոսից են, նրանց անունը գրված է այն մի ուրիշ գրքում՝ Կյանքի գրքում: Նրանք չեն դատապարտվելու, այլ հավիտենական կյանք են ժառանգելու:

Մարդիկ հաճախ կարծում են, թե մի քանի պատվիրան կատարելով՝ մի՛ գողացիր, մի՛ շնացիր, մի՛ սպանիր, կարող են երկինք մտնել: Սակայն ոչ մի պատվիրան չի կարող փրկել մարդուն: Մարդը կարող է փրկվել միայն Հիսուսի արյունով, և հենց այդ արյունով է փրկվածների անունները գրվում են մի ուրիշ գրքում՝ Կյանքի գրքում:

Տիգրան Թադևոսյանի 04.03.2018թ. կիրակնօրյա պատգամից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ