Մեր խղճի օրենքը

Մեր խղճի օրենքը
Մայիսի 3-ին «Նոր սերունդ» եկեղեցում քարոզում էր հովիվ Սուսաննա Հարությունովան.
Օրենքները շատ են: Բայց գերագույն օրենքը խղճի օրենքն է: Եթե մարդն իր մեջ ունի Աստծո Խոսքը և Նրա հիման վրա հաստատված խիղճը, ապա ոչինչ չի կարող հաղթել մարդուն:
Որպես խղճի օրենք Հիսուսը պատվիրեց՝ «Լացողների հետ լացեք, ծիծաղողների հետ ծիծաղեք»: Աշխարհում հաճախ հակառակն է լինում, որովհետև այնտեղ առաջնորդվում են աշխարհի օրենքով: Բայց մենք առաջնորդվում ենք երկնքի և մեր խղճի օրենքով:
Հոբը հարուստ էր, բարի, արդար ու աստվածավախ: Միշտ չէ, որ հարուստները չար են: Նրանց մեջ էլ լինում են բարի մարդիկ, այնպես, ինչպես աղքատների մեջ կան չար մարդիկ: Հոբը բարի էր, բայց մի օր կրցրեց ամեն բան, ինչ ուներ: Նրան այցելած ընկերները վերածվեցին Աստծո «փաստաբանների»: Աստված փաստաբանների կարիք չունի, այդ պատճառով էլ նրանց անվանեց «խղճուկ մխիթարողներ»:
Երբ մարդ նեղ վիճակում է, պետք չէ նրան պատճառները բացատրել: Առաջին հերթին պետք է նրան փրկել: Մեր տիրոջ անունը Փրկիչ է, ոչ թե պատճառ փնտրող կամ փորփրող:
Եթե մարդը նեղության մեջ է, պետք է ազատենք նրան նեղությունից: Քննադատությունը չի ազատում, ազատում է սերը: Հիսուսը լսում էր նեղության մեջ գտնվող մարդկանց, հասկանում էր ու ազատում:
Ով Հիսուսի մեջ է, նա կարող է սիրել, հասկանալ ու օգնել մարդկանց:
Տե՜ր, սովորեցրու մեզ սիրել...

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ