Վե՛րջ երաշտին

Վե՛րջ երաշտին

«Եղիան մարդ էր մեզ պէս՝ կրքի ենթակայ. Եւ ջերմեռանդ աղօթք արաւ որ անձրեւ չ’գայ, եւ անձրեւ չ’եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս: Եւ դարձեալ աղօթք արաւ, եւ երկինքն անձրեւ տուաւ, եւ երկիրն իր պտուղը բուսեցրեց»: Հակ.15:18

Կյանքում շատ կարևոր է պտուղ բերելը: Մենք մշտապես սպասում ենք պտուղներին: Ու եթե անձրև գա՝ պտուղ կստանանք: Եղիան ջերմեռանդ աղոթք արեց, և անձրև եկավ: Ջերմեռանդ աղոթքով հնարավոր է ամեն բան:

Երաշտը միայն անձրևի բացակայությունը չէ: Գոյություն ունի հոգևոր երաշտ. Երբ բացում ես Աստվածաշունչը, ուզում ես կարդալ, հայտնություն ստանալ, բայց չի ստացվում՝ երաշտ է: Ամուսնացած եք, բայց հարաբեությունները սառել են՝ երաշտ է: ֆինանսական դժվարություններ ունես՝ երաշտ է: Ավետարանում ես, Արքայությունն ես քարոզում, բայց արդյունք չի լինում՝ երաշտ է:

Ու դու անհամբեր սպասում ես, թե երբ կվերջանա այս երաշտը: Վստահ եղի՛ր, կվերջանա, կգա հորդառատ անձրևների ժամանակը: Գոյատևի՛ր երաշտի ժամանակ, պատերազմի՛ր, հավատա՛, որ երկնքից է քո փրկությունը, և կգան անձրևները:

Անձրևից առաջ Եղիան ջուր ուզեց ժողովրդից: Երաշտի ժամանակ ամենից թանկ բանը ջուրն է: Մարդիկ բերեցին ջուրը: Եղիան երեք անգամ ջուր ուզեց, և երեք անգամ բերեցին ու լցրեցին զոհի վրա: Գուցե եղան մարդիկ, որ ջուր չտվեցին, բայց անձրևն եկավ: Անձրևը գալիս է և արդարների, և ամբարիշտների համար, բայց նրանք, որ չեն զոհաբերել իրենց ամենաթանկ բանը, խղճմտանք կունենան:

Եթե թեկուզ մի փոքր ջուր տաս Աստծո Արքայության համար, քեզ անձրևներ կտրվեն, հորդառատ անձրևներ: Մինչև աղոթելը առաջին բանը, որ արեց Եղիան՝ զոհասեղան շինեց: Հետո Եղիան ժողովրդին ասաց՝ ինձ մոտ եկե՛ք: Հիսուսը նույնպես ժողովրդին ասաց՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ»: (Մատթ. 11:28):

Կա՞ արդյոք կապ այս երկու դեպքերի միջև: Այո, կա: «Եւ եթե կամենում եք ընդունել՝ նա Եղիան է, որ գալու էր», - դրանից մի փոքր առաջ ասաց Հիսուսը Հովհաննես Մկրտչի մասին: (Մատթ.11:14): Ուրեմն, ինչպես Եղիայի ժամանակ ժողովուրդը մոտեցավ Եղիային և երաշտն ավարտվեց, այդպես էլ հիմա, եթե մոտենաս Հիսուսին, քո կյանքում երաշտը կավարտվի: Ու թեև քեզ թվում է, թե քո աղոթքները չեն լսվում, պատասխան չես ստանում, հոգնել ես, բայց Աստված կգտնի քո խնդիրների լուծումը, որովհետև Հիսուսն ասաց՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ…»:

Երբեք մի՛ հուսահատվիր, որ երաշտ է, ի՛նքդ անձրևներ բեր: Եղի՛ր Եղիայի պես, ջերմեռանդ աղոթք արա: Մի սպասիր, որ ուրիշը քո փոխարեն կաղոթի, մի՛ եղիր սպառող, այլ եղիր արտադրող:

Աստված Եղիային ասաց՝ «Գնա՛, երևա՛ Աքաաբին»: (3 Թագ.18:1): Հարկավոր է աղոթել, որ քրիստոնյաները հանդիպեն այսօրվա աքաաբներին, ցույց տան նրանց, թե որն է Աստծո կամքը: Դրանից հետո կգան անձրևները, եկեղեցին ոտքի կկանգնի, վերջ կլինի կյանքի երաշտին:

Հովիվ Տիգրան Թադևոսյանի 24.12.2017 քարոզից

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ