15 օր Գերմանիայում: Լուսանկարներ
Գերմանիայում անցկացրած 15 օրերը ուղղակի երազ էին բոլոր մասնակիցների համար:
Գերմանիա մուտք գործելու առաջին իսկ րոպեից ներքաշվեցինք կազմակերպչական բուռն աշխատանքների մեջ. անդադար փորձեր, նախապատրաստական աշխատանքներ և այդ ամենը, իհարկե, մեծ խանդավառությամբ և բարձր տրամադրությամբ:
Դեկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին համերգային ծրագրով ելույթ ունեցանք Օլդենբուրգ քաղաքի «Նոր սերունդ» եկեղեցում: Ելույթից հետո շփվում և կիսվում էինք տպավորություններով եկեղեցու անդամների և հյուրերի հետ:
Ընդունելությունն անսահման ջերմ էր, ինչի համար անչափ շնորհակալ ենք:
Սակայն մեր մեկնելու բուն նպատակը դեկտեմբերի 26-ին և 27-ին կայացած «Սուրբ Ծնունդը Եվրոպայում» մանկական ներկայացումն էր, որոնց պատրաստվում էինք օր ու գիշեր:
Կազմակերպչական աշխատանքներն ընթանում էին շատ բարձր մակարդակով, նախապես ծրագրված և հաշվի էր առնված յուրաքանչյուր մանրուք: Ներկայացումների ավարտից հետո երեխաները հանդիպում եին Ձմեռ պապին, խաղեր խաղում, ուրախանում ներկայացման բոլոր մասնակիցների հետ, հյուրասիրվում, ինչպես նաև ստանում նվերներ:
Ներկայացումներին ներկա էր գրեթե 300 երեխա, որոնց ժպիտներն ու բարձր տրամադրությունը վկայում էին այն մասին, որ մեր ջանքերն ապարդյուն չեն անցել:
Ներկայացումների ավարտից հետո մոտենում էին լրագրողները, հարցազրույց վերցնում: բավականին հաճելի էր օրեր անց տեսնել ներկայացման և մեր մասին հոդվածը Գերմանական թերթի առաջին էջում:
Եվ, չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին, մենք ժամանակ գտանք այցելելու մի քանի տեսարժան վայրեր, ծանոթանալ տեղի մշակույթի հետ: Եվ վերջում մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հովիվ Գոռ Ղազարյանին և «ԱմՌու» մշակույթի կենտրոնին՝ նման անմոռանալի օրեր պարգևելու համար:
Եվ իհարկե շնորհակակալ ենք Աստծուն մեզ տրված նման հնարավորության և նոր ընկերներ ձեռք բերելու համար:
Վստահ ենք, որ այս ճամփորդությունը մեծ փոփոխություն է կատարել մասնակիցներից յուրաքանչյուրի կյանքում:
Ստելլա Բարսեղյան