Լցվե՛ք Սուրբ Հոգով

Լցվե՛ք Սուրբ Հոգով
Մարտի 15-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատագամախոսը երիտասարդ ու օծված քարոզիչ Գոռ Կարապետյանն էր:
Թեման նվիրված էր Սուրբ Հոգուն:
«Ամբողջ Հին Կտակարանում խոսվում է Հայր Աստծո մասին: Խոսվում է նաև Հիսուս Քրիստոսի մասին, սակայն հաճախ ոչ բացահայտ ձևով: Հիսուսին հայտնապես ու ամբողջությամբ տեսնում ենք Նոր Կտակարանում: Սուրբ Երրորդության երրորդ անձի՝ Սուրբ Հոգու մասին առաջին անգամ խոսվում է Սուրբ Գրքի ամենասկզբում՝ «Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ» (Ծն.1:2)։ Հետագայում Հին Կտակարանում հանդիպում ենք Սուրբ Հոգուն՝ Նա Իսրայելի ժողովրդին առաջնորդում է անապատով, Նրա ոգեշնչմամբ մարդիկ մարգարեանում են: Նոր Կտակարանում Սուրբ Հոգուն հանդիպում ենք բազմաթիվ անգամ: Միայն Առաքյալների գործերում Սուրբ Հոգու մասին խոսվում է 40-ից ավելի անգամ:
Այն Հոգին, որ շրջում էր ջրերի վրա, այժմ արդեն հարսի հետ կանչում է մեզ (Հայտ. 22:17), Նա ձգտում է մերձենալ, մտերմանալ մեզ հետ:
Սուրբ Հոգու նպատակներից է սովորեցնելը (Հովհ. 14:26): Առանց Սուրբ Հոգու կնմանվենք փարիսեցիներին, որոնք գիտեին Խոսքը, բայց Սուրբ Հոգին է կենդանացնում Խոսքը:
Սուրբ Հոգին հանդիմանում է, մխիթարում, առաջնորդում (Հովհ. 16:5-13): Սուրբ Հոգին մեկն է, ում ուսին կարող ենք դնել մեր գլուխը: Սուրբ Հոգով մենք զորություն ենք ստանում (Գործ.1:8), որով կարող ենք դիմակայել սատանային: Սուրբ Հոգու զորությամբ ծառայում ենք Տիրոջը:
Սուրբ Գիրքը մեզ հորդորում է լցվել Սուրբ Հոգով: Բայց ինչպե՞ս: Եփեսացիների 5:18-20-ը տալիս է այս հարցի պատասպանը.
«Եւ մի արբենաք գինով, որ նորանում անառակութիւն կայ, այլ լցուեցէք Հոգով, Խօսելով ձեր մէջ սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով, երգեցէք եւ սաղմոսեցէք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացէք Աստուածանից եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով»։
Ովքեր լցած են Սուրբ հոգով, նրանք Աստծո զավակներ են: Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու շնորհիվ է, որ գալիս են Աստծո Սերն ու զորությունը ու փոխվում է մեր կյանքը.
«Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն»։ (2Կոր.13:13):
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ