Համարձակ ենք ասելու

Համարձակ ենք ասելու

Աստծո Խոսքին կարելի է անվերապահորեն վստահել: Մարդու կյանքի մեջ բոլոր փոփոխությունները գալիս են Աստծո Խոսքից: Այն կարող է փոխել ամեն իրավիճակ: Իմաստուն մարդը օգտվում է Աստծո Խոսքից: Աստծո Խոսքով կարելի է և՛ կառուցել, և՛ քանդել: Կառուցվում են օրհնությունները, քանդվում՝ անեծքները:

«Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. Որովհետեւ ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։ Այնպէս որ համարձակ ենք ասելու. Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը»: Եբր.13:5-6:

Եթե քո կյանքում կան անկումներ, հիշի՛ր Խոսքը՝ «Համարձակ ենք ասելու»: Վերցրու Աստծո Խոսքը և սկսիր դավանել քո կյանքի մեջ: Դավանիր ոչ թե մի անգամ, մի օր կամ մի ամիս: Դավանությունը պետք է լինի ապրելակերպ: Մի՛ հուսահատվիր: Կարևոր չէ թե ինչ ես զգում կամ ինչ ես մտածում դու: Կարևորն այն է, թե ինչ է մտածում Աստված: Իսկ Աստված ասում է՝ «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»:

Ասա միայն դրական բաներ: Սովորիր ուրախ լինել: Աստված Իր Խոսքում մեզ տվել է ամենամեծ ու պատվական խոստումները (2Պետ.1:4), Աստված մեզ օրհնել է բոլոր օրհնություններով: Ուրեմն ուրախ եղիր, արարիր քո ուրախությունը: Քո հաղթությունը քո ուրախության մեջ է: Ուրախ եղիր, և դու կհաղթես: Դավանություններդ թող համարձակ լինեն: Համարձակության հիմքը Աստծո Խոսքն է:

«Ձեր խոփերը սուրեր շինեցէք, եւ ձեր յօտոցները՝ նիզակներ. թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես»: Հովել 3:10:

Կա խաղաղ ժամանակ և կա պատերազմական ժամանակ: Պատերազմի ժամանակ չեն վարում, ցանում ու հնձում: Պատերազմի ժամանակ խոփերից սուր են շինում ու պատերազմում են: Եթե քեզ թույլ ու տկար ես զգում, ասա՝ ես տղամարդ եմ, ես զորավոր եմ: Եթե կարծում ես, թե ի վիճակի չես նոր բաներ մտածելու, նոր գործեր անելու, ապա Աստված Ինքն է քո ուղեղում նոր մտքեր ձևավորելու: Նա քեզ զորացնելու է և անհնարը դարձնելու է հնարավոր:

Երբ դու ասում ես՝ հնարավոր չէ, դրանով դու փակում ես դռները բոլոր հնարավորությունների առաջ: Հավատա, որ ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսով (Փիլիպ.4:13):

Խոսքը զորություն ունի, և՛ դրական, և՛ բացասական զորություն: Ուրեմն դավանիր միայն դրականը, համարձակորեն ասա դրական բաներ: Որտեղ ապրում ես, աշխատում ես, սովորում ես, այդ վայրի մասին միայն լավը ասա: Միայն լավը ասա քո եկեղեցու մասին: Ասա համարձակորեն: Համարձակ արտասանված խոսքը անգամ ժողովրդական զանգվածներին է ղեկավարում:

Զաքարիա մարգարեի օրոք տաճար էին կառուցում: Բայց թագավորը հրաման արձակեց, որ դադարեցնեն շինարարությունը: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը հայտնվեց Զորաբաբելին ու ասաց.

«Ոչ թէ զօրութիւնով, եւ ոչ թէ ուժով, այլ Իմ Հոգովը, ասում է Զօրաց Տէրը։ Դու ո՞վ ես, ով մեծ սար. Դու Զօրաբաբէլի առաջին մի դաշտ ես»: Զաք.4:6-7:

Եթե դու առաջնորդվում ես Աստծո խոսքով, եթե դու դավանում ես Աստծո Խոսքը քո կյանքում, դու ցանկացած խնդրի, ցանկացած դժվարության կարող ես ասել՝ Դու ո՞վ ես, ով մեծ սար, ու սարը քո առաջ կդառնա հարթավայր: Ուզո՞ւմ ես փոփոխություններ լինեն քո կյանքում, ուրեմն մի՛ ասա՝ չգիտեմ, ասա՝ ես իմաստուն եմ, մի՛ ասա՝ տկար եմ, ասա՝ զորավոր եմ, մի՛ ասա՝ չեմ կարող, ասա՝ հնարավոր է:

Տիգրան Թադևոսյանի 02.09.2018 կիրկնօրյա քարոզից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ