4 բանալի իրական ընկերություն անելու համար

4 բանալի իրական ընկերություն անելու համար
Ապրիլի 27-ին ընդհանուր երիտասարդկան ծառայության հատուկ հյուրն էր հովիվ Սուսաննա Հարությունովան: Նա իր մտերմիկ զրույցով կիսվեց իրական ընկերության մասին:
«Իրական ընկերը չի փնտրում իր շահը: Լավ ընկերը կարող է և՛ սիրել, և՛ քաջալերել, ինչպես նաև, անկեղծ լինելով, անհրաժեշտ դեպքում հանդիմանել: Մենք պետք է պատրաստ լինենք՝ լսելու և ընդունելու հանդիմանությունը: Առակաց 27:17-ում գրված է, որ երկաթը երկաթով է սրվում: Ընկերները չպետք է փախչեն կոնֆլիկտներից, քանի որ միասին սրվելը բերում է իմաստություն և միաբանություն: Եթե ինչ-որ մեկը խուսափում է հանդիմանվելուց՝ հպարտության նշան է: 
Ահա 4 բանալի իրական ընկերություն անելու համար.
1.Ինքնազոհողություն
Հովհաննես 15:13-ում գրված է. «Ավելի մեծ սեր ոչ մեկը չունի, քան սա, որ մարդն իր կյանքը դնի իր բարեկամների համար» : Մեզ համար օրինակ է Դավիթի և Հովնաթանի ընկերությունը: Հովնաթանը, սեփական կյանքը վտանգելով, հրաժարվելով իր շահից՝ գահը ժառանգելու հնարավորությունից, օգնեց Դավիթին փրկվել: 
2.Անկեղծություն 
Հիսուսն ասում է, եթե մենք նրա ծառան լինեինք, Նա չէր կիսվի մեզ հետ, բայց քանի որ մենք Նրա ընկերներն ենք, Նա ուզում է անկեղծ լինել մեզ հետ (Հովհաննես 15:14-15): Իրական ընկերները գաղտնիքներ չունեն միմյանցից: 
3.Կապվածություն
Սերը միաբանում և կապում է մարդկանց: (Առակաց 18:24)
Հովնաթանի մահից հետո Դավիթը գտավ նրա որդուն, ով կաղ էր և, դեմ գնալով բոլոր օրենքներին, ասաց, որ նա իր սեղանի շուրջը նստի և օգտվի իր սեղանից: Իրական ընկերները չեն ամաչում իրարից, նրանք ծածկում են միմյանց թերությունները: Հիսուսը չամաչեց մեզանից, այլ սիրեց մեզ այնպես, ինչպիսին մենք կանք:
4.Վստահություն
Ընկերության մեջ պետք է լինի վստահություն և գաղտնապահություն: Ընկերները պետք է ձեռք մեկնեն դժվարության ժամանակ: (Առակաց 17:17)
Բամբասանքն ու բանսարկությունը քանդում են ընկերությունը: Աչքի երևույթով հարկավոր չէ դատել մարդուն: Արդարը 7 անգամ կընկնի, բայց մենք պետք է մեր ընկերների կողքին լինենք՝ նրանց բարձրացնելու ու սխալները ծածկելու համար: Աստված պատրաստ է բարձրացնել ընկած արդարին, սակայն շատ անգամ ընկածը չի կարողանում բարձրանալ, քանի որ եկեղեցում մարդիկ չեն ընդունում նրան, ինչպես քահանաները չընդունեցին ու չօգնեցին Հուդային, երբ նա մեղանչել էր:
Հիշաչարությունը նույնպես հեռացնում է ընկերներին: Հիսուսը ներում է մեզ՝ չհիշեցնելով մեզ մեր անցյալի մասին: Եկե՛ք սիրենք ու ներենք իրար, ինչպես Քրիստոսը սիրեց ու ներեց մեզ» : 
Հանդիպման ավարտին երիտասարդները փոքրիկ հյուրասիրության շուրջ շփվեցին և կիսվեցին տպավորություններով:

Կարծիքներ.
Հովիվ Սուսաննայի խոսքը շատ արդիական էր: Ամեն մեկս պետք է հասկանանք, որ ամեն քրիստոնյա գտնվում է դեպի կատարելություն տանող ընթացքի մեջ: Այդ ընթացքի մեջ կան և՛ վերելքներ, և՛ անկումներ: Չպետք է իրար խիստ դատել: Կատարյալ մարդ չկա:
Անուշ Գալոյան
Այսօր ինձ համար որոշում կայացնելու օր էր: Ես ունեցել եմ լավ ընկերներ, որոնց հետ ինչ-ինչ պատճառներով այլևս չեմ շփվում: Եթե շատ հարցերում այդ մարդիկ ինձ ընկեր չեն եղել, այսուհետ որոշեցի ես լինեմ ընկեր նրանց համար և յուրաքանչյուր պարագայում օգնեմ ու բարձրացնեմ ընկերներիս:
Անետա Կինոյան
Օրհնված, ուսուցողական և պատկերավոր խոսք էր՝ մարդկային ու Աստծո հետ հարաբերությունների մասին: Մենք պետք է ներենք մեր ընկերներին ու շրջապատին:
Գայանե Նեդինա
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ժամը 18։30։
«NG | YOUTH»

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ