Սրբության նպատակը

Սրբության նպատակը

Մարդիկ հաճախ կարծում են, թե աղոթքը կերտում է իրենց ապագան: Մարդկանց թվում է, թե իրենց աղոթքի ժամանակ Աստված սկսում է ծրագրեր կազմել իրենց կյանքի համար: Սակայն Աստծո խոսքն ասում է, որ Աստված մեզ նախասահմանել է նույնիսկ մինչև մեր ծնվելը:

Հիսուսը ճանաչում էր մեզ մեր ծնունդից առաջ: Բայց մենք կորել էինք, սատանան ու մեղքը գողացել էին մեզ: Հիսուսը գտավ մեզ, բայց դա չի նշանակում, որ Նա չէր ճանաչում մեզ: Նա ոչ միայն ճանաչում էր, այլև նախասահմանել էր մեզ: Աղոթքի միջոցով մենք մտնում ենք Նրա նախասահմանության մեջ, ստանում ենք այն, ինչ Նա նախատեսել էր մեզ համար:

Քանի որ դու նախասահմանված ես Աստծո կողմից, ուրեմն դու միշտ գտնվում ես Աստծո կամքի կենտրոնում: Կա միայն մեկը, ով կարող է քեզ զրկել քո նախասահմանությունից: Դա սատանան չի և նույնիսկ Աստվածը չի:

Դա դու ես:

Միայն դու կարող ես մտնել Տիրոջ նախասահմանության մեջ կամ դուրս գալ այնտեղից: Դու դա կարող ես անել Աստծո կամքը կատարելով կամ չկատարելով: Աստծո կամքը, Աստծո պատվիրանները կատարելը քեզ միայն սրբություն տալու համար չեն: Սրբությունը ինքնանպատակ չի, այն քեզ քո նախասահմանության մեջ պահելու համար է:

Սատանան ջանում է մեզ ետ պահել մեր նախասահմանությունից ու դրա համար աշխատում է զրկել մեզ սրբությունից: Բայց մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի չկորցնենք մեր սրբությունը, որպեսզի մնանք Աստծո նախասահմանության մեջ: Քանի որ նախասահմանությունը սահմանել է Աստված, որեմն այն հզոր է և բարի:

Պատվիրանը խախտելը քեզ հեռացնում է նախասահմանությունից: Օրինակ, «Մի՛ շնացիր» պատվիրանը խախտելիս մարդը դառնում է մեկ այն անձի հետ, ում հետ շնանում է: Հայտնի չէ, թե ինչ անեծքներ, ինչ մեղքեր ունի նա, բայց շնության ժամանակ նրա անեծքները գալիս են նաև նրա հետ շնացողի վրա ու հեռացնում իր նախասահմանությունից:

Աստված մեզ օրհնել է բոլոր օրհնություններով.

«Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնաւոր բաներումը Քրիստոսով»: Եփես.1:3:

Սրբության, աղոթքի, ծոմի միջոցով մեզ են հասնում Աստծո այս օրհնությունները:

Եթե սուրբ լինելը նպատակ չունի, այլ ինքնանպատակ է, այն դառնում է կրոնավորություն և ոչնչով չի տարբերվում աշխարհի արդարությունից: Սրբության նպատակը Աստծո նախասահմանության և Տիրոջ ներկայության մեջ մտնելն է:

Հիսուսն ասաց.

«Եթէ մէկը կամենում է Իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ Իմ ետեւից գայ»: Մատթ.16:24:

Դժվար է ուրանալ սեփական անձը, բայց եթե Աստված պատվիրում է հրաժարվել ինչ որ բանից, ուրեմն Նա ավելի մեծ բան է սահմանել դրա փոխարեն: Ուրանալով քո անձը, դու դառնում ես Հիսուսի նման, դու և Հիսուսը դառնում եք մեկ: Եթե ամեն բան անում ես սրբությունդ պահելու համար, եթե քո աղոթքում փնտրում ես Տիրոջը,  դու կգտնես Նրան և կմտնես Նրա նախասահմանության մեջ:

Հովիվ Տիգրան Թադևոսյանի 21.01.2017 թ. կիրակնօրյա պատգամից

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ