Ամենածանր հիվանդությունը
Մեր ամեն մի քայլը, ամեն որոշումը մեզ ինչ որ տեղ տանում է: Մեղքը մեզ տանում է դեպի մահ, բայց կա մի բան, որ դեպի կյանք է առաջնորդում:
Հռոմեացիների 5:12-19-ում ամենից հաճախ կրկնվող բառերն են մեղք, մահ, շնորհք, արդարություն, կյանք:
Աստված մարդու համար մահ չէր նախատեսել: Նա մահ չէր ստեղծել: Մահը եկավ մարդու և սատանայի համագործակցության պատճառով:
«...Ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. Եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին»։ Հռոմ. 5:12:
Մահն իրենից առաջ ուղարկեց մեղքին, ըսդ որում՝ մեղանչեցին բոլորը:
Ամենածանր հիվանդությունը մեղքն է: Այս հիվանդությունից մահանում են բոլորը:
Բայց Աստված Փրկության մեծ ծրագիր ուներ մեզ համար՝ մահվան իշխանությունից ազատելու և կյանք պարգևելու: Նա Ինքը եկավ աշխարհ ու բերեց ձրի պարգևը՝ շնորհը: Շնորհով էլ կյանքը եկավ:
Շնորհով արդարացավ ամեն ոք, ով ընդունեց «շնորհքի լիութիւնն ու արդարութեան պարգեւները»:
Ինչպե՞ս ընդունել շնորհը, ինչպե՞ս ստանալ արդարության պարգևները, ինչպե՞ս արժանանալ հավիտենական կյանքին:
Այս հարցերի պատասխանն էլ ունի Աստծո Խոսքը. Հիսուսը Ղևի անունով մաքսավորին ասաց. «Իմ ետեւից եկ։ Եւ նա ամեն բան թողեց, վերկացաւ գնաց նորա ետեւից»։ Ղուկաս 5:27-28:
Թո՛ղ հինը, թո՛ղ ամեն բան ու գնա՛ Հիսուսի ետևից, ու կստանաս շնորհը, արդարությունը, կյանքը:
Ահա այս մասին էր «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի հուլիսի 27-ի կիրակնօրյա ավետարանչական պատգամը, որի արդյունքում Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեցին դահլիճում գտնվող նորահավատները: