7x70

7x70

Մարդու կյանքի մեծ մասը կառուցվում է հարաբերությունների հիման վրա՝ հարաբերություններ ընտանիքում, հարաբերություններ եկեղեցում, հարաբերություններ աշխատանքում, հարևանների հետ…

Հաճախ մեր հարաբերություններից կախված է լինում նաև մեր տրամադրությունը, մեր գործերը, հաջողություններն ու ձախողումները:

Կան մարդիկ, որ եկեղեցում արագ աճում են հավատի մեջ: Բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր թեև գտնվում են Աստծո տանը, հավատքի մեջ, բայց չեն փոխվում, չեն աճում:

Ի՞նչն է դրա պատճառը: Պատասխանը գրված է Աստծո խոսքում.

«Անկարելի է, որ գայթակղութիւններ չ’գան. Բայց վայ նորան որի ձեռովը կ’գան։ Աւելի լաւ է նորան, որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախուէր եւ ծովը գցուէր, քան թէ այս փոքրներից մէկին գայթակղեցնէ։ Զգոյշ կացէք ձեր անձերին։ Եթէ քո եղբայրը մեղանչէ քեզ դէմ, յանդիմանիր նորան. Եւ եթէ ապաշխարէ, ներիր նորան։ Եւ եթէ օրը եօթն անգամ քեզ դէմ մեղանչէ՝ եւ եօթն անգամ քեզ մօտ դառնայ եւ ասէ՝ Ապաշխարում եմ, ներիր նորան»: Ղուկ.17:1-4:

Այս հատվածը վերաբերվում է հարաբերություններին: Մեր հարաբերությունները թանկ են Աստծո համար: Նա հորդորում է, որ պահպանենք մեր հարաբերությունները, չտրորենք դրանք, չհրաժարվենք դրանցից:

Հարց է առաջանում, թե ո՞վ է ավելի մեղավոր՝ վիրավորո՞ղը, թե՞ վիրավորվողը, գայթակղեցնո՞ղը, թե՞ գայթակղվողը, հիասթափեցնո՞ղը, թե՞ հիասթափվողը:

Բնական է, որ ավելի մեղավոր է նա, ով պատճառ է դառնում ուրիշի ցավին, դառնությանը, վիրավորանքին: Սակայն նա, ով նեղացել է, ով իր մեջ կրում է վիրավորանքի ցավը, նա սկսում է քայլեր կատարել: Եթե նա հոգևոր հասկացողության տեր է, ապա նա պետք է ների: Պետք է ների յոթ անգամ, յոթանասուն անգամ յոթ անգամ:

Բայց նա, ով պատճառ է դարձել այդ ցավին, նա չի կարող աճել հոգևոր կյանքում: Դու պետք է հանդիմանես նրան, տեղեկացնես, որ ինքը քեզ ցավ է պատճառել: Դրանով դու նրան հնարավորություն կտաս, որ ետ քաշվի, զղջա, ապաշխարի ու ազատվի այդ բեռից:

Եթե մեկը ասի, որ ինքը ներում է, բայց հրաժարվում է վիրավորողի հետ հետագա հարաբերություններից, մի՛ հավատացեք: Հնարավոր չէ, որ ներումը հարաբերություններ քանդի:

Իսկ ձեր ճշմարիտ հարաբերությունները անհրաժեշտ են, որպեսզի աշխարհը ձեզնով ճանաչի Հիսուսին.

«Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս Ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ Իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք»: Հովհ.13:34:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ