4 պատճառ այս կիրակի օրը եկեղեցի գնալու համար
Եթե առաջին դարի եկեղեցում տեղեկանային այս հոդվածի մասին, գուցե հեղինակին հրավիրեին հատուկ բացատրության և անհատական աղոթքի:
Ինչո՞ւ: Որովհետև այն ժամանակ նման գրառման անհրաժեշտություն դժվար թե լիներ. ի՞նչ կիրակի օրվա մասին է խոսքը, երբ.
Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներում, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում. Աստուծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին. Եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։
Գործք 2:46-47
Հիմա, սակայն, խնդիրը սուր է: Շատ սուր է: Կյանքի օրեցօր ահագնացող, ահռելի արագության հասնող ռիթմը՝ իր հոգսերով, զվարճանքներով, խաբեություններով, հին ու նոր, լավ ու վատ կողմերով, մշտապես ուղեկցվող անբավարարվածության զգացումով մի մեծ պտտահողմի պես մարդկանց կլանում է իր մեջ և գնալով ավելի ու ավելի է թափ հավաքում, ընդարձակվում. արդյուքնում՝ էլ ավելի մեծ ու կործանարար ավերածություններ թողնում բազմաթիվ քրիստոնյաների կյանքում:
Այսօր քրիստոնյաներին համոզել է պետք, որպեսզի նրանք գոնե կիրակի օրը եկեղեցի գնան: Քրիստոնյաների՜ն: Վերստին ծնված մարդկանց: Այնինչ նրանցից շատերը վաղուց արդեն լծված պետք է լինեին բոլորովին այլ գործի:
Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. Կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի։
Եբրայեցիներ 5:12
Սակայն փաստ է: Շատերն արդեն իրենց եկեղեցի գալ-չգալով սկսել են մանիպուլիացիա անել, ոմանք էլ համացանցով են բավարարվում, համացանցով են հետևում եկեղեցական ծառայություներն. հավանաբար համացանցով էլ «հաղորդկացվում» են Երկնքի հետ:
Ինչևէ: Գրառմանս նպատակը այս կիրակի մեկ հոգու դեպի իր եկեղեցին ուղղորդելն է: Մեկ հոգու:
Ահա մի քանի պատճառ, որոնք ավելին քան բավարար են այս կիրակի քեզ եկեղեցի ուղղորդելու համար
ԱՌԱՋԻՆ: Դա Տիրոջ պատվիրանն է.
Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, եւ սրբեց նորան, որովհետեւ նորանում հանգստացաւ իր բոլոր գործքիցը, որ Աստուած ստեղծեց եւ արաւ։
Ծննդոց 2:3
Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. Բայց եօթներորդ օրը՝ քո Տեր Աստուծոյ հանգստութեան օր է.
Ելից 20:8-10
ԵՐԿՐՈՐԴ: Դա քրիստոնեական սովորություն է.
Եւ եկաւ Նազարէթ, ուր որ մեծացել էր. Եւ իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտաւ, եւ կանգնեց որ կարդայ։
Ղուկաս 4:16
Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. Բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է։
Եբրայեցիներ 10:25
ԵՐՐՈՐԴ: Դա ամենպաշտպանված վայրն է երկրագնդում.
Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, եւ այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն յաղթիլ նորան։
Մաթեոս 16:18
ՉՈՐՐՈՐԴ: Այնտեղ իմ կարիքը կա
Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։
Գաղատացիներ 6:2
Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։
1 Թեսաղոնիկեցիներ 5:11
Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. Քանի որ այսօր է ասվում. Որ ձեզանից մէկը չ’խստանայ մեղքի խաբէութիւնովը։
Եբրայեցիներ 3:13
Պատճառներն իրականում շատ են, ես ընդամենը դրանց ցուցակագրման մեկնարկը դրեցի, դու շարունակի՛ր, իսկ երրորդն էլ կամբողջացնի այն:
Այս կիրակի անպայման գնա՛ եկեղեցի, երկրպագի՛ր Տիրոջը, հաղորդակցվի՛ր Նրա զավակների հետ, ծառայի՛ր նրանցից գոնե մեկին ինչով որ կարող ես, ամուր գրկի՛ր հովվիդ կամ ավագիդ, շնորհակալություն հայտնի՛ր նրան:
Մինչ դու որոշում էիր այս կիրակի գնալ եկեղեցի, թե ոչ, ծառայել, թե ոչ, նրանց նման մարդիկ, ովքեր վաղուց արդեն չունեն նման ընտրության շռայլություն, քանի որ երկար ժամանակ է, ինչ ուրիշն է կապում իրենց գոտին ու տանում այնտեղ, ուր միշտ չէ, որ իրենք ցանկանում են գնալ, բայց գնում են (Հովհ. 21:18), աղոթում էին քեզ համար, արտասվում էին քո անկումով ու օտարացումով, սիրում են քեզ, միշտ սպասում են քեզ ու հիմա, երբ նրանք գրկել են քեզ, գոհանում են Տիրոջից, որ Տերը լսել է նախորդ գիշեր արված իրենց աղոթքը: Թեև իրենց տանն ու կենցաղում շատ պակասություներ ունեն, բայց աղոթում էին հենց քեզ համար, և հիմա նրանց համար արդեն կարևոր չեն իրենց խնդիրները:
Կարևորն այդ պահն է…
Այս և քո կյանքի մյուս բոլոր կիրակի օրերը գնա՛ եկեղեցի:
Գոռ Կարապետյան