Տիգրանի ժառանգականությունը մեզ հաղորդում է հետաքրքիր տեղեկություններ. Նրա մայրական տատիկը եղել է հույն, ուղղափառ եկեղեցու հետևորդ, իսկ պապիկի հայրը` Հունաստանի հայ առաքելական եկեղեցու քահանա` Տեր-Կարապետյան ազգանունով: Մայրը երգել է Հունաստանի Լարիսա քաղաքի հայ առաքելական եկեղեցու երգչախմբում: Փաստորեն երաժշտական օժտվածությունը և հոգևոր ծառայող լինելու առաքելությունը գալիս է նրա ժառանգական ակունքներից: Նրա ծնողները ծանոթացել են Սիբիրում, որտեղ հայտվել էին ստալինյան ռեպրեսիայի արդյունքում` աքսորավայրում, որտեղ երկուսն էլ սովորում էին նույն դպրոցում:
Տիգրանը ծնվել է 1965թ. Երևանում, ավարտել Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոցը /այժմ Կ. Դեմիրճյանի անվ./:
Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելուց հետո ավարտել է Կույբիշևի /Սամարայի/ Կուլտուրայի պետական ինստիտուտը` "Մշակութալուսավորչական գործունեության կազմակերպման մեթոդիստ" մասագիտությամբ:
Արդեն 14 տարեկանից նա սկսել է նվագել տարբեր երաժշտական գործիքների վրա, իսկ 15 տարեկանից արդեն ինքնուրույն վաստակում էր իր հրաշալի ձայնով ու երաժշտական ընդունակություններով: 1981թ. Երաժշտական փառատոնի ժամանակ հիացմունքով տարվում է հարվածային գործիների վրա վարպետորեն "մանեվրող" դեռատի աղջնակով, որը տարիներ հետո պետք է դառնար նրա կինը:
1987 թ. Տիրգրանն ու Հայկուհին ընտանիք են կազմում և 1988 թ. ծնվում է նրանց առաջնեկը` Լիլիան: Թեպետ նրանց կյանքը այդ տարիներին նյութապես ապահովված էր, սակայն Հայկուհու սրտում միշտ տիրում էր վախն ու անհանգստությունը Տիգրանի կյանքի և գործունեության համար: Այդ անհանգստությունը բերեց հոգևոր փնտրտուքների ,ու նա ծնկի եկավ Աստծո առջև: Կնոջ նվիրական աղոթքները Տիգրանի կյանքում բերեցին շրջադարձային բեկում. նա նույնպես ընդունեց Աստծուն: Սկսեցին նրանց կյանքի ամենածանր ու դժվարին օրերը: Համատեղել նախկին կենսակերպը հոգևոր կյանքի հետ անհնար էր, պետք էր նոր հիմքեր դնել` աստվածային սիրո ու աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխան: 90-ականների հոգևոր արթնության տարիներին նրանք հաստատվեցին հոգեգալստական շարժման մեջ: Այստեղ 1992թ. երիտասարդ զույգը մկրտվեց Սուրբ Հոգով և ջրով: 1993թ-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը` Ժակլինը, իսկ 1998թ.` Աննան: Շուտով հիսունական եկեղեցում Տիգրանն ու Հայկուհին սկսեցին աչքի ընկնել իրենց երաժշտական ոճական թարմությամբ ու խարիզմայով, որը սակայն միանշանակ չդիտվեց հիսունական շարժման առաջնորդների կողմից: Տիգրանն ու Հայկուհին Աստծուն փառաբանության ու երկրպագության մեջ չէին կարողանում հաշտվել սահմանափակումների ու ոճական խտրականության մտքի հետ: "Բոլոր երաժշտական գործիքներն ու ոճերն էլ Աստծուց են և պետք է փառաբանեն Աստծուն",- այսպես էին դատում նրանք: Այդ ժամանակահատվածում էր, որ Հայսատան այցելեց Ալեքսեյ Լեդյաևը, որի երաժշտական նախագծերն արդեն գերել էին հոգևոր երիտասարդ ծառայողներին: Հիսունականից օտարված և Տիգրանենց հյուրընկալ օջախում արդեն պարբերաբար հավաքվող մի քանի ընտանիքների համար Տիգրանը դարձավ հոգևոր առաջնորդ: Հետագայում նա ավարտեց Աստվածաշնչյան միաջազգային համալսարանը աստվածաբանության մագիստրի աստիճանով:
Տիգրանի օծված խոսքը, նվիրված սիրտը, միշտ Աստծուն ու մարդկանց ծառայելու պատրաստակամությունը շուտով հավաստեցին նրա հովվական կոչումը, ու արդեն մոտ 10 տարի է, ինչ Տիգրանի և Հայկուհու սրտացավ ու նվիրված ծառայության ներքո Հայաստանում ձևավորվում ու աճում է "Նոր սերունդ" եկեղեցին:
Հայկուհին ընտանիքում ամենափոքր դուստրն էր` երկու քրոջ և մի եղբոր կրտսեր քույրը:Ավարտել է Գոգոլի անվ. Ռուսական դպրոցը, 6 տարեկանից սկսել է երգեր գրել, դպրոցում աչքի էր ընկնում իր ակտիվ կազմակերպչական ձիրքով: Նվագել ու երգել է Աքսել Բակունցի /Կոկայի/ ղեկավարության պետական էստրադային "Սերպանտին" համույթում: Հարվածային գործիքի վրա նվագել նրան սովորեցրել է եղբայրը` Արտաշեսը, որը մեծ ներդրում է ունեցել նրա կայացման գործում: Ավարտել է Երևանի թիվ 2 բժշկական ուսումնարանը, որտեղ սովորելու տարիներին հիմնել էր աղջիկների էստրադային համույթ, որը շրջագայել է նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում: Աշխատել է 4-րդ մանկական հիվանդանոցում` որպես բուժքույր, ապա նշանակվել կադրերի բաժնի վարիչ:
Ամուսնությունը և առաջնեկի ծնունդը ընդհատեցին նրա այս ոլորտի աշխատանքային գործունեությունը. երաժշտական տաղանդն ու հոգևոր կոչումը ուղղորդեցին կյանքը այլ հունով:
Կյանքի դժվարությունները, երաժշտական-ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու հույսերն ու երազանքները կարծես հոդս ցնդեցին: Սակայն 1992թ. նրա և Տիգրանի ապաշխարությունը նոր հնարավորություն ընձեռեցին սրտից բխող երգն ու երաժշտությունը նվիրելու ոչ միայն մարդկանց, այլև Աստծուն:
Արդեն 10 տարի է Հայկուհին ստեղծագործում է և հոգեբուխ երգեր նվիրում Աստծուն, մանուկներին, ընտանիքներին ու իր սիրելի ամուսնուն: Նրա մեղեդային ու քաղցրահունչ երգերի ներքո ապաշխարել ու ապաշխարում են շատ կոտրված սրտեր: Նրա ծառայող սիրտն ու հոգատար վերաբերմունքը մայրական ջերմությամբ են պարուրում բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ անգամ շփվում են նրա հետ: Հայկուհու ստեղծագործ ու հարուստ մտքի բեղուն արդյունք են նաև եկեղեցու բազմաթիվ երաժշտական նախագծեր:
Հայկուհին արդեն թողարկել է երկու հեղինակային ձայնասկավառակ, գրում է երգեր նաև արտերկրի հոգևոր երգիչների համար: