Աղոթքը Երկինքն իջեցնում է երկիր
Հիսուսի աշակերտները խնդրեցին Հիսուսին, որ իրենց աղոթել սովորեցնի: Աշակերտները հրեա էին և մանկուց աղոթում էին, բայց Հիսուսի աղոթքը տեսնելով հասկացան, որ իրենց աղոթքը Նրա աղոթքի համեմատ աղոթք չէր:
Սեպտեմբերի 22-ին «Նոր սերունդ» եկեղեցում կրկին ծառայում էր Աբովյանի «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ Արարատ Պողոսյանը: Նրա օծված ծառայությունները միշտ ջերմությամբ են ընդունվել «Նոր սերնդի» հավատացյալների կողմից և ունեցել են իրենց բարերար ազդեցությունը հոգևոր աճի կարևոր գործում:
Հովիվ Արարատը անհերքելի տրամաբանությամբ վերլուծեց աղոթքի էությունը, պարզաբանեց աղոթքի պատասխան ստանալու գաղտնիքները: Քարոզը հագեցված էր Աստծո Խոսքից մեջբերումներով, քնարական համեմատություններով, գիտական հիմնավորումներով ու նաև կատակներով:
Հիսուսի աղոթքի մեծագույն առանձնահատկությունն այն էր, որ այն փոխում էր մթնոլորտը, որ աղոթքի շնորհիվ Երկինքը իջնում էր երկիր: Իսկ երբ Երկինքը գալիս է, այն դատարկ չի գալիս: Երկնքի շտեմարանները միշտ լիքն են հավատացյալների համար, ովքեր անկեղծ աղոթքով հաղորդակցվում են Աստծո հետ:
Աղոթքը մենախոսություն չէ, այլ երկխոսություն է: Սպասեք Աստծո պատասխանին հենց աղոթքի ժամանակ, և Նա կպատասխանի:
Հին Կտակարանում աղոթքի խորհրդանիշ է խունկը, որի ճշգրիտ բաղադրությունը պետք է պահպանվի սրբորեն (Ել. 30:34-38): Եթե քո խունկը՝ աղոթքը կեղծված է, ապա բժշկություն կամ ազատագրում մի ակնկալիր:
Աղոթի՛ր հոգով: Աղոթքը հոգիների միաձուլումն է՝ քո և Սուրբ Հոգու հպումը:
Խոսքի ավարտին հովիվ Արարատի առաջնորդությամբ «Նոր սերունդ» եկեղեցին աղոթեց բոլոր հավատացյալների և առանձնապես՝ իրենց հովիվների համար:
Տեսանյութը՝ այստեղ:
Սեփ. լր: