20 րոպեի կանոնը
Քսան րոպե կարելի է դիմանալ ցանկացած բանի, որը դուք չեք ցանկանում անել։ Դա լավ միջոց է ինչ-որ բան սկսելու համար, ծուլության դեմ պայքարելու համար և սեփական մոտիվացիան բարձրացնելու համար։
Նա, ով օրական 20 րոպե սպորտով է զբաղվում, այլևս չի անհանգստանա իր առողջության մասին։
Նա, ով օրական 20 րոպե տրամադրում է տունը հավաքելուն, չի անհանգստանա տան կարգուկանոնի մասին։
Նա, ով օրական 20 րոպե տրամադրում է կնոջ կամ ամուսնու հետ շփվելուն, չի անհանգստանա փոխհարաբերություններում խնդիրների կապակցությամբ։
Նա, ով օրական 20 րոպե տրամադրում է օրագրում նշումներ անելուն, երբեք գաղափարների պակաս չի ունենա։
Նա, ով օրական 20 րոպե տրամադրում է… կարելի է անվերջ շարունակել, բայց ես ուզում էի մեկն էլ գրել։
Նա, ով օրական 20 րոպե տրամադրում է Աստվածաշունչը կարդալուն, կունենա բազում օրհնություններ Աստծո կողմից։
Օրական 20 րոպե Աստվածաշունչ կարդալով, կարելի է այն մեկ տարում ընթերցել-ավարտել սկզբից մինչև վերջ։
Քրիստոնյաների մեծ մասը ԵՐԲԵՔ չի կարդացել Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Դա մեծ բացթողում է։
Սիրելի քրիստոնյա քանի՞ անգամ ես Աստվածաշունչը կարդացել սկզբից մինչև վերջ։
Նկատում եմ, որ 21-րդ դարը կարդալու տեսակետից դարձել է թեզիսների դար։ Ամենուր կարճ, համառոտ թեզիսներ են։ Մարդիկ երկար կարդալ չեն սիրում և չեն կարողանում։ (Զարմանում եմ, որ այս ակնարկը մինչև այստեղ կարդացել եք։)
Սակայն եթե օրական մեկ թեզիս (համար, նախադասություն) կարդանք Աստվածաշնչից, ապա այն կավարտենք 85 տարվա ընթացքում, քանի որ Աստվածաշնչում 31 165 համար (նախադասություն) կա։ Շատերը այդպես էլ վարվում են. ընդամենը մեկ նախադասություն օրական։ Ուրեմն արեք ձեր եզրակացությունը։
Օրական 20 րոպե Աստվածաշունչ ունկնդրելով, կարելի է այն ավարտել յոթ ամսում (216 օրում), քանի որ ձայնագրված Աստվածաշունչը հնչում է մոտ 72 ժամ։
Սիրելի քրիստոնյա, գոնե օրական 20 րոպե տրամադրիր քո Աստծո հետ շփվելուն։
Աղբյուր՝ depihaverzh