«Ամուսնություն և ընտանիք» խորագրով սեմինարի եզրափակիչ հանդիպումը
Մարտի 9-ին կայացավ «Ամուսնություն և ընտանիք» խորագրով սեմինարների եզրափակիչ հանդիպումը: Աշխույժ փառաբանությունից և երկրպագությունից հետո Հովիվ Տիգրան Թադևոսյանը Աստծո խոսքից մեջբերումներով և օրինակներով պատասխանեց երիտասարդների բոլոր հարցերին:
Նա հորդորեց, որպեսզի երիտասարդներն Աստծո հետ մշտապես անձնական հաղորդակցություն ունենան, քայլեն Աստծո խոսքի մեջ, որպեսզի կյանքի բոլոր իրավիճակներում կարողանան զանազանել ճիշտը սխալից:
«Աստված հարգում է մարդու ընտրությունը, սակայն կարևոր է նաև, որպեսզի նա փնտրի Աստծո կամքը, որը անպայման պետք է Տիրոջ ստանդարտներին համապատասխան լինի: Մարդիկ չեն ամուսնանում զգացմունքի հետ, այլ բնավորության. գեղեցկությունն ու վայելչությունը ժամանակավոր են և ունայն: Սերը ոչ միայն զգացմունք է, այլև վերաբերմունք:
1Կորնթացիների 13:4-8-ում մեզ տրված է իրական սիրո բանաձևը. «Սերը երկայնամիտ է `քաղցր է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում,չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանում...»
Եթե ուզում եք երջանիկ կյանք ու մեծ ապագա ունենալ, սիրեք Աստծո խոսքը, ծառայեք Նրան: Աստված սիրում է, Նա օրհնում է ու ամենաբարին է ցանկանում իրեն ծառայողների կյանքում»:
Ծառայությունը ավարտվեց աղոթքով, որից հետո փոքրիկ հյուրասիրության շուրջ երիտասարդները հաղորդակցվում էին և կիսվում տպավորություններով:
Կարծիքներ.
Ապագայի համար շատ կարևոր դասեր էին, որոնք կօգնեն մեզ հետագայում՝ ընտանիքը ճիշտ հիմքի վրա կառուցելու համար՝ խուսափելով սխալներից, որոնք կարող են ճակատագրրական լինել: Ստացա շատ հարցերի պատասխաններ, որոնք երկար ժամանակ է փնտրում էի, ինչի համար անչափ շնորհակալ եմ Հովվին:
Արմինե Ստեփանյան
Սեմինարները լսելով, լցված եմ շատ դրական տպավորություններով: Շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ամուսնության շեմին են, որպես իրենց կյանքի առաջնորդ ընտրեն Քրիստոսին, ու այդ ժամանակ իրենց խնդիրները կստանան լուծումներ: Կյանքի ավելի լավ ուղեկից անհնարին է գտնելը:
Լիլիթ Աղաջանյան
Շատ տպավորված եմ հովվի խոսքերից: Հասկացա, թե ոնց պետք է ապրել նախաամուսնական կյանքը և սիրելիի հարցում երկար ու ճիշտ ընտրություն կատարել: Իսկ ամուսնության ընթացքում՝ սիրել կնոջն այն սիրով, որը իրականում Աստված է պարգևել, այլ ոչ թե որպես պարտականություն, և, որ բացի կինը լինելուց, նա պետք է ամենամոտ ընկերը լինի:
Արսեն Շահբազյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214 հեռախոսահամարով։
«NG | YOUTH»