Կապված մարդիկ

Կապված մարդիկ

Աստված անձնավորություն է: Նա ունի աչքեր, որոնցով տեսնում է, ունի սիրտ, որն ընդունակ է ուրախանալու և տրտմելու: Աստված Սուրբ Հոգու միջոցով բնակվում է մեր մեջ: Նա ուզում է խոսել մեզ հետ, լսել մեզ, օրհնել: Նա ուզում է, որ մենք երկրպագենք Իրեն:

Ջրհորի մոտ սամարացի կինը Հիսուսին ասաց.

«Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին. Եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել»: Հովհ.4:20:

Հիսուսը պատասխանեց.

«Հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։ …Բայց ժամանակ կգայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կերկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին (Հայրն այսպիսի երկրպագուներ է փնտրում)»: Հովհ.4:21,23  

Հիսուսը պարզ ցույց տվեց Աստծուն երկրպագելու վայրը: Դա ոչ Սամարիայի սարերն էին և ոչ էլ Երուսաղեմը: Ճշմարիտ երկրպագությունը պիտի լինի Հոգում՝ հոգով և ճշմարտությամբ: Զրույցի ժամանակ Հիսուսը երկրպագությունից անցավ դեպի երկրպագուները: Ըստ էության նա ասաց, որ հարկավոր է լինել ոչ թե երկրպագություն անողներ, այլ երկրպագուներ: Դրանք առանձնահատուկ մարդիկ են:

Երկրպագություն անողները փառաբանում են Աստծուն, ուրախանում են Նրա օրհնություններով, իրենց սիրտը բացում են Նրա առաջ, բայց դա երկրպագության մի մասն է միայն: Երկրպագությունը մարդու կյանքի ամբողջական, անմնացորդ նվիրումն է Աստծուն: Երկրպագությունը հարաբերություն է Աստծո հետ, որով պետք է ապրել մշտապես: Երկրպագուն հետևում է իր մտքերին, իր արարքներին, իր խոսքերին, որպեսզի այդ ամենը համապատասխանեցնի Աստծո կամքին:

Երկրպագությունը մեծ հաշվով երաժշտություն չի: Հիսուսը մեծագույն երկրպագուն էր, բայց գրված չէ, որ նա երգում էր կամ նվագում: Սա չի նշանակում, որ երկրպագելիս պետք չէ երգել, բայց դա պետք է լինի Հոգու մեջ և բխի հոգուց:

Երկրպագության ջրերը ողողում են մարմնի, շնչի և հոգու բոլոր ոլորտները, բժշկում, մաքրում են դրանք: Երկրպագուն նա է, ով հասկանում է իր կոչումը և իր կյանքն ամբողջությամբ տալիս է Աստծուն՝ այդ կոչման մեջ մնալու համար:

Պողոս առաքյալին ոչ-ոք չէր ստիպել կապվել Աստծո հետ: Նա ինքն էր կայացրել այդ որոշումը: Նա պատվիրում, խնդրում է մեզ.

«Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կ’վայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք»: Եփ.4:1:

Պողոս առաքյալը այս նամակը գրելիս բանտում էր: Սկայն կապված ասելով նա նկատի չունի միայն իր բանտարկյալ լինելը: Նա կապված էր Քրիստոսին: Դա նշանակում է, որ ինչ էլ անի, ուր էլ գնա, Քրիստոսն իր հետ է լինելու: Պողոսը երկրպագու էր: Այսպիսի կարգավիճակ ունեցողը գերի է բռնում ամեն միտք և հնազանդեցնում Քրիստոսին:

Աստված ուզում է, որ մենք մի մակարդակով վեր բարձրանանք՝ երկրպագություն անողներից, գովերգողներից դառնանք երկրպագուներ: Երկրպագուն կապված չի աշխարհի հետ, նա կապված է Քրիստոսի հետ:

Գովերգողը շնորհակալություն է հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ինքը ստացել է Նրանից: Երկրպագուն երկրպագում է Աստծուն նրա համար, որ Նա Աստված է: Գովերգողը խնդրում է Աստծուց, երկրպագուն ծառայում է Աստծուն:

Մենք պետք է ձգվենք, պետք է մեր կյանքը համապատասխանեցնենք Աստծո Խոսքին:

Պետք է դառնանք երկրպագու:

Տիգրան Թադևոսյանի 20.05.2018թ. կրակնօրյա պատգամից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ