Աֆղանստանում առաջարկում են մահապատժի ենթարկել քրիստոնեություն ընդունողներին
Աֆղանստանի խորհրդարանի պատգամավոր Նազիր Ահմադ Խանաֆին առաջարկել է մահապատիժ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր քրիստոնեություն կընդունեն:
Պատգամավորը կարծում է, որ այս միջոցառումը կկասեցնի քրիստոնեության արագ աճը հայրենիքում և արտասահմանում ապրող աֆղանների մեջ:
«Աֆղան ժողովուրդը զանգվածային կերպով քրիստոնեություն է ընդունում հատկապես Հնդկաստանում»,- հայտարարել է պատգամավորը: Նազիր Խանաֆիի առաջարկը հաջորդել է քրիստոնեության աճի մասին հեռուստատեսային հաղորդմանը:
Ավելի վաղ խորհրդարանի մեկ այլ պատգամավոր հայտնել էր, որ Հնդկաստանում, ուր ապրում են հազարավոր աֆղան փախստականներ, ստեղծվել է «Աֆղանների եկեղեցի» անունով քրիստոնեական համայնք, որի անդամներ են Քաբուլի նախկին բնակիչները:
Մեկ այլ պատգամավոր՝ Աբդուլ Լաթիֆ Փեդրամը, հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ քրիստոնեության արագ աճի պատճառը ԱՄՆ ներկայությունն է Աֆղանստանում:
Բացի այդ, խորհրդարանի նախագահ Աբդուլ Իբրահիմին դատապարտել է ցանկացած գործունեություն, որը կնպաստի երկրում քրիստոնեության տարածմանը և Ազգային անվտանգության Կոմիտեին հանձնարարել է «լրջորեն զբաղվել այդ հարցով»:
Աղբյուր՝ cnlnews.tv