Տեղ մի տվեք սատանային

Տեղ մի տվեք սատանային

Փետրվարի 8-ին «Նոր սերունդ» եկեղեցու պատգամախոսը կրկին եկեղեցու երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանն էր: Իր խոսքը քարոզիչը նվիրել էր մարդկային մտքին:

Մտածելակերպը ձևավորում է մեր կյանքը. ինչպիսին մեր մտածելակերպն է, այնպիսն էլ մեր կյանքն է:

Իմաստունը նա չէ, ով շատ բան գիտի կամ կարող է անգիր ասել Աստվածաշնչի շատ համարներ: Իմաստունը նա է, ով կարողանում է կիրառել այն, ինչը գիտի:

Հռոմ. 12:2-ում ասված է. «Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքով. այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որ դուք քննէք թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը»։

Իսկ ինչպե՞ս նորոգվենք մեր մտքի նորոգությամբ: Հիսուսն իր երկրային ծառայությունը սկսեց «ապաշխարեցե՛ք» հորդորով (Մարկ.1:15): Ապաշխարել՝ նշանակում է զղջալ, փոխել կարծիքը, նորոգել մտածելակերպը: Մտքի, մտածելակերպի համար պատերազմ է մղվում: Ով տիրեց մարդու մտքին, նա էլ կտիրի նրա կյանքին: Սատանան ձգտում է վատ մտքեր նետել մեր ուղեղի մեջ: Եթե տեղ տանք դրանց, ապա դրանք մեծանալու են, դառնալու են ահավոր մտքեր և մի օր բերելու են իրենց չար պտուղը: Դրանից խուսափելու համար պետք է վանենք սատանայի նետած վատ մտքերը, վանենք աղոթքով ու Աստծո Խոսքը կիրառելով:

Աստծո Խոսքն ասում է «...Մենք Քրիստոսի միտքն ունենք» (1Կոր.2:16): Ինչպե՞ս է գալիս Քրիստոսի միտքը՝ մեր կարդացածն ու գիտեցածը կիրառելով: Եթե օր ու գիշեր չլինենք Աստծո Խոսքի մեջ (Սաղմ.1), ապա սատանան իր դրոշակները կխփի մեր կյանքի մեջ: Բայց Տերն Իր Խոսքով եկել է, որպեսզի հանի այդ դրոշակները: Ու Տիրոջ խոսքը պիտի նմանվի անձրևին ու ձյանը, որ գալիս են երկրի վրա ու արգասավոր են դարձնում այն. «Այնպես էլ պիտի լինի Իմ բերանից դուրս եկած Խոսքը, այն պիտի պարապ ետ չդառնա Ինձ մոտ, այլ կատարի Իմ ուզածը, և հաջողվի նրանում, ինչի համար որ Ես նրան ուղարկեցի»,- ասում է Աստո Խոսքը (Ես.55:11)։

Մենք կարիք ունենք մշտապես մաքրելու, թարմացնելու, նորոգելու մեր միտքը, որպեսզի սատանան չզավթի, չտիրի նրան: Աստծո Խոսքն այն լույսն է, որ եկել է իմ ու քո կյանքի մեջ, որպեսզի քանդի, ցրի ամեն վատ միտք ու լուսավորի մեր կյանքը:

Սեփական լրտավություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ