ԱՄՆ-ում դատավորն արգելել է երեխային Մեսիա կոչել
ԱՄՆ Թենեսի Նահանգի Նյուպորտ քաղաքում դատավորն արգելել է յոթամսյա երեխային Մեսիա կոչել: Դատավորը հայտարարել է, որ Մեսիան միակն է եղել՝ Հիսուս Քրիստոսը: Նա նաև նշել է, որ անունը պետք է փոխել հանուն երեխայի, քանի որ նա ապրելու է մի երկրում, որտեղ շատ են քրիստոնյաները: Դատավորն առաջարկել է ծննդյան վկայականում նշել Մարտին անունը:
Երեխայի մայրը խոստացել է բողոքարկել դատավորի վճիռը: «Բոլորը հավատում են ինչին կամենան և ես իրավունք ունեմ իմ երեխաներին անվանել այնպես, ինչպես ինձ դուր է գալիս»,- հայտարարել է նա: Կինը բացատրել է, որ երեխային անվանակոչել է Մեսիա, որովհետև իրեն դուր է գալիս այդ անվան հնչողությունը: Նրա մյուս երկու երեխաների անուններն են Միկա և Մեյսոն:
Դատավորը երեխայի անվան վրա ուշադրություն է դարձրել այն բանից հետո, երբ նրա ծնողներն իրենք են դիմել դատարան, որպեսզի լուծեն իրենց վեճը երեխայի ազգանվան վերաբերյալ:
Ամերիկյան սոցիալական ծառայության տվյալներով Մեսիան մտնում է այն անունների առաջին հնգյակի մեջ, որոնց ժողովրդականությունը վերջին տարիներին աճում է:
Աղբյուր՝ invictory.org