"Նոր սերունդ" եկեղեցու ծնունդը Երևանում չի եղել որևէ մեկի ծրագրավորման կամ մտահղացման արդյունքը: Այն ունի բնական ծագման և զարգացման պատմություն, ինչպես այն ամենը, ինչ ստեղծվում է Վերին նախասահմանության կողմից:
Եկեղեցու ծնունդն ու կայացումը սերտորեն միաձուլված ընթացք է ունեցել նրա այսօրվա առաջնորդների` հովիվներ Տիգրան և Հայկուհի Թադևոսյանների հոգևոր վերածննդի, Աստծո որոնումների, ապաշխարության, հոգևոր կյանքի իմաստի ոչ դյուրին ու հաճելի ուղու հետ: Ուղի, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ փորձություններ, հակամարտություններ, բաժանումներ ու կորուստներ, բայց ավելի շատ` ձեռքբերումներ, բարեկամներ, կողմնակիցներ, ջատագովներ, իսկ ամենակարևորը` Հայաստանի հոգևոր քրիստոնեական մշակույթի զարգացման նորանոր արժեքավոր ներդրումներ:
1989-90թթ. Խորհրդային միության և աթեիզմի փլուզումից հետո Հայաստանում նոր թափ ստացավ մինչ այդ ընդհատակում գործող հոգեգալստական շարժումը, որը ժողովրդի հոգևոր փնտրտուքների այդ բուռն շրջանում դարձավ շատերի հոգևոր քաղցի բավարարման հանգրվանը: Մարզադահլիճներում և մշակութային տներում, բազմամարդ ծառայությունների ժամանակ հազարավոր մարդիկ վերստին ծնվում և մկրտվում էին Սուրբ հոգով, լցվելով Կենդանի Աստծուն ծառայելու, ճանաչելու և նվիրվելու ցանկությամբ: Նրանց շարքերում էին նաև Տիգրան և Հայկուհի Թադևոսյանները, ինչպես նաև, եկեղեցու հիմնադիր անդամ մի քանի երիտասարդ ամուսիններ, որոնք տարբեր հանգամանքների բերումով հանդիպել և մտերմացել էին: 1992-93թթ. նրանք բոլորն էլ արդեն հրաժեշտ էին տվել նախկին մեղավոր կյանքին և ոտք դրել իրենց համար բոլորովին անծանոթ ու գաղտնիքներով լի մի նոր կյանք: Կյանք, որը լի էր Աստծո խոստումներով, բայց դեռևս ոչ մի լույս չէր ցոլում:
Տիգրանի և Հայկուհու Աստծուն ծառայելու տենչանքը, երաժշտական տաղանդն ու նվիրումը, թարմ և ազդեցիկ քարոզները շատ շուտով սկսեցին տարբերվել հիսունական եկեղեցու միօրինակ ու սահմանափակ ծառայություններից: Շուտով հիսունական եկեղեցում արգելվեց նրանց ծառայությունը, որոնցում նկատելի էին ժամանակակից երաժշտական ոճերի դրսևորոմներ:
Նորից հոգևոր փնտրտուքներ, գիշերային բուռն աղոթքներ, որոնց հիմնական բովանդակությունը Աստծուն ճանաչելու և ծառայելու, Նրա կամքն ու ուղին իմանալու ծարավն էր:
1999-2000թթ. էր, երբ պատահաբար Տիգրանի ձեռքին է հայտնվում Ռիգայի "Նոր սերունդ" նորաստեղծ եկեղեցու հովիվ Ալեքսեյ Լեդյաևի երաժշտական նախագծերն ու քարոզները: Սա խարիզմատիկակական նոր շարժում էր և հենց այն էր, ինչ նրանք փնտրում էին: Երկար ու ձիգ հոգևոր որոնումները արդարացրեցին իրենց: Աստված լսեց նրանց աղոթքները: Ա. Լեդյաևի քարոզներն ու երաժշտական նախագծերը գիտակցական հեղաշրջում առաջացրեցին երիտասարդ զույգերի կյանքում, որոնք սկսել էին արդեն պարբերաբար Աստծո հետ հաղորդակցության երեկոներ կազմակերպել հենց Տիգրանի տանը:
Հովվական կոչումը առաջին իսկ օրերից կարծես սկսել էր դրսևորվել Տիգրանի թե' խոսքում, թե' ծառայողական կյանքում, թե' նրա բազմաշնորհ տաղանդների մեջ և հատկապես նրա հոգատար ու քնքուշ նվիրված սրտում: Աստվածավախությունն էր, որ միայն որոշ ժամանակ արգելք էր` նրա շուրջ խմբված մարդկանց հովվական ծառայություն ընդունելու կանչին հապաղելուն: Սակայն Աստված արդեն սկսել էր նրան նախապատրաստել հենց խարիզմատական եկեղեցու հովիվ լինելու համար, և երկար հապաղելն անօգուտ էր: Տիգրանի և Հայկուհու հոգևոր խարիզման, ծառայողական նվիրումը, երաժշտական տաղանդը վստահություն և հավատ ներշնչեցին նրանց ծառայությունների նկատմամբ: 2002թ. արդեն 70-ից ավելի մշտական անդամներ ունեցող խումբը կապ հաստատեց Ռիգայի "Նոր սերունդ" եկեղեցու հետ:
Եվ անցնելով 8-ամյա դժվարին կայացման ճանապարհ, որտեղ լուրջ խնդիրներ և խոչընդոտներ են հաղթահարվել: Այսօր "Նոր սերունդ" եկեղեցին ձեռք է բերել արդեն բավականին կայուն դիրք քրիստոնյաների շրջանում իր առողջ ռազմավարության, ծառայողական ամուր թիմի և աստավծաշնչյան բարձրակարգ դպրոցի շնորհիվ: Նրա հոգևոր ծառայությունները, ծրագրերն ու երգերը մեծ պահանջարկ ունեն թե' Հայաստանում, թե' Սփյուռքում:
Հովիվներ Տիգրան և Հայկուհի Թադևոսյանները պարբերաբար հրավերներ են ստանում ծառայելու քրիստոնեական եկեղեցիներում: Եկեղեցին ունի գործող մասնաճյուղեր և շարունակում է ծառայել Աստծուն և հավատալ, որ քրիստոնեական արժեքները Հայաստանում կբարձրանան սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում:
Ծառայել Աստծուն նշանակում է ծառայել մարդկանց, ծառայել մարդկանց նշանակում է ծառայել հասարակությանը, ծառայել հասարակությանը նշանակում է ծառայել պետությանը:
"Բոլոր գետերը հոսում են ծովը… դուրս են տարվում ծովը, որ առողջանան ջրերը" (Ժող. 1:7, Եզեկ. 47:8):